Արցախյան ազատագրական շարժումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը
Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային խնդիրն էր: Ներկայիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմքում ընկած է Ստալինի և Կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոն կողմից կայացված որոշումը։ Հեղափոխությունից հետո բոլշևիկները հեռուն գնացող պլաններ ունեին, նախատեսում էին հեեղափոխական ալիքը տարածել Մերձավոր Արևելքում, և որպես նախահիմք էին համարում Թուրքիան[1]: Եվ միայն թուրքերին գոհացնելու համար 1921 թ. հուլիսի 5-ին Կավբյուրոն որոշում է կայացնում. «…ելնելով մուսուլմանների և հայերի միջև խաղաղության անհրաժեշտությունից, և Վերին ու Ներքին Ղարաբաղի տնտեսական կապերից, Ադրբեջանի հետ նրա մշտական կապերից, Լեռնային Ղարաբաղը թողնել Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում, շնորհելով նրան լայն մարզային ինքնավարություն…»:
Ադրբեջանական ԽՍՀ կազմում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի գտնվելու ամբողջ ժամանակահատվածում այդ հանրապետության ղեկավարությունը կանոնավոր և հետևողականորեն ոտնահարել է հայ բնակչության իրավունքներն ու շահերը: Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից վարվող խտրական քաղաքականությունը, որը դրսևորվում էր մարզի սոցիալ-տնտեսական զարգացման արհեստական կասեցման, այն Ադրբեջանի հումքային ածանցյալի վերածելու, ԼՂԻՄ հայաթափման նպատակով ժողովրդագրական գործընթացին ակտիվ միջամտության, հայկական կոթողների և մշակութային արժեքների ոչնչացման ու յուրացման փորձերի մեջ, պատճառ դարձավ, որպեսզի հայ բնակչությունը երբեք չհրաժարվի պատմական արդարության վերահաստատման և Ադրբեջանի կազմից մարզի դուրս բերմանը հասնելու մտքից: Նա դրանում էր տեսնում իր անվտանգ ապագայի միակ երաշխիքը և երբեմնի հայկական Նախիջևանի ճակատագրից խույս տալու հնարավորությունը, որտեղ նույն հանգամանքների բերումով հայ բնակչությունը 1959 թվականի մարդահամարի համաձայն, կրճատվեց մինչև 1.5 տոկոս, իսկ հետագա տարիներին հասցվեց զրոյի[2]: Այս պայքարն ընդունում էր զանազան ձևեր և մեթոդներ, թեև ադրբեջանական կողմը փորձեր էր ձեռնարկում ճնշելու այն: Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմը 20-ական թվականներին արդեն բազմիցս ստիպված եղավ քննարկման առարկա դարձնել ղարաբաղյան շարժմանն առնչվող հարցեր: 30-ական թվականներին մեղադրվերով ազգայնականության մեջ բռնադատվեցին մարզի և շրջանների բազմաթիվ ղեկավարներ:
ԽՍՀՄ կենտրոնական մարմինների առջև Լեռնային Ղարաբաղի հարցը հարուցելու փորձեր են ձեռնարկվել նաև ետպատերազմական տարիներին (1945, 1967, 1977 թվականներին): Ժողովրդի ներկայացուցիչները այդ նպատակով բազմիցս նամակներ և հանրագրեր են հղել Մոսկվա: 1965 թվականի հանրագրի ներքո դրված էր 45 հազար ստորագրություն: Այդ դիմումի հիման վրա ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղարությունը 1966 թվականին ընդունեց մի որոշում, որով Հայաստանի և Ադրբեջանի կոմկուսների կենտրոնական կոմիտեներին հանձնարարվում էր համատեղ պատրաստել Լեռնային Ղարաբաղի հարցը: Սակայն այս անգամ ևս հարցի հնարավոր լուծումը արգելակվեց Ադրբեջանի կողմից, որը աջակցություն էր ստանում ԽՍՀՄ ղեկավարության կազմի ազդեցիկ անձանցից: Ադրբեջանի իշխանությունների կողմից հրահրվեցին ազգամիջյան ընդհարումներ և ժողովրդական բողոքի ճնշման ընթացքում գնդակահարվեցին ու բանտերում վերացվեցին գրեթե 20 հայեր, մոտ 10 հոգի կորան անհայտ, ավելի քան 150 մարդ բռնադատվեց: Ավելի քան երկու տարի տևած հետապնդումների հետևանքով Ղարաբաղից հեռացան ավելի քան 100 ընտանիքներ: Հիշյալ ձեռնարկման հեղինակն ու կատարողը Ադրբեջանի ՊԱԿ-ի այն ժամանակվա ղեկավար, Հեյդար Ալիևն էր:
Ղարաբաղյան հարցի առթիվ բազմաթիվ առաջարկներ են մտցվել 1977թվականին` ԽՍՀՄ նոր սահմանադրության քննարկումների ժամանակ: Գործնականում միշտ և ամենաբարձր մակարդակներում ճանաչվել է հիմնահարցի առկայությունը, բայց սովորաբար դրա լուծումը հետաձգվել է անորոշ ժամանակով:
Ղարաբաղյան շարժման նոր փուլը մի յուրատեսակ հանրաքվեով սկիզբ առավ 1987 թվականի երկրորդ կեսերից. Լեռնային Ղարաբաղի բնակչության զանգվածային հարցման արդյունքում Հայաստանի հետ ԼՂԻՄ վերամիավորումը պաշտպանող դիմումի տակ ստորագրեց ավելի քան 80 հազար մարդ: Հենց այդ հանրաքվեն հիմք դարձավ, որպեսզի ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի նստաշրջանը 1988 թվականի փետրվարի 20-ին դիմի ԽՍՀՄ երագույն խորհրդին` մարզը Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս բերելու և Հայկական ԽՍՀ կազմ մտցնելու միջնորդագրով[3]:
ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Մ.Գորբաչովի հռչակած և ԽՍՀՄ-ում քաղաքական վարչակարգի ազատականացման սկիզբը դրած վերակառուցումը ժողովրդի կողմից ընկալվեց իբրև անցյալի սխալները շտկելու հնարավորություն[4]: Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության մեջ ևս ծնվեց այն հույսը, թե հիմնահարցը կարող է ժողովրդավարական լուծում ստանալ, և ազգամիջյան հարաբերություններում գործնական կիրառում կգտնեն միջազգային իրավական նորմերը:
1987 թվականի վերջերից սկիզբ է առնում ղարաբաղցիների ազգային-ազատագրական պայքարի արդի փուլը: Մարզի տասնյակ հազարավոր բնակիչներ մասնակցում էին հանրահավաքների և ցույցերի, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները խնդրագրերով մեկնում էին ԽՍՀՄ կենտրոնական կուսակցական և պետական մարմիններ: Հայաստանի հետ ԼՂԻՄ վերամիավորման պահանջը բովանդակող հանրագրի տակ դրված էր ավելի քան 80 հազար ստորագրություն:
1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նստաշրջանում որոշում ընդունվեց ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից հանելու և Հայաստանի կազմի մեջ մտցնելու հարցով Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդների առջև միջնորդելու մասին: Դրան նախորդել էին շրջանային խորհուրդների համանման որոշումները: Սակայն ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոն 1988 թվականի փետրվարի 21-ին ընդունեց ժողովուրդների ինքնորոշման միջազգային սկզբունքներին հակասող որոշում: Փորձ արվեց հիմնահարցի քաղաքական լուծումը փոխարինել սոցիալ-տնտեսական միջոցառումներով, ինչն էլ հարուցեց մարզի բնակչության խիստ դժգոհությունը: Օգտվելով երկրի բարձրագույն քաղաքական մարմնի անվճռական դիրքորոշումից` Ադրբեջանի կոմունիստական իշխանությունները երկու ժողովուրդների պատմությունը կեղծելու և զանգվածային լրատվամիջոցներով ազգայնական հիստերիա հրահրելու ճանապարհով, խաղաղ լուծում պահանջող հարցը տեղափոխեցին ազգամիջյան հակամարտության հարթություն: Ադրբեջանի կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի վարչական մարմինների բաժնի վարիչ Ասադովը սպառնում է մարզի տարածք «հարյուր հազար զինված ադրբեջանցիների» հնարավոր ներխուժումով:
Ադրբեջանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Ք.Բաղիրովը, հանրապետության կոմկուսի Կենտկոմի բյուրոյի անդամները և ԽՄԿԿ Կենտկոմի պրոպագանդայի բաժնի հրահանգիչ Վ.Յաշինը, որոնք փետրվարի 20-ին Ստեփանակերտ էին ժամանել մարզային խորհրդի` այդ օրը նախատեսված նստաշրջանի անցկացմանը խոչընդոտելու նպատակով, հրավիրում են կուսակցության մարզկոմի բյուրոյի նիստ, որտեղ պնդում են ընդունել այն որոշման նախօրոք պատրաստված նախագիծը, որը ստեղծված կացության համար ողջ պատասխանատվությունը դնում է մարզի կուսակցական կազմակերպության վրա: Բյուրոյի կազմը նախագիծը չընդունեց: Թեպետ պաշտոնական Բաքվի ներկայացուցիչները և կուսակցության մարզային կոմիտեի առաջին քարտուղար Բ.Կևորկովը հակազդեցություն էին ցուցաբերում, ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի նստաշրջանը այնուամենայնիվ կայացավ: Հայաստանի հետ մարզի վերամիավորման վերաբերյալ նրա ընդունած որոշմանը ադրբեջանական կողմը պատասխանեց ագրեսիայով: 1988 թվականի փետրվարի 22-ին ԼՂԻՄ-ին սահմանակից Աղդամի շրջանից դեպի Ստեփանակերտ շարժվեց մի բազմահազարանոց ամբոխ, մեծ դժվարությամբ հաջողվեց կանխել արյունահեղությունը[5]:
Լեռնային Ղարաբաղից հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա գտնվող ադրբեջանական Սումգայիթ քաղաքում 1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը տեղի ունեցած հայերի զանգվածային ջարդերն ու սպանությունները դարձան ղարաբաղյան հիմնահարցի հավանական արդարացի լուծման շրջափակման` պաշտոնական Բաքվի քաղաքականության շարունակությունը[6]: Հայերի ցեղասպանությունը, որին մինչև հիմա էլ համապատասխան քաղաքական և իրավաբանական գնահատական չի տրվել ոչ Ադրբեջանի և ոչ էլ համաշխարհային հանրության կողմից, հանգամանալից կազմակերպված է եղել. մարդիկ հակահայկական հանրահավաքների էին դուրս գալիս ձեռնարկությունների և հիմնարկների ղեկավարների ցուցումով, իսկ հռետորների դերում հանդես էին գալիս քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները: Փետրվարի 27-ի «հանրահավաքն» ավարտվեց նրանով, որ կոմունիստական կուսակցության Սումգայիթի քաղկոմի առաջին քարտուղար Մուսլիմզադեն, ձեռքը վերցնելով Ադրբեջանի պետական դրոշը, իր հետևից տարավ հսկայաթիվ ամբոխին: Ջարդ ու կոտորածի երեք օրվա ընթացքում սպանվեցին տասնյակ հայեր, որոնց մի զգալի մասը առանձին դաժանությամբ, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին, հսկայական թվով հայեր ենթարկվեցին բռնությունների, խոշտանգումների և ծաղրուծանակի, 18 հազար մարդ դարձավ փախստական:
Արցախյան համաժողովրդական շարժման ալիքի վրա ստեղծվել է «Կռունկ» ոչ պաշտոնական կազմակերպությունը, որի նախագահ դարձավ Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատի տնօրեն Արկադի Մանուչարովը: Հաշվի առնելով ստեղծված բարդ իրավիճակը` 1989 թվականի հունվարի 20-ից ԽՍՀՄ-ում առաջին անգամ ԼՂԻՄ-ում մտցվեց կառավարման հատուկ ձև: Կազմավորվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Հատուկ կառավարման կոմիտե` ԽՄԿԿ Կենտկոմի բաժնի վարիչ Ա.Վոլսկու նախագահությամբ: Սակայն իրադրության հետագա սրումը կանխելու և նրա կայունացմանը նպաստելու կոչված կոմիտեի կարգավիճակը համարժեք չէր նրա առջև դրված խնդիրներին: Դրանից օգտվեց Ադրբեջանական ԽՍՀ ղեկավարությունը, փորձելով կոմիտեին շրջանցելով, իր պայմանները թելադրել մարզին:
Մարզային կուսակցական և պետական մարմինների լիազորությունների դադարեցումը, սահմանափակիչ մյուս միջոցները կոպտորեն ոտնահարում էին ԼՂԻՄ և նրա քաղաքացիների իրավունքները: Հասունացել էր մարզի բնակչության ներկայացուցիչների համագումար հրավիրելու գաղափարը` նպատակ ունենալով ընտրել ժողովրդի ներկայացուցչական և լիազոր մարմին: Oգոստոսի 16-ին տեղի ունեցած համագումարն ընդունեց ադրբեջանական ժողովրդին ուղղված մի դիմում, որտեղ մտահոգություն էր արտահայտվում հայ և ադրբեջանական ժողովուրդների միջև օրեցօր խորացող օտարացման առթիվ, որը վերաճում էր ազգային թշնամանքի, կոչ էր արվում ճանաչել միմյանց անխախտելի իրավունքները: Համագումարը դիմում էր նաև հատուկ շրջանի պարետին, Խորհրդային բանակի և ԽՍՀՄ Ներքին գործերի ստորաբաժանումների սպաներին ու զինվորներին` առաջարկելով ակտիվ համագործակցություն ծավալել տարածաշրջանի խաղաղության ապահովման նպատակով: Համագումարն ընտրեց Ազգային խորհուրդ (նախագահ` ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Վ.Գրիգորյան), որի առջև խնդիր դրվեց գործնականում իրագործել ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 1988 թվականի փետրվարի 20-ի նստաշրջանի որոշումը:
Սակայն հայոց բնակավայրերն ավերելուն զուգընթաց պաշտոնական Բաքուն ձեռնարկեց ԽՍՀՄ համար մի աննախադեպ գործողություն` ԼՂԻՄ և Հայաստանի տնտեսական շրջափակումը` օգտվելով այն բանից, որ ժողովրդատնտեսական բեռները մատակարարվում էին Ադրբեջանի տարածքով անցնող երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներով: ԼՂԻՄ-ը փաստորեն մեկուսացած էր արտաքին աշխարհից, չէր ստանում պարեն, վառելիք և շինանյութեր, որի հետևանքով էլ կանգ առան ձեռնարկությունների մեծ մասը, անգործության մատնվեց տրանսպորտը: Գյուղացիները հնարավորություն չունեին ամբողջությամբ հավաքել և տեղափոխել բերքը, և բնակչությունը հայտնվել էր սովի եզրին: Միաժամանակ Շահումյանի շրջանում, որտեղ առկա էր հայ բնակչության ֆիզիկական բնաջնջման իրական սպառնալիք, սաստկացան ճնշումներն ու պատժամիջոցները: Դեպքերի նման զարգացումը կանխելու համար ժողովրդական պատգամավորների շրջանային խորհրդի հուլիսի 26-ի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց շրջանը ԼՂԻՄ կազմի մեջ մտցնելու վերաբերյալ:
Իրենց տրամադրության տակ չունենալով պաշտպանության համար բավարար միջոցներ և հնարավորություններ` Լեռնային Ղարաբաղի իշխանության մարմինները բազմիցս դիմել են ԽՍՀՄ ամենաբարձր ատյանների օգնությանը: Բայց վերջիններիս կողմից արյունահեղությունը կանխելու միջոցներ չձեռնարկվեցին: Փաստորեն անպատասխան մնաց նաև Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի նախագահության դիմումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` երկրամասի հայ բնակչությանը զորակցելու խնդրանքով: Ավելին, ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը 1989թ. նոյեմբերի 28-ին ընդունեց որոշում, որով փաստորեն նախատեսվում էր Լեռնային Ղարաբաղը պահել Ադրբեջանական ԽՍՀ կազմում: ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը, լուծարելով Հատուկ կառավարման կոմիտեն, փոխարենը ստեղծեց Ադրբեջանական ԽՍՀ ԼՂԻՄ Կազմակերպական կոմիտեն, ուղղակիորեն մատնացույց չանելով, ինչպես նշված է ԽՍՀՄ սահմանադրական հսկողության կոմիտեի 1991թ. նոյեմբերի 28-ի որոշման մեջ, նրա ստեղծման նպատակները և իրավասությունը: Հետագայում Կազմկոմիտեն, ԽՍՀՄ ներքին գործերի և Խորհրդային բանակի աջակցությամբ մշակեց և իրականացրեց Լեռնային Ղարաբաղի և մերձակա շրջանների հայ բնակչության տեղահանության գործողություններ:
1989թ. դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ երագույն խորհուրդը և ԼՂԻՄ Ազգային խորհուրդը, «հիմնվելով ազգերի ինքնորոշման համամարդկային սկզբունքների վրա և արձագանքելով հայ ժողովրդի` բռնությամբ տարանջատված երկու հատվածների վերամիավորման օրինական ձգտմանը», համատեղ նիստում ընդունեցին որոշում Հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին: Անհապաղ հետևեց Ադրբեջանի ղեկավարության արձագանքը. սկիզբ առավ սադրիչ գործողությունների մի նոր ալիք` օգտագործելով ադրբեջանական իշխանությունների ազդեցության ներքո գտնվող հատուկ շրջանի պարետատունը և ԽՍՀՄ ներքին զորքերին:
Էթնիկ զտումների և ազգամիջյան թշնամանքի հրահրման քաղաքականության շարունակությունը դարձան 1990 թվականի հունվարին տեղի ունեցած զինված ջարդերը Ադրբեջանական ԽՍՀ մայրաքաղաք Բաքվում, որոնց հետևանքով զոհվեցին հարյուրավոր հայեր, սկիզբ առավ փախստականների մի նոր ալիք: Բաքվում կատարված զանգվածային հանցագործությունները իրենց դաժանությամբ չէին զիջում սումգայիթյան դեպքերին. մարդկանց ողջակիզում էին, խոշտանգում դանակներով, ծեծում երկաթյա ձողերով և հասցնում մահվան: Վկայություններ կան նույնիսկ մարդակերության դեպքերի մասին: Օգտվելով այն բանից, որ միութենական մարմինների կողմից գործուն միջոցներ չեն ձեռնարկվում հայերի ցեղասպանության դադարեցման համար, 1989թ. հուլիսին, որպես ընդդիմադիր կուսակցություն ձևավորված Ադրբեջանի ժողովրդական ճակատը, պաշտոնական իշխանությունների լուռ համաձայնությամբ, զինված հարձակում ձեռնարկեց Շահումյանի և Խանլարի շրջանների հայկական գյուղերի վրա: Հայաստանի և Ադրբեջանի սահմանում սկսվեցին մարտական գործողություններ:
Հաշվի առնելով ստեղծված կացությունը` ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը իր 1990 թվականի հունվարի 15-ի հրամանագրով արտակարգ դրություն է մտցնում ԼՂԻՄ-ում, նրա սահմանակից ադրբեջանական շրջաններում, Հայկական ԽՍՀ Գորիսի շրջանում, ինչպես նաև Ադրբեջանական ԽՍՀ տարածքում, ԽՍՀՄ պետական սահմանի երկայնքով ընկած սահմանային գոտում: Պետական իշխանության և կառավարման մարզային ընտրովի մարմինների լիազորությունների դադարեցումից հետո մարզի բոլոր գործերի վարումը իր վրա վերցրեց զինվորական պարետատունը, որը փաստորեն ռազմական դրություն էր հաստատել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Նրա աջակցությամբ սկսեց ակտիվանալ Ադրբեջանի հանրապետական մարմինների գործունեությունը: Սաստկացավ բռնադատումների, էթնիկ զտումների և սպառնալիքի քաղաքականությունը: Ղարաբաղյան շարժման ավելի ու ավելի մեծ թվով ակտիվիստներ ենթարկվում էին հետապնդումների: Զանազան պատրվակներով նրանց հանդեպ գործեր հարուցվեցին, որոնց հիման վրա կատարվում էին ձերբակալություններ:
1991թ. սկզբներից Ադրբեջանի ղեկավարությունը ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի հայ բնակչության իրավունքները ոտնահարող նոր գործողություններ ձեռնարկեց: Հունվարի 2-ին Ադրբեջանի հեռուստատեսությունը հաղորդեց Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի հրամանագիրը` ԼՂԻՄ-ում և նրան հարակից ադրբեջանական շրջաններում նախագահական կառավարում մտցնելու մասին: Մարզում տարածվեցին հայ ժողովրդին ուղղված թռուցիկներ` ամենասեղմ ժամկետներում Լեռնային Ղարաբաղի սահմանները թողնելու վերջնագրով:
Հունվարի 14-ին Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահությունը որոշում ընդունեց երկու հարևան` հայկական Շահումյանի և ադրբեջանական Կասում Իսմայլովի շրջանները միավորելու մասին` նրանց տալով մեկ անվանում` երանբոյի շրջան: Ակնհայտորեն Ադրբեջանի ղեկավարության նպատակն էր վերացնել ևս մեկ հայկական շրջան` տեղահանելով նրա արմատական բնակչությանը և հայկական գյուղերը բնակեցնելով ադրբեջանցիներով: Այդ ժամանակ Շահումյանի շրջանում ապրում էր շուրջ 20 հազար մարդ, որի 82 տոկոսը կազմում էին հայեր:
Հունվարի 22-ին Ադրբեջանի օմօնը Ստեփանակերտի օդանավակայանում կոպտորեն պահեց և Բաքու ուղարկեց ՌԽՖՍՀ մի խումբ պատգամավորների, որոնք ՌԴ առաջադրանքով մարզ էին ժամանել` իրավիճակն ուսումնասիրելու նպատակով:
Լեռնային Ղարաբաղում և հարակից հայկական շրջաններում իրավիճակն ավելի ու ավելի էր շիկանում: Հայ ժողովրդի դեմ ուղղված պատժամիջոցներից հայտնի է «Օղակ» գործողությունը, որը 1991 թվականի ապրիլի վերջերին մայիսի սկզբներին անցկացվեց Ադրբեջանի միլիցայի հատուկ նշանակության ջոկատների և ԽՍՀՄ ՆՆ համատեղ ուժերով: «Անձնագրային ռեժիմի ստուգման» պատրվակով իրականացվեց պետական ահաբեկչության աննախադեպ ակտ, որը հետապնդում էր շարժումը գլխատելու, ազգային միասնությունը խարխլելու նպատակ: Առաջին զոհերը դարձան Ադրբեջանի Խանլարի շրջանի հայկական Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի բնակիչները: Արական բնակչությունը դուրս տարվեց անհայտ ուղղությամբ, «անձնագրային ռեժիմի ստուգումն» ուղեկցվում էր բռնությամբ, թալանով, ավազակություններով: Երեք շաբաթվա ընթացքում տեղահանվեց Ղարաբաղի 24 գյուղերի բնակչությունը. Խանլարի շրջանում` 2, Շահումյանի շրջանում` 3, Հադրութի շրջանում` 15 և Շուշիի շրջանում` 4: Ղարաբաղում և Հայաստանի սահմանամերձ գոտում սպանվեց ավելի քան հարյուր, պատանդ վերցվեցին հարյուրավոր մարդիկ:
Ապրիլի 24-ին Հայաստանի նախագահը նամակ հղեց ԽՍՀՄ ղեկավարներին` խնդրելով շտապ միջոցներ ձեռնարկել տարածաշրջանի հայ բնակչության պաշտպանության և անվտանգության երաշխիքների ապահովման համար: Մայիսի 3-ին համանման խնդրանքով ԽՍՀՄ նախագահ Մ.Գորբաչովին դիմեց Հայաստանի կուսակցական ակտիվը: Մայիսի 4-ին տեղի ունեցան Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումները Միխայիլ Գորբաչովի և Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի հետ, սակայն դրանք անցան անարդյունք: ԽՍՀՄ ՆՆ զորքերը և ադրբեջանական օմօնականները առաջվա պես շարունակում էին պատժիչ գործողությունները: Իրադարձությունների զարգացումը տանում էր դեպի լայնածավալ պատերազմ:
ԽՍՀՄ-ն մայիսի 6-ին քննարկեց Հայաստանի պահանջը` ԼՂԻՄ-ում տիրող իրադրության և ադրբեջանա-հայկական հարաբերությունների կտրուկ սրման առթիվ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների համագումար հրավիրելու մասին: Որոշվեց հիմնախնդրի քննարկումը շարունակել ԽՍՀՄ ազգությունների խորհրդի հանձնաժողովում: Մինչդեռ նույն օրը Գետաշենից ռազմական ուղղաթիռներով Ստեփանակերտ տեղափոխվեցին 700 հայ փախստականներ:
Հասարակական կազմակերպությունների կողմից մայիսի 7-ին Ստեփանակերտում նախատեսված բողոքի հանրահավաքը արգելվեց զինվորական պարետատան կողմից: Նախօրյակին քաղաքով մեկ շրջող զրահամեքենաները բարձրախոսներով ժողովրդին իրազեկում էին, թե անհնազանդության դեպքում զենք է կիրառվելու:
Լեռնային Ղարաբաղում ստեղծված ծայրահեղ կացության առթիվ մարզխորհրդի գործկոմը արտակարգ դրություն հայտարարեց մարզում` այդ մասին հայտնի դարձնելով համաշխարհային հանրությանը: Նույն օրը մարզկոմը դիմեց ՄԱԿ-ին և աշխարհի մի շարք երկրների ղեկավարությանը` խնդրելով քաղաքական ապաստան տալ ԼՂԻՄ հայ բնակչությանը և դրանով իսկ նրան փրկել ֆիզիկական բնաջնջումից:
1991 թվականի հունիսի 19-ին տեղի ունեցավ մարզխորհրդի գործկոմի ընդլայնված նիստ, որտեղ մշակվեցին մարզի քաղաքական և տնտեսական իրավիճակի կայունացմանը միտված միջոցառումներ: Ղեկավարությունը որոշում ընդունեց հասնել նրան, որպեսզի վերականգնվեն ժողովրդական պատգամավորների ԼՂԻՄ խորհրդի լիազորությունները, անցկացվեն մարզխորհրդի նոր ընտրություններ, մշակվի Արցախի գոյատևման ծրագիր և մանրակրկիտ աշխատանք կատարվի Ադրբեջանի ագրեսիային զինված դիմադրություն ցույց տալու համար: Ադրբեջանական ղեկավարության հետ բանակցություններ վարելու համար կազմվեց ներկայացուցչական պատվիրակություն: Բաքվում կայացած բանակցությունների շնորհիվ հաջողվեց հաստատել ժամանակավոր խաղաղություն:
Հունիսի 24-ին ԼՂԻՄ պատվիրակությունը մեկնեց Մոսկվա` հանդիպելու երկրի ղեկավարության հետ` նպատակ ունենալով քննարկել իշխանության մարզային մարմինների գործառույթների վերականգնման և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ ադրբեջանական կողմի հետ հնարավոր երկխոսության հարցը: Հունիսի 29-ին պատվիրակությանն ընդունեց ԽՍՀՄ փոխնախագահ .Յանաևը, որը հավանություն տվեց նրա նախաձեռնությանը և խոստացավ օժանդակել երկխոսությանը և ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ լուծմանը: Անհաջողության մատնվեցին ԽՍՀՄ նախագահ Մ.Գորբաչովի հետ հանդիպելու` պատվիրակության փորձերը: Նույն օրը ԼՂԻՄ ներկայացուցիչներին ընդունեց ԽՍՀՄ Խ նախագահ Ա.Լուկյանովը, որն արտահայտվեց ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի վերականգնման անհրաժեշտության օգտին և խոստացավ պատվիրակություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ` իրավիճակն ուսումնասիրելու նպատակով: Հանդիպումներ կայացան նաև ԽՍՀՄ պաշտպանության նախարար Դ.Յազովի, Ներքին գործերի նախարար Բ.Պուգոյի, ԽՍՀՄ գլխավոր դատախազի տեղակալ Տրուբինի, ԽՍՀՄ նախկին արտաքին գործերի նախարար Է.Շեվարդնաձեի հետ: Սակայն, այդ հանդիպումները գործնական արդյունքներ չտվեցին:
Ադրբեջանական ղեկավարությունը շարունակում էր հայ բնակչության տեղահանման քաղաքականություն` այն ներկայացնելով որպես կամավոր վերաբնակեցում: Գործողությունը ուղեկցվում էր կոպիտ ուժի և զենքի կիրառմամբ, սպանություններով և խեղումներ պատճառելով, կողոպուտով ու ավազակություններով:
Հուլիսի 19-ին տեղի ունեցավ ժողովրդական պատգամավորների ԼՂ մարզային խորհրդի նիստը, որտեղ քննարկվեց հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ ադրբեջանական կողմի հետ երկխոսություն սկսելու հարցը: Հուլիսի 20-ին ԼՂԻՄ պատվիրակությունը Բաքվում հանդիպեց Ադրբեջանի նախագահ Ա.Մութալիբովի հետ, սակայն կոնկրետ արդյունք ձեռք չբերվեց:
Ղարաբաղցիների ազգային-ազատագրական շարժման բեկումնային փուլ դարձավ սեփական պետականության` որպես բնակչության և նրա բնակության տարածքի անվտանգության ապահովման միջոցի ստեղծումը:
Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում կայացավ ԼՂ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որը ժողովրդի կամքի ազատ արտահայտման հիման վրա ընդունեց հռչակագիր ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին: ԼՂՀ գործկոմի նախագահ ընտրվեց Լեոնարդ Պետրոսյանը: Փաստորեն դրան ի պատասխան ադրբեջանական կողմն առաջին անգամ Ստեփանակերտը հրետակոծեց «Ալազան» տեսակի հրթիռակայանքից, ինչը հետագայում պարբերական դարձավ:
Սեպտեմբերի 22-ին խաղաղարար առաքելությամբ Ստեփանակերտ ժամանեցին Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներ Բ.Ելցինը և Ն.Նազարբաևը, որոնց ուղեկցում էր Ա.Մութալիբովը: Հաջորդ օրը Ժելեզնովոդսկում /Ռուսաստան/ Բ.Ելցինի և Ն.Նազարբաևի նախաձեռնությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունների միջև կայացան բանակցություններ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ, որոնց արդյունքում ընդունվեց համատեղ կոմյունիկե: Պատվիրակությունը գլխավորում էր արցախյան ազգային-ազատագրական շարժման ղեկավարներից մեկը’ Ռոբերտ Քոչարյանը: Բ.Ելցինի և Ն.Նազարբաևի միջնորդական նախաձեռնությունը չհանգեցրեց Լեռնային Ղարաբաղի իրավիճակի բարելավմանը: Ընդհակառակը, ադրբեջանցիները կտրուկ սաստկացրին հրետակոծումները և հայկական բնակավայրերի վրա կատարվող հարձակումները, որոնք բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ դարձան: Հոկտեմբերի 15-ին Ժելեզնովոդսկի փաստաթղթի կատարման ընթացքին ծանոթանալու համար Բաքու ժամանեցին Ռուսաստանի և Ղազախստանի նախագահների ներկայացուցիչները: Նրանց ընդունեց Ադրբեջանի նախագահ Ա.Մութալիբովը, որը հայտարարեց, թե Լեռնային Ղարաբաղի հարցը իրավազոր է լուծելու միայն Ադրբեջանը, և ոչ ոք չպիտի միջամտի իր ներքին գործերին: Մինչդեռ Բաքվում ամեն օր տեղի էին ունենում Ադրբեջանի ժողովրդական ճակատի հակահայկական հանրահավաքներ, որտեղ Ղարաբաղը նվաճելու նպատակով կանոնավոր բանակ ստեղծելու կոչեր էին հնչում:
Նույն թվականի նոյեմբերի 23-ին Ադրբեջանն օրենք ընդունեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը լուծարելու մասին, որի համաձայն ԼՂԻՄ-ը վերացվեց իբրև ազգային տարածքային կազմավորում, իսկ ԼՂ շրջանները վերանվանվեցին և վերաենթարկվեցին նորաստեղծ վարչական կենտրոններին: 1991 թվականի նոյեմբերի 28-ի որոշման մեջ ԽՍՀՄ սահմանադրական հսկողության կոմիտեն Ադրբեջանի օրենսդիր մարմնի այդ ակտը դատապարտեց որպես ԽՍՀՄ Սահմանադրության մեջ ամրագրված` ԼՂԻՄ կարգավիճակը խախտող ակտ:
Ղարաբաղցիների ազգային-ազատագրական պայքարի կարևոր փուլ դարձավ 1991 թ. դեկտեմբերի 10-ի համահանրապետական հանրաքվեն, որի մասնակիցների 98 տոկոսը քվեարկեց ԼՂՀ անկախության օգտին: Դեկտեմբերի 28-ին ԼՂՀ-ում տեղի ունեցան հանրապետության ընտրություններ, որոնք անցան ադրբեջանական բանակի ինտենսիվ հրետակոծության ներքո: 1992 թվականի հունվարի 6-ին ԼՂՀ նորընտիր օրենսդիր մարմինը, ելնելով ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իրավունքից և հիմնվելով հանրաքվեի միջոցով ԼՂ ժողովրդի ազատ կամքի արտահայտման վրա, ընդունեց ԼՂՀ պետական անկախության մասին հռչակագիրը: Նույն օրը պատգամավորները դիմեցին ՄԱԿ-ին, աշխարհի բոլոր պետություններին` խնդրելով ճանաչել ԼՂՀ-ն և օգնել կանխելու Արցախի հայերի ցեղասպանությունը: Հաջորդ օրը նստաշրջանը ընտրեց հանրապետության օրենսդիր մարմնի ղեկավարին. ԼՂՀ առաջին նախագահ դարձավ 32-ամյա Արթուր Մկրտչյանը: Նախարարների խորհրդի նախագահ հաստատվեց Օլեգ Եսայանը: Դրանից հետո սկսվեցին ադրբեջանական ռազմական գործողությունները, որոնցում ամրագրված հաղթանակով ամրապնդվեց Արցախի անկախությունը[7]:
[1] Այս մասին որպես չեզոք գիտական տեսակետ տե՛ս Service R., Stalin: A Biography. Cambridge: Harvard University Press, 2006, էջ 204:
[2] http://gov.nkr.am/?section=resources/index&type=9&subtype=47
[3] Մանրամասն տե՛ս http://encyclopedia.am/pages.php?bId=2&hId=1389
[4] Соргин В., Перестройка: итоги и уроки (1992) — http://ecsocman.hse.ru/data/260/204/1217/15_SOgrin.pdf
[5] http://gov.nkr.am/?section=resources/index&type=9&subtype=47
[6] http://www.polit.ru/article/2008/03/07/sumgait/
[7] http://www.nkr.am/hy/the-war-of-19911994/83/