Քաղաքական կանխատեսման մեթոդներն ու քաղաքագիտական տեղեկությունների որակի չափանիշները
Քաղաքագիտական հիմնավորված կանխատեսումների մշակումը անհրաժեշտ է ցանկացած պետության համար: Հայաստանի Հանրապետությունը կրելով քաղաքական համակարգի հիմնային պարամետրերի լուրջ փոփոխություն, այդ իմաստով բացառություն չէ: Մեր երկրի քաղաքական զարգացման բազմակողմ խնդիրների լուծման հիմնախնդիրները և դրանց հետ կապված քաղաքական գործընթացների կանխատեսման կոնկրետ տեխնոլոգիաների և ընդհանուր մեթոդաբանության կատարելագործման գործուն միջոցների որոնումների արդիական հարցերն այսօր առաջ են բերում ակադեմիական և իշխանական մակարդակներում իսկական հետաքրքրություն: Չէ որ քաղաքական փոփոխությունների համապատասխան ու ժամանակակից կանխատեսումը հանդիսանում է ճիշտ ռազմավարության կերտման և արդյունավետ կառավարման փորձի, քաղաքական գործընթացներում ամբողջական փոխազդեցության գլխավոր պայմաններից մեկը: Դա իր հերթին ապահովում է ամբողջ քաղաքական-իշխանական հարաբերությունների և փոխազդեցության համակարգերի պահանջվող կայունությունը և հաստատուն զարգացումը:
Այսօր քաղաքական երևույթների և գործընթացների հեռանկարների քաղաքական կանխատեսման առումով լուրջ առաջընթաց է նկատվում: Վերջին տարիներին սոցիալական-քաղաքական գործընթացները բնութագրվում են նրանով, որ հասարակական-քաղաքական կյանքին առավել ակտիվ մասնակցություն են ցուցաբերում հանրապետության բոլոր վարչական տարածքները, որպես քաղաքական սուբյեկտներ: Դա կարևորություն է ստանում հատկապես ընտրական կամպանիաների նախապատրաստման առումով: Այս կապակցությամբ ակնհայտ է դառնում, որ ընտրությունների արդյունքերն ու ճակատագիրը, հետևաբար և քաղաքական կարգավորման բնույթը պայմանավորվում են հանրապետության ողջ տարածքային սուբյեկտների ակտիվ մասնակցությամբ: Ելնելով այս ամենից, սոցիալ-քաղաքական իրավիճակի զարգացման կանխատեսումը դառնում է կարևորագույն խնդիր, որը թույլ է տալիս ապահովել քաղաքական համակարգի ու նրա առանձին տարրերի շատ դեպքերում կանխատեսելի և սպասելի զարգացումները:
Իսկ ինչ է բուն քաղաքական կանխատեսումը: Քաղաքական կանխատեսումն ապագայում կատարվելիք քաղաքական իրադարձության, դեպքերի (երևույթների) զարգացման հնարավոր տարբերակների, դրանց իրականալիության այլընտրանքային ուղիների և ժամկետների վերաբերյալ գիտականորեն հիմնավորված դատողությունների մշակման գործընթաց է, որի միջոցով ներկա իրականության պայմաններում սահմանվում են կոնկրետ երաշխիքներ պրակտիկ գործունեության համար:
Ընդհանուր առմամբ այժմ առանձնացվում են կանխատեսման ավելին քան 150 մեթոդներ[1], նշենք դրանցից առավել կարևորները.
Համեմատության մեթոդ, որի նպատակն է ինչպես պատմական համեմատությունների հետ քաղաքական գործընթացների, այնպես էլ միաժամանակյա քաղաքական գործընթացների համադրումը:
Մոդելավորման մեթոդ, որի նպատակն է կազմել սցենարներ և դրանց միջոցով ներկայացնել քաղաքական իրադարձությունների տրամաբանական հաջորդաականությւնը:
Էքստրապոլյացիա (արտարկում), որի նպատակն է անցյալի բազայի վրա շարունակել ապագայի քաղաքական գործընթացների զարգացման միտումների հետազոտման աշխատանքները:
Վիճակագրական մեթոդ, որի նպատակն է քաղաքական կայնքի տարբեր կողմերի մասին վիճակագրական ցուցանիշների միջոցով տվյալ երևույթի իրականություն դառնալու հավանականության աստիճանի որոշում:
Փաստագրական մեթոդ, որի նպատակն է որպես սոցիալական ինգորմացիայի աղբյուրի փաստագրական նյութի նկարագրման, տեղեկությունների արժանահավատության և ժամանակարության դասակարգման և վերլուծության միջոցով ապահովել հնարավոր զարգացման որևէ տարբերակի իրականացման բազան:
Հարցման մեթոդ (ինտերվյու, թեստ և այլն), որի նպատակն է անմիջական կամ հեռակա հարցման միջոցով նախնական ստացված սոցիոլոգիական ինֆորմացիայի հիման վրա ճանաչվում և վերահսկվում է հասրակական տրամադրությունների փոփոխման դինամիկան:
Անկետավորման մեթոդ, որի օգնությամբ վերլուծվում է հարցման ճանապարհով հավաքված ամբողջ տեղեկատվությունը:
Փորձագիտական գնահատման մեթոդը, որի հիմնական նպատակն է բացահայտել քաղաքական գործընթացների զարգացման միտումները: Այս վերջին մեթոդի պարզաբանման էլ անդրադառնանք առավել մանրամասն:
Ընդհանուր առմամբ փորձագիտական տեղեկատվությունը ժամանակակից քաղաքական կանխատեսումների (պրակտիկորեն կիրառվող և զանգվածային լրատվամիջոցների կողմի ներկայացվող) առավել տարածված մեթոդներից է: Այստեղ ինքնին առաջնային պլան է դուրս գալիս տվյալ ենթադրությունները կամ կանխատեսումները իրականացնող մասնագետի փաստարկները, որոնք կարող են լինել ինչպես կոռեկտ, այնպես էլ ոչ կոռեկտ, այսինքն փաստարկներ, որոնք կարող են ունենալ տրամաբանական սխալ կամ համոզիչ ազդեցություն գործել` շեղելով երևույթի ընկալման բուն նպատակից:
Կանխատեսման մշակումների ընթացակարգերին ավելանում են առավել խիստ չափանիշներ, որոնք պայմանավորում են կանխագուշակային գիտելիքի տվյալ տիպի առանձնահատկությունը: Դրանք պայմանավորում են կանխատեսման հնարավոր արդյունքների հավանականության ապրիորի գնահատման հնարավորությունը: Բացի դրանից, ըստ գիտնականի, հատուկ ուշադրություն պետք է հատկացնել կանխատեսմանը վերաբերվող տեղեկատվության հստակության և նրա բովանդակության հավաստիության գնահատման մեթոդներին:
Կանխատեսային հետազոտութունների արդյուքների հիման վրա նախապատրաստվում են գիտականորեն հիմնավորված առաջարկներ և հանձնարարականներ այն մասին, թե հետազոտվող բնագավառում ինչ ուղիով է ցանկալի օբյեկտների զարգացումը, այն ինչ կերպ կարող է հիպոթետիկորեն ընթանալ, ինչպիսին է պարզաբանված միտումների ու օրինաչափությունների մեխանիզմները և այլն: Սա վերաբերում է գիտական կանխատեսումների ընդհանուր չափանիշին:
Իսկ երբ խոսքը վերաբերում է արդեն երկու հակառակորդների (պետությունների օրինակով, ինչպես Հայաստանին ու Ադրբեջանին), ապա ակնհայտ է, որ փորձագետների եզրակացությունները կարող են միանգամայն տարբեր ու չափազանց սուբյեկտիվ լինել:
Այդ դեպքում ինչպես գնահատել փորձագիտական տեղեկատվության որակը: Կարելի է գործի գծեց մեկ այլ մեթոդ` կոլեկտիվ փորձագիտական գնահատակների մեթոդը: Դրա նպատակն է դուրս բերել փորձագետների կարծիքների համահունչությունը երկրի արտաքին կամ ներքին քաղաքականության, կամ էլ առանձին ոլորտների զարգացման առանցքային ուղղություններ առումով, այդ կարծիքները ձևավորվում են ավելի վաղ առանձին մասնագետների կողմից: Որպես չափանիշ վերցվում են նաև քաղաքական հարաբերությունների զարգացման ասպեկտների գնահատումը, որը չի կարող հստակեցվել այլ մեթոդներով (օրինակ` փորձով):
Կոլեկտիվ փորձագիտական մեթոդը ենթադրում է 4 գործողություն.
- Փորձագիտական գնահատման կազմակերպման համար ստեղծվում են աշխատանքային խմբեր: Դրանց գործառույթների մեջ են մտնում կոլեկտիվ փորձագիտական գնահատակների դաշտում հարցումների իրականացումը, նյութերի մշակումն ու արդյունքների վերլուծությունը: Աշխատանքային խումբը որոշում է փորձագետներին, նրան տալիս են տրված հարցերի իրենց պատասխանները, որոնք վերաբերում են երկրի ներքին կամ արտաքին քաղաքականության կոնկրետ որոշակի ոլորտի կանխատեսմանը (կանխատեսման մշակման համար փորձագետների ներառվածությունը կարող է չափազանց տարբեր լինել` տատանվելով 10-ից մինչև 100 կամ անգամ 150 անձ, կախված այն բանից, թե որքան բարդ օբյեկտի հետ գործ ունենք):
- Նախքան փորձագետների հետ հարցումների անցկացումը պետք է հստակեցնել քաղաքական գործընթացների ու իրադարձությունների զարգացման ընդհանուր ուղղությունները և ձևավորել այն շրջանակները, որոնք կարտացոլեն հնարավոր գլխավոր նպատակները, ենթանպատակները և դրանց հասնելու միջոցները: Միջոցներ ասելիս նկատի ունենք գիտական հետազոտության և մշակումների ուղղություները, որոնց արդյունքները կարող են օգտագործվել քաղաքական նպատակների հասնելու համար: Ապա արդեն նախքան հարցումն իրականացնելը պետք է մշակել փորձագետներին տրվելիք հարցերը (դրանք պետք է մշակված լինել որոշակի կառուցվածքային-հիերախիկ համակարգով, այսինքն սկսած լայն շրջանակներ պարունակող հարցերից վերջացնելով ավելի նեղ ոլորտային հարցերի, նույն տրամաբանությամբ պետք է սկսել բարդից և ավարտել պարզ հարցերի շարադրմամբ:
- Փորձագետների հարցում իրականացնելու ընթացքում պետք է հստակեցնել որոշակի հարցերի միանշանակ ընկալումը, ինչպես նաև փորձագետների դատողությունների անկախությունը, անկողմնապահությունը: «Ղեկավարով» կարծիքի ճնշումը պետք է բացառված լինի:
- Իրականացնել փորձագետների նյութերի մշակում, որոնք կբնորոշեն առանձին փորձագիտական գնահատականների ընդհանրական մտքերը համահունչությունը: Փորձագետների այս գնահատականների մշակումը առանցքային նյութը կդառնա կանխատեսվող հիպոզթեների և քաղաքական իրադարձությունների զարգացման տարբերակների համադրման համար[2]:
Վերջնական գնահատականը որոշվում է կամ որպես միջին դատողությունները, այսինքն ծայրահեղ մոտեցումների բացառումը, կամ բոլոր փորձագետների մոտեցումների միջին թվաբանական գնահատականները, ըստ էության միջին, այսինքն մեծամասնություն կազմող մոտեցումն էլ, դիտարկվում է որպես հիմնական չափանիշ:
Սակայն զուտ այս նոր մեթոդով ևս մենք չենք կարող ասել, թե այնուհանդերձ կարող ենք փորձագիտական տեղեկատվության որակը գնահատել: Ի վերջո, երբ խոսքը վերաբերում է կանխատեսմանը, ապա առանձին անկանխատեսելի հնարավորություններ ևս առկա են (ֆորս-մաժորային իրավիճակներ), որոնք կանախատեսումն ուղղակի ոչ գիտական կլինի, այլ կնմանվի ինչ-որ գուշակության: Մասնավորապես համաշխարհային քաղաքականության մեջ մեծ հեղաշրջում իրականացրեց 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը, որը ոչ մի մասնագետ չէր կարող կանխատեսել, սակայն դրանից առաջ արված մասնագիտական կանխատեսումները այս մեկ գործողությամբ արմատապես փոխվեցին: Այսինքն փորձագիտական կանխատեսման մեջ առավել կարևոր է առկա իրավիճակին համահունչ և հնարավոր այլընտրանքային տեղեկատվության ընկալմամբ առավել տրամաբանական զարգացման մոդելի ներկայացումը:
Իսկ նման դիտարկման հիմնական չափանիշ կարող է լինել տրամաբանական փաստարկումը: Փաստարկումն ապացույցների, փաստարկների ներկայացնում է` նպատակ ունենալով փոխել մյուս կողմի դիրքորոշումը կամ համոզմունքները: Առկա են փաստարկման մի շարք տարբերակները` մեթոդաբանական, տեսական, դեդուկտիվ, էմպիրիկ, ունիվերսալ, համատեքստային և այլն: Այն պետք է անցկացվի կոռեկտ, թեպետ իրականության մեջ հաճախ ականատես ենք հակառակ երևույթի:
Մեթոդաբանական փաստարկում – սա առանձին դրույթի կամ ամբողջական հայեցակարգի հիմնավորումն է` հղում կատարելով այն, հուսալի մեթոդին, որից էլ եզրակացնում ենք հիմնավորվող դրույթը կամ պաշտպանվող հայեցակարգը: Մեթոդաբանական փաստարկման հնարավորությունները տարբեր են գիտելիքի տարբեր բնագավառներում: Մեթոդին հղում կատարելը, որի օգնությամբ ստացել ենք կոնկրետ եզրակացությունը, սովորական է բնական գիտություններում, հազվադեպ է հանդիպում հումանիտար գիտություններում և գրեթե չի հանդիպում պրակտիկ ու առավել ևս գեղարվեստական մտածողության մեջ:
Տեսական փաստարկում – հիմնվում է դատողությունների վրա և փորձին ուղղակիորեն հղումներ չի կատարում: Տեսական և էմպիրիկ փաստարկումների տարբերությունը նույնական է տեսական և էմպիրիկ գիտելիքների միջև բուն սահմանին: Հաճախ փաստարկման նույն գործընթացում միախառնվում են և հղումները փորձին, և տեսական դատողությունները: Տեսական փաստարկման կարևորագույն միջոցներից է դեդուկտիվ փաստարկումը:
Դեդուկտիվ փաստարկումը – տեսական փաստարկման միջոցներից է, որը իրենից ենթադրում հիմնավորված եզրակացությունների դուրսբերում նախօրոք ընդունված համոզմունքներից: Այն հնարավորություն է տալիս հիմնավորել մեկ համոզմունքը` հղում անելով մեկ այլ իրողության կամ ընդունելի համոզմունքի: Այլ նշանակությամբ դեդուկտիվ փաստարկումը պնդման վերիֆիկացիա (անուղղակի հաստատում) է ստուգված դրույթից դեդուկտիվ կերպով դուրս է բերվում դրա էմպիրիկ հետևությունը, այս հետևությունների հիմնավորումը գնահատվում է որպես մեկնարկային դրույթի օգտին հավանական փաստարկ: Դեդուկտիվ փաստարկումը «սև PR-ի մասնագետները» կարող են կիրառել հիպոթեզի ձևախեղման համար: Ինչպես նաև դեդուկտիվ փաստարկումը կիրառվում է տեսության համակարգայնացման, դրա մեջ մտնող տրամաբանական կապերի դիտարկման, տեսության կողմից առաջադրվող ընդհանուր սկզբունքների վրա հիմնված բացատրության ձևակերպման համար: Մի խոսքով դեդուկտիվ փաստարկումը կարող է կիրառվել քաղաքական խորհրդատուների կողմից դատողությունների ցանկացած բնագավառում և ցանկացած լսարանի համար:
Էմպիրիկ փաստարկում – սրա անքակտելի տարր փորձին, էմպիրիկ տվյալներին դիմելն է: Էմպիրիկ փաստարկման հնարքների միջուկը կազմում են գիտելիքի էմպիրիկ հիմնավորման միջոցները, որոնք նաև կոչվում են (էմպիրիկ) հիմնավորումներ կամ վերիֆիկացիա (լատ. verus – իրական, ճշմարիտ, facere – կատարել): Էմպիրիկ փաստարկումները հաստատման չեն հանգեցնում: Նմանատիպ փաստարկման գործընթացում էմպիրիկ տվյալները լոկ միայն հաստատման համար չեն կիրառվում: Այսպես` օրինակները և ներկայացված նյութերը, որոնք սովորաբար զգալի դեր են խաղում փաստարկման մեջ, էմպիրիկ հաստատման ընդունելի տարբերակներ չեն: Ավելին` փաստարկման մեջ փորձին հղում կատարելը, օրինակ, «սև PR-ի մասնագետները» կարող են ոչ բարյացակամություն դրսևորել, ինչն էլ փաստարկման հասկացության բուն իմաստով բացառվում է[3]:
Կիրառվում է նաև համադրությունը` ունիվերսալ փաստարկում: Այս տարբերակը կիրառական է ցանկացած լսարանի և յուրաքանչյուր դեպքի համար: Այն համարվում է փաստարկման առավել հաճախ կիրառվող ձևը: Եթե փորձագետի դատողությունները այսպիսի փաստարկմամբ են արված, ուրեմն կարող են խոսել նրա կողմից տրված տեղեկատվության որակի մասին: Եթե անգամ նա չի անդրադառնում այլ տեղեկատվությունների լուսաբանման, սակայն իր ուսումնասիրության շրջանակներում նա լրիվ օբյեկտիվ դատողություններ է ներկայացնում:
Մինչդեռ կան նաև կոնտեքստային փաստարկման մի շարք տարբերակներ, որոնք կիրառվում է միայն որոշ լսարանների համար, դրանք ոչ կոռեկտ բնույթ ունեն: Փաստարկումը համարվում է ոչ կոռեկտ, եթե չի համապատախանում հիմնավորման ընթացակարգերին, հաղորդակցության գործընթացին, փաստարկներ ներկայացնողի բարոյական որակներին և այլ պահանջներին: Ոչ կոռեկտ փաստարկման առավել համոզիչ հնարքներից է ոչ կոռեկտ ապացուցումը, այսինքն ապացույց, որում առկա է տրամաբանական սխալ: Ոչ կոռեկտ փաստարկների թվին են դասվում լսարանին դիմելու փաստարկը, անձին դիմելու փաստարկը, զանգվածներին դիմելու փաստարկը, մարդուն դիմելու փաստարկը, փառասիրությանը դիմելու փաստարկը, վախկոտությանը կամ հեղինակությանը դիմելու փաստարկը, ուժին դիմելու փաստարկը, չիմացությանը կամ անգիտությանը դիմելու փաստարկը, կարեկցությանը դիմելու փաստարկը[4]: Այս փաստարկները «սև PR-ի» ներկայացուցիչների գործն է, այլ ոչ թե փորձագետների:
Այդպիսով` մենք կարող ենք ասել, որ որպես փորձագիտական տեղեկատվության որակի չափանիշ նպատակային ենք համարում վերցնել կոլեկտիվ փորձագիտական մեթոդը և կոռեկտ փաստարկումը:
[1] Общая и прикладная политология: Учебное пособие. / Под общей редакцией В.И. Жукова, Б.И. Краснова. – М.: МГСУ; Изд-во “Союз”, 1997, էջ 786:
[2] Общая и прикладная политология: Учебное пособие. / Под общей редакцией В.И. Жукова, Б.И. Краснова. – М.: МГСУ; Изд-во “Союз”, 1997, էջ 786-787:
[3] Шарков Ф. И. Политический консалтинг. М.: Дашков и Ко, 2004, էջ 157:
[4] Шарков Ф. И. Политический консалтинг. М.: Дашков и Ко, 2004, էջ 158: