Ամերիկյան պատժամիջոցները վտանգում են Ռուսաստանի պաշտպանական ոլորտի ծրագրերի ֆինանսավորումը. Bloomberg
«Bloomberg» գործակալության տեղեկություններով ռուսական «Сбербанк» և «ВТБ» բանկերը տարբերակներ են որոնում Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները շրջանցնելու համար, որպեսզի ռուսական պաշտպանական ոլորտի ծրագրերի ֆինանսավորումը սպառնալիքի տակ չհայտնվի:
Օգոստոսին Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր պատժամիջոցների օրինագիծը նրան հնարավորություն են տալիս սահմանափակումներ կիրառել այն ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, ովքեր ռուսական ռազմական և հետախուզական ոլորտներին առնչվող գործարքներում նշանակալի դեր ունեն: Մասնավորապես, Վաշինգտոնը կարող է արգելել այդ անձանց կամ կազմակերպությունների մուտքը ամերիկյան ֆինանսական համակարգ և սառեցնել ԱՄՆ-ում գտնվող ակտիվները:
Սա կարող է նաև ազդել ռուսական «Сбербанк» և «ВТБ» բանկերի վրա, որոնք ՌԴ պաշտպանական գերատեսչության պատվերների համար զգալի փոխառություններ են տրամադրում: Եթե այդպիսի որոշում ընդունվի, այդ վարկային հաստատությունները չեն կարողանան ԱՄՆ ֆինանսական ինստիտուտների իրենց հաշիվներով օպերացիաներ իրականացնել և ամերիկյան դոլար ձեռք բերել:
Նման պայմաններում Ռուսաստանի իշխանությունները տարբերակներ են փնտրում առկա իրավիճակից ելք գտնելու համար: Հնարավոր ուղիներից մեկն է նոր պետական բանկի ստեղծումը, որը դրամական միջոցներ կփոխանցի պաշտպանական պահանջմունքների բավարարման համար: Մյուս ուղին է անմիջապես Ֆինանսների նախարարության ռեսուրսներից ֆինանսավորումը, ինչը կարող է հանգեցնել պետական պարտքի աճին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից օգոստոսի 2-ին ստորագրված օրինագիծը վերաբերում էր Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների խստացմանը: Սահմանափակող միջոցները կարող են տարածվել այն անձանց նկատմամբ, ովքեր առնչություն ունեն կիբերհարձակումների հետ և խախտում են պատժամիջոցների ռեժիմը: Տուգանային միջոցները կարող են լինել ակտիվների սառեցումից մինչև վիզաների չեղարկումը, որը տարածվում է ոչ միայն խախտումներն իրականացնողների նկատմամբ, այլև նրանց մերձավոր բարեկամներին հանդեպ: Խստացումներն առնչվում էին նաև ֆինանսական ոլորտին: