Վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից ղեկավարվող կառավարության մեկ տարվա գործունեության արդյունքները
Սեպտեմբերի 13-ին լրացավ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման մեկ տարին: Կառավարությունը ներկայացրել է այս ընթացքում երկրում արձանագրված փոփոփությունների հակիրճ հաշվետվությունը: Նոր կառավարությունը մինչև 2017 թվականի սեպտեմբերի 7-ը ընկած ժամանակահատվածում Ազգային ժողով է ներկայացրել 160 օրենքի նախագիծ և ընդունել է թվով 1351 որոշում:
2017 թվականի հունվար-հուլիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ ընդհանուր մակրոտնտեսական ցուցանիշները հետևյալն են:
Պետական բյուջեի եկամուտներն աճել են 6 տոկոսով, տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 6,2 տոկոսով:
Արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալը աճել է 12,7 տոկոսով (ամենամեծ աճն է արձանագրվել ոսկերչական արտադրատեսակների (38 տոկոս) և խմիչքների (31,6 տոկոս) արտադրության ոլորտներում), իսկ առևտուրն ու ծառայությունները աճել են մոտ 12 տոկոսով:
Գյուղատնտեսությունն անկում է գրանցել 2,1 տոկոսով, շինարարությունը՝ 8,7 տոկոսով:
Սպառողական գների ինդեքսը 0,5 տոկոսի աճ է ունեցել, 7,8 տոկոսով աճել է էլեկտրաէներգիայի արտադրությունը, իսկ միջին ամսական աշխատավարձերն աճել են 2,7 տոկոսով:
Արտաքին առևտրաշրջանառությունը աճը կազմել է 26 տոկոս, այդ թվում՝ արտահանումները՝ 21,6 տոկոսով, իսկ ներմուծումները՝ 28,5 տոկոսվ:
Զեկույցում ներկայացված են հարկային և մաքսային համակարգերում, տնտեսության ու գործարար միջավայրի, զբոսաշրջության, տարածքային կառավարման, գյուղատնտեսության, էներգետիկայի ու բնական պաշարների ոլորտներում արձանագրված դրական տեղաշարժերն ու նախագծերը: Անդրադարձ է կատարվել նաև նորաստեղծ «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի» և «Հայաստանի զարգացման հիմնադրամի» գործունեությանը: