Վլադիմիր Պուտինի հզորության գաղտնիքը, երեք առանցքային գործիքները. CNN
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի բնակչության զգալի աջակցությունն ունի և բավական երկար ժամանակ իշխանության ղեկին է: Դրա համար նրան անվանում են աշխարհի ամենաազդեցիկ մարդը: Որն է ՌԴ նախագահի հզորության աղբյուրը, այդ հարցին է անդրադարձել ամերիկյան «CNN» հեռուստաընկերության հաղորդավար Ֆիլ Բլեքը:
Պուտինն ունի երեք առանցքային գործիքներ՝ կիբերզինամիջոցներ, ռազմական հզորություն և անձի պաշտամունք: Դրանց միասնությունը ձևավորում է ազդեցության բավականին արդյունավետ համակարգ:
Մոսկվան հերքում է ռուս հաքերների միջամտությունը ամերիկյան ընտրություններին: Ռուսներին մեղադրում են նաև այլ երկրների, ինչպես Էստոնիայի կամ Ուկրաինայի համակարգչային ցանցերի ուղղությամբ կիբերհարձակումների համար: Սակայն Մոսկվան այդ մեղադրանքները ևս անհիմն է համարում: Ռուսաստանը հսկայական հաքերային հնարավորություններ ունի ինչպես պետական մակարդակում, այնպես էլ քրեական ոլորտում: Դրա հետքերը տանում են ԽՍՀՄ ժամանակաշրջան, երբ համալսարանները կողմնորոշված էին միջազգային մակարդակի ինժեներներ պատրաստելու ուղղությամբ:
Պուտինի իշխանությունը բավականին աճում է զգալի ներուժ ունեցող ռուսական զինված ուժերի անձնական վերահսկողության շնորհիվ: Զենքի մեծ մասը, ներառյալ միջուկային զինանոցը, նույնպես խորհրդային ժառանգություն են: Պուտինը ռուսական բանակի արդիականացման համար հսկայական միջոցներ է ներդրել: Սակայն մի շարք փորձագետներ գտնում են, որ ռուսական զենքը սահամանափակ հնարավորություններ ունի զինուժը հեռավոր երկրներում գործի դնելու համար:
Ռուսաստանի նախագահի հզորության առանցքային աղբյուրներից մեկն է քաղաքացիների շրջանում նրա անհավանական ժողովրդականությունը: Միջազգային առաջնորդները որքան ավելի շատ են քննադատում Պուտինի վարքագիծը, ՌԴ բնակչությունն այդքան ավելի շատ է աջակցում նախագահին: Պուտինի հանդեպ վստահության մակարդակը շեշտակիորեն բարձրացավ Ուկրաինայում, ապա նաև Սիրիայում տեղի ունեցած դեպքերից հետո: Պատճա՞ռը: Բազում ռուսներ հիրավի ցանկանում են, որ իրենց երկիրը միջազգային իրադարձությունների վրա ազդեցություն ունենա՝ հաշվի չառնելով անգամ բացասական հետևանքները, ինչպես պատժամիջոցների գործադրումը և կյանքի որակի անկումը:
Վլադիմիր Պուտինը օգուտ է քաղում նաև քաղաքական համակարգից ու լրատվական դաշտից, ուր նախագահի հասցեին քննադատության հարցում հանդուրժողականություն բացարձակապես չկա: Անկասկած, Պուտինը հզոր ու անկանխատեսելի առաջնորդ է, սակայն միևնույն ժամանակ նրա գործողությունները սահմանափակված են լուրջ խնդիրներով: Ռուսաստանի տնտեսությունը չի զարգանում: Դրա համար էլ գոյություն ունի մեկ այլ տեսություն Պուտինի և նրա ազդեցության համակարգի մասին. նա վատ խաղաքարտերով շատ լավ է խաղում: