Թուրքիայի զինվորական հեղաշրջման փորձից մեկ տարի անց Էրդողանի ավտորիտարիզմի աճի թվային տվյալները
2016 թ. հուլիսի 15-ին Թուրքիայում իրականացվեց զինվորական հեղաշրջման փորձ, որի նպատակն էր «գահընկեց» անել նախագահ Էրդողանին, արդյունքում 260 մարդ զոհվեց, ևս 2000-ը վիրավորվեցին: Հեղաշրջման անհաջողությունից հետո սկսվեց բռնաճնշումների ալիքը, ինչն էլ վերջին հաշվով էլ ավելի ամրապնդեց նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի իշխանությունը:
Անկախ այն բանից, թե ով էր հեղաշրջման կազմակերպիչը, արդյունքը միանշանակ այն է, որ դրանով Էրդողանը մաքրեց Թուրքիայի հանրային—քաղաքական դաշտը հնարավոր այլախոհներից: Բրիտանական «Independent» պարբերականը հեղաշրջման փորձը համեմատում է 1933 թվականին Գերմանիայի Ռեյխստագն այրելու հետ, ինչը Ադոլֆ Հիտլերի համար առիթ դարձավ քաղաքացիական ազատությունները սահմանափակելու և իր հակառակորդների զանգվածային ձերբակալություններ սկսելու համար[1]:
Հեղաշրջումից հետո ընդհանուր առմամբ շուրջ 150 հազար զինվորականներ, ոստիկաններ, դատավորներ, քաղծառայողներ, կրթության ոլորտի աշխատակիցներ ազատվել են աշխատանքից կամ ձերբակալվել են:
Թուրքիայում կասեցվել է 626 ուսումնական հաստատության գործունեություն, այդ թվում 15 համալսարանի, փակվել են ավելի քան 1200 հիմնադրամներ և ՀԿ—ներ, 19 արհմիություն, 35 բժշկական հաստատություն, զրկվել են լիցենզիայից մի շարք հեռուստաընկերություններ և ռադիոկայաններ, փակվել են տեղեկատվական գործակալություններ: Ըստ երևույթին Էրդողան փորձում է այդ քայլերով արմատախիլ անել Թուրքիայում գյուլենականությունը, որն իր իշխանության համար միակ լուրջ վտանգն է:
Թուրքիայում ավտորիտարիզմի աճի լավագույն թվային ցուցանիշն ամերիկյան «Freedom House» պարբերակի 2016 և 2017 թվականների զեկույցների համեմատությունն է:
Ազատության ինդեքով Թուրքիան 2016 թվականի 53 միավորից 2017 թվականին իջավ մինչև 38 միավոր, բացասական տեղաշարժ արձանագրեց և՛ քաղաքական իրավունքների, և՛ քաղաքացիական ազատություների առումով:
Ոլորտը | 2016 թ.[2] | 2017 թ.[3] | Անկում (կետ) |
Քաղաքական իրավունքներ (առավելագույնը – 40 միավոր) |
24 | 18 | 6 |
Ընտրական գործընթաց (առավելագույնը – 12 միավոր) |
9 | 8 | 1 |
Քաղաքական բազմակարծությունը և մասնակցություն (առավելագույնը – 16 միավոր) |
9 | 7 | 2 |
Կառավարության գործառնություն (առավելագույնը – 12 միավոր) |
6 | 3 | 3 |
Քաղաքացիական ազատություններ (առավելագույնը – 60 միավոր) |
29 | 20 | 9 |
Արտահայտման ու հավատի ազատություն (առավելագույնը – 16 միավոր) |
8 | 6 | 2 |
Ասոցիացիաների և կազմակերպությունների իրավունքներ (առավելագույնը – 12 միավոր) |
6 | 3 | 3 |
Օրենքի գերակայություն (առավելագույնը – 16 միավոր) |
6 | 4 | 2 |
Անձնական ինքնավարություն և անհատական իրավունքներ (առավելագույնը – 16 միավոր) |
9 | 7 | 2 |
Քաղաքական իրավունքների առումով անկումը 6 կետով է (40-ից 18 միավոր), այդ թվում.
— Ընտրական գործընթաց՝ 12-ից 8 միավոր (անկում 1 կետով),
— Քաղաքական բազմակարծությունը և մասնակցություն՝ 16-ից 7 (անկում 2 կետով),
— Կառավարության գործառնություն՝ 12-ից 3 միավոր (անկում 3 կետով),
Քաղաքացիական ազատությունների առումով անկումը 9 կետով է (60-ից 20 միավոր), այդ թվում.
— Արտահայտման ու հավատի ազատություն՝ 16-ից 6 միավոր (անկում 2 կետով),
— Ասոցիացիաների և կազմակերպությունների իրավունքներ՝ 12-ից 3 միավոր (անկում 3 կետով),
— Օրենքի գերակայություն՝ 16-ից 4 միավոր (անկում 2 կետով),
— Անձնական ինքնավարություն և անհատական իրավունքներ՝ 16-ից 7 միավոր (անկում 2 կետով):
Բռնաճնշումների շարունակականության դեպքում շուտով Թուրքիան կհայտնվի անազատ երկրների ցանկում, Էրդողանի սուլթանական երազանքն էլ իրականություն կդառնա:
[1] http://www.independent.co.uk/news/world/turkey-coup-conspiracy-theory-erdogan-military-gift-from-god-soldiers-istanbul-a7140516.html
[2] https://freedomhouse.org/report/freedom-world/2016/turkey
[3] https://freedomhouse.org/report/freedom-world/2017/turkey