Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ՀՆԱ-ի ցուցանիշները Միության կազմավորումից առաջ և հետո
2015 թվականի հունվարի 1-ին ձևավորվեց Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ կազմավորման ժամանակագրությունը). կազմակերպության հիմնադիր անդամներին էին Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը: Հունվարի 2-ից ԵԱՏՄ անդամ դարձավ նաև Հայաստանը, իսկ օգոստոսի 12-ին կառույցն ընդլայնվեց 5-րդ երկրով՝ Ղրղզստանով:
Այսօր Միության 20,2 մլն քկմ տարածքով և 184 մլն բնակչության ընդհանուր տնտեսական տարածք է և մաքսային միություն: Այստեղ պետք է նշել, որ Կրեմլի պլաններով նախատեսվում էր հիմնել քաղաքական կառույց, որը կունենար նաև իր վերպետական խորհրդարանը Եվրամիության խորհրդարանի նմանությամբ (Մոսկվան ԵԱՏՄ-ն դիտարկում է որպես իր ռեգիոնալ աշխարհաքաղաքական նպատակների իրագործման միջոց), սակայն Միության հիմնադիր մյուս անդամները դեմ էին դրան, այն է թե իրենց պետական սուվերենիտետի կրճատմամբ: Արդյունքում ձևավորվեց կոմպրոմիսային շեշտված «տնտեսական» միությունը:
ԵԱՏՄ լոկոմոտիվն ինքնին պարզ է, որ Ռուսաստանի Դաշնությունն է, որին բաժի է հասնում Միության անդամ երկրների համախառն ներքին արդյունքի 85-86 տոկոսը: Արդյունքում Ռուսաստանում տեղի ունեցող տնտեսական փոփոխությունները կանխորոշում են ընդհանուր Միության տնտեսական ցուցանիշները: Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիայի հիմնավորմամբ Արևմուտքի գործադրած պատժամիջոցները շեշտակի հարված հասցրեցին ռուսական տնտեսությանը, ինչն էլ իր հերթին ստվերեց ԵԱՏՄ գործունեության տնտեսական նպատակահարմարությունը:
Վերջին 3 տարվա ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների անվանական համախառն ներքին արդյունքը կրճատվել է ավելին քան 38 տոկոսով (920 մլրդ դոլարով): Ամենավատ ցուցանիշն արձանագրել են Ղազախստանը (42,3 տոկոս) և Ռուսաստանը (38,4 տոկոս), այս երկրների տնտեսության առյուծ բաժինը կազմում են նավթի և նավթամթերքի վաճառքը, իսկ քանի որ 2013 թվականի համեմատության նավթի գինը կրկնակի անկում է ապրել, նման արդյունքը կանխատեսելի էր: 2013-2016 թվականներին Բելառուսի ՀՆԱ-ն կրճատվել է 31,9 տոկոսով, իսկ Ղրղզստանինը՝ 10,7 տոկոսով:
ԵԱՏՄ անդամ միակ երկիրը, ում անվանական ՀՆԱ-ն դիտարկվող ժամանակահատվածում չի կրճատվել, Հայաստանն է: 2013 թվականի մեր երկրի համախառն ներքին արդյունքը կազմում էր 10 մլրդ 431 մլն դոլար, 2014 թվականին կրճատվել է 1,5 տոկոսով (152 մլն դոլարով), 2015-ին՝ աճել 2,4 տոկոսով (250 մլն դոլարով), և 2016-ին՝ կրճատվել 0,3 տոկոսով (30 մլն դոլարով): Ընդհանուր առմամբ Հայաստանի ՀՆԱ-ն 2013-2016 թվականերին աճել է 0,65 տոկոսով (68 մլն դոլարով):
ԵԱՏՄ բոլոր երկրների 2013-2016 թվականների անվանական ՀՆԱ-ի ցուցանիշները հետևյալն են (տվյալներն ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի).
ԵԱՏՄ | Ռուսաստան | Ղազախստան | Բելառուս | Հայաստան | Ղրղզստան | |
2013 թ.
(մլն դոլար) |
2.400.484 | 2.079.134 | 231.876 | 71.710 | 10.431 | 7.333 |
2014 թ.
(մլն դոլար) |
2.163.541 | 1.857.461 | 212.260 | 76.139 | 10.279 | 7.402 |
2015 թ.
(մլն դոլար) |
1.623.789 | 1.365.865 | 184.388 | 56.329 | 10.529 | 6.678 |
2016 թ.
(մլն դոլար) |
1.480.385 | 1.280.731 | 133.757 | 48.847 | 10.499 | 6.551 |
2013-2016 թթ. տարբերությունը (%) | -38,3 | -38,4 | -42,3 | -31,9 | 0,7 | -10,7 |