Պուտինը թույլ չի տա ՕՊԵԿ-ին նվազեցնել նավթի գները
ՕՊԵԿ + կազմակերպության նավթ արդյունահանող երկրները չորեքշաբթի հանդիպում են անցկացնելու՝ համաձայնեցնելու նավթի շուկայի կառավարման հետագա քայլերը: Այս տարի առաջին անգամ նրանք չունեն հստակ սահմանված քաղաքականություն, որը կարողանան ինքնաբերաբար հաստատել։ Այսպիսով, հանդիպումը (վիրտուալ) խոստանում է հետաքրքիր լինել։ Հայտնում է BLOOMBERG-ը։
Նավթ արտադրողների այս խումբը վերադարձրեց արդյունահանման այն ծավալները, որոնք նրանք պայմանավորվել էին կրճատել 2020 թվականի ապրիլին (գոնե տեսականորեն): Օգոստոսի թիրախային արդյունքը այն կվերադարձնի իր սկզբնական ելակետին:
Գործնականում այս կազմակերպության նավթի արդյունահանումը հետ է մնում։ Վերջինիս անդամներն օրական մոտ 2,7 մլն բարել պակաս նավթ են արդոյւնահանում մայիսին նախատեսվածից: Սա վերջին ամիսն է, որի արտադրական ամբողջական տվյալները հասանելի են:
Արտադրական պակաս ծավալի գրեթե կեսը բաժին է ընկնում Ռուսաստանին։ Փետրվարին, Ուկրաինայում հատուկ գործողություն սկսելուց հետո, որոշ եվրոպացի գնորդներ մերժեցին նրա նավթն ու նավթամթերքը: Արտահանումը ուղղելով դեպի Հնդկաստան՝ Ռուսաստանը կարողացավ խուսափել գնման արգելքի ամենածանր հետևանքներից, սակայն չկարողացավ ամբողջությամբ փոխհատուցել եվրոպական շուկայի զգալի մասի կորուստը։
ՕՊԵԿ+-ին հորդորում են ավելացնել արդյունահանումը։ Այս ամիս ( Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ ) նախագահ Ջո Բայդենը կազմակերպությանը խնդրել է ավելացնել նավթի արդյունահանումը` բարձրացող գնաճը զսպելու համար: Չորեքշաբթի օրը նախատեսված հանդիպումը առաջին հնարավորությունը կլինի բոլոր անդամների համար քննարկելու այս խնդրանքը։
Եթե OPEC +-ը լրջորեն մտածում է արդյունահանման ծավալների ավելացման մասին (դրա երաշխիքներ չկան), ապա նա կարող է մեծացնել իր բոլոր անդամների քվոտաները։ Բայց դա պարզապես կավելացնի պլանավորված և փաստացի արդյունահանման տարբերությունը, հաշվի առնելով, որ շատ քիչ երկրներ կկարողանան ավելի շատ նավթ արդյունահանել, քան ներկայումս արդյունահանում են: Գործնականում միայն Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները ունեն զգալի պաշարներ, բայց նույնիսկ այս երկրների վերաբերյալ հստակություն չկա, թե որքան կարող են ավելացնել:
Այլընտրանքային լուծում կարող է լինել այն, որ ՕՊԵԿ+-ի անդամների արդյունահանման պակասը փոխհատուցվի այն երկրների կողմից, որոնք ունեն բավականին արտադրական հզորություն։ Այսինքն՝ հնարավոր է վերաբաշխել առկա քվոտաների չօգտագործված մասը։ Սա տրամաբանական մոտեցում է, բայց մինչ այժմ ՕՊԵԿ+-ը ցանկություն չի ցուցաբերել գնալ այդ ճանապարհով։ Չօգտագործված քվոտաների վերաբաշխման ծրագրին, անշուշտ, ընդդիմություն կլինի։
Սակայն նպատակային և փաստացի արդյունահանման միջև անջրպետի ընդլայնումը կխաթարի OPEC+-ի նկատմամբ վստահությունը: Այն այլևս չի կարող հավաստիացնել, որ կկայունացնի նավթի շուկան, երբ գները բարձրանում են, իսկ նրա արդյունահանման ծրագրերը հեռու են իրականությունից:
Չեմ կարծում, որ Ռուսաստանը իր քվոտաների թեկուզ մի մասը կզիջի մյուս անդամներին՝ նույնիսկ ժամանակավոր։ Նա անպայման ինչ-որ բան կպահանջի դրա դիմաց: ՕՊԵԿ-ի երկրները զգալի քաղաքական կապիտալ են ծախսել Մոսկվային իրենց ընդլայնված կազմակերպության մեջ ներգրավելու համար և կանեն ամեն ինչ, որպեսզի այն չհեռանա։ Նրանք դժվար թե վերացնեն Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի միջև գոյություն ունեցող քվոտային հավասարությունը։ Հետևաբար, քվոտաների չօգտագործված մասի վերաբաշխումը շատ խնդրահարույց կդառնա։
Պետք չէ նաև ակնկալել, որ Ռուսաստանը կաջակցի այն միջոցառումներին, որոնք կհանգեցնեն նավթի գների զգալի նավազմանը։ Հնդկաստանի նավթավերամշակողներին համոզելու համար ռուսական նավթ գնել՝ ռուս վաճառողները ստիպված են նրանց մեծ զեղչեր առաջարկել։
Հավանաբար դա բացառում է արդյունահանման քվոտաների աճը, քանի որ նավթի գները հետագա նավազումը Ռուսաստանին չի բավարարում։ Կրեմլին հարկավոր է լցնել գանձարանը։
Սակայն ՕՊԵԿ-ի վերլուծաբանները նշում են նավթի պահանջարկի աճը: Առաջարկն ու պահանջարկը հավասարակշռելու համար՝ աշխարհին ընթացիկ եռամսյակում ՕՊԵԿ-ից օրական անհրաժեշտ կլինի գրեթե 30,5 միլիոն բարել: Սա օրական 1,74 մլն բարելով ավելին է, քան ՕՊԵԿ-ի 13 երկրներն արտադրել են հունիսին։
Սպառողները իրենց պաշարներից վերցնում են օրական ավելի քան մեկ միլիոն բարել նավթ և նավթամթերք: Այս պաշարների մեծ մասը, սակայն, կսպառվի հոկտեմբերին: Եթե ՕՊԵԿ-ը չլրացնի այս բացը, ապա կամ գները կբարձրանան, կամ անհրաժեշտություն կառաջանա կրճատել պահանջարկը։ Ամենայն հավանականությամբ մեկը մյուսին կհաջորդի։
Սա կլինի ավելի քան մեկ տարվա ընթացքում ՕՊԵԿ+-ի առաջին հանդիպումն՝ առանց նախապես համաձայնեցված արտադրական պլանի։ Վերջինս հնարավորություն կունենա ճիշտ գնահատել այն, ինչ արտաքին աշխարհը ցանկանում է իրենից։ Բայց ես մտավախություն ունեմ, որ Կրեմլի ծանր ձեռքը կկանխի նավթի գների իջեցման ցանկացած լուրջ փորձ:
Հեղինակ՝ Ջուլիան Լի