ՆԱՏՕ-ի կազմավորումը. Տրումենի դոկտրին, Մարշալի պլան, Բրյուսելյան պակտ
Հետպատերազմյան տարիներին խորհրդային ղեկավարության արտաքին քաղաքական կուրսը, որը նպատակաուղղված էր ազդեցության գոտիների ընդլայնմանը Եվրոպայում, հանդիպում էր արևմտյան պետությունների հակազդեցությանը: Այս առումով հատկանշական էր պայքարը Թուրքիայի և Հունաստանի վրա ազդեցության համար: Այս պայքարում ծնվեց «Տրումենի դոկտրինը», իսկ այնուհետև արևմտաեվրոպական երկրներին` ԱՄՆ-ի հովանու ներքո համախմբելու համար մշակված «Մարշալի պլանը»:
Տրումենի դոկտրինը.
1947 թվականի փետրվարին անգլիական կառավարությունը հայտնեց Վաշինգտոնին, որ կապված ֆինանսական դրության վատացման հետ` Մեծ Բրիտանիան այլևս չի կարող ֆինանսական և ռազմական օգնություն ցույց տալ Հունաստանին և Թուրքիային: ԱՄՆ-ի կառավարող շրջաններում Թուրքիան և Հունաստանը համարվում էին այն երկրները, որտեղ բախվում էին դեմոկրատական և կոմունիստական ուժերը, և այստեղ սկզբունքային հարց էր դեմոկրատական ուժերի հաղթանակը: Բացի այդ Հունաստանը և Թուրքիան ունեին խիստ կարևոր աշխարհաքաղաքական դիրք և ռազմավարական մեծ նշանակություն, որովհետև այստեղով էին անցնւմ համաշխարհային կարևորագույն կոմունիկացիաները:
Պրեզիդենտ Տրումենը 1947 թվականի մարտի 12-ին դիմեց Կոնգրեսին` խնդրելով հատկացնել լրացուցիչ 400 միլիոն դոլար` Հունաստանին և Թուրքիային օգնություն ցույց տալու նպատակով: Այսպես ծնվեց «Տրումենի դոկտրինը», որը երբեմն անվանում են նաև «զսպման քաղաքականություն»:
Այս դոկտրինան պարունակում էր միջազգային իրադրության ընդհանուր գնահատականը, ըստ որի` բոլոր միջազգային հարցերի հիմքում ընկած է կենսակերպերի երկու ձևերի միջև հակամարտությունը:
- Կենսակերպերից մեկը հենվում էր անձի ազատության, ազատ ընտրությունների և ազատ ինստիտուտների գոյության վրա` ապահովելով ագրեսիայի դեմ երաշխիքները:
- Մյուս կենսակերպը հենվում էր մամուլի և բնակչության վրա զանգվածային վերահսկողության, մեծամասնության հանդեպ փոքրամասնության կամքի պարտադրման վրա, ահաբեկման ու շահագործման վրա:
Տրումենի դոկտրինն ազդարարում էր, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության նպատակը ազատ ժողովուրդներին աջակցելն է: Նշվում էր նաև ԱՄՆ-ի նոր գլոբալլ դերը և կոմունիզմի դեմ պայքարի նրա վճռականությունը:
Դոկտրինը ենթադրում էր նաև «թիկունքի ամրապնդում» Լատինական Ամերիկայում: Դրա նպատակն էր սառը պատերազմում օգտագործել լատինաամերիկյան երկրների ռեսուրսները: Այդ նպատակով 1947 թվականին Ռիո դե Ժանեյրոյում գումարված միջամերիկյան կոնֆերանսում, որին մասնակցում էին ամերիկյան պետությունների արտաքին գործերի նախարարները, որոշումներ ընդունվեցին աջակցել մայրցամաքային անվտանգությանը և խաղաղությանը: 1947 թվականի սեպտեմբերի 2-ին կնքվեց պայմանագիր միջամերիկյան փոխադարձ պաշտպանության մասին, որը ուժի մեջ մտավ 1948 թվականի դեկտեմբերին: Պայմանագիրը նախատեսում էր կոլեկտիվ պաշտպանություն ագրեսիայի դեպքում: Միջոցառումներ էին նախատեսվում նաև անուղղակի ագրեսիայի դեմ պայքարի համար: Ամերիկյան պետությունների համագործակցության ինստիտուցիոնալացման հիմքը դրվեց 1948 թվականի ապրիլին, երբ հիմնադրվեց Ամերիկյան Պետությունների Կազմակերպությունը:
Մարշալի պլանը.
1947 թվականի գարնանը իրադրությունը Եվրոպայում տագնապալի և անկայուն էր: Արևելաեվրոպական երկրներում հաստատվել էին պրոխորհրդային կոմունիստական վարչակարգ եր, որի հետևանքով տասնյակ միլիոնավոր հասարակ քաղաքացիներ հայտնվել էին հուսահատության եզրին: Միաժամանակ լուրջ սոցիալ-տնտեսական լարվածություն կար արևմտաեվրոպական երկրներում և լուրջ վտանգ կար, որ Արևմտյան Եվրոպայում կոմունիստական կուսակցությունները կարող են օգտագ ործել հետպատերազմյան դժվարությունները, որն էլ իր հերթին կարող էր ճանապարհ հարթել խորհրդային առաջխաղացման համար: ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Դին Աչեսոնի կարծիքով խորհրդային առաջխաղացումը Եվրոպայում անմիջականորեն հարվածում էր ԱՄՆ-ի ազգային շահին:
1947 թվականի հունիսի 5-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջորջ Մարշալը ելույթ ունեցավ Հարվարդի համալսարանում: Նրա ելույթը կրում էր ծրագրային բնույթ և առաջարկում էր տնտեսական և քաղաքական համալիր միջոցառումներ իրականացնել Արևմտյան Եվրոպային օգնություն ցույց տալու համար: Այդ պլանը պատմության մեջ մնաց «Մարշալի պլան» անունով: Այն նախատեսում էր Արևմտյան Եվրոպայի սոցիալ-տնտեսական դրության կայունացում և Արևմտյան Գերմանիայի ընդգրկումը արևմտյան պետությունների ճամբարի մեջ: «Մարշալի պլանով» նախատեսվում էր օգնություն ցույց տալ նաև արևելաեվրոպական երկրներին, նույնիսկ ԽՍՀՄ-ին, բայց եթե այնտեղ փոխվեին տնտեսավարման մեթոդները:
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բևինը և նրա ֆրանսիացի գործընկեր Բիդոն իրենց վրա վերցրին «Մարշալի պլանի» քննարկման և աջակցության նախաձեռնությունը: Նրանք առաջարկեցին Փարիզում գումարել արտգործնախարարների խորհրդակցություն, որն էլ տեղի ունեցավ 1947 թվականի հունիս-հուլիս ամիսներին:
Սկզբնական շրջանում խորհրդային ղեկավարությունը հետաքրքրությամբ էր վերաբերվում «Մարշալի պլանին»` կարծելով որ դրա միջոցով կարող է վարկեր ստանալ ԱՄՆ-ից: Նույնիսկ խորհրդային պատվիրակությունը մասնակցեց Փարիզի խորհրդակցությանը, բայց հանդես եկավ ապակառուցողական դիրքորոշմամբ` առաջնորդվելով զրոյական գումարով խաղի կանոններով. արդյունքում հուլիսի 2-ին ԽՍՀՄ-ը պաշտոնապես հրաժարվեց մասնակցել «Մարշալի պլանին», սակայն գործընթացը շարունակվեց:
Բևինը և Բիդոն կազմակերպեցին նոր կոնֆերանս` հրավիրելով 22 եվրոպական երկրներ, բացառությամբ` Ֆրանկոյական Իսպանիայի: ԽՍՀՄ-ը փորձեց խանգարել կոնֆերանսի գումարմանը, որին հակառակ Բևինը և Բիդոն ձգտում էին կոնֆերանսին մասնակից դարձնել նաև արևելաեվրոպական պետություններին, հատկապես` Լեհաստանին և Չեխոսլովակիային: Կրեմլից հրահանգ ուղարկվեց արևելաեվրոպական կոմունիստական ղեկավարներին, որով նրանց արգելվում էր մասնակցել այդ կոնֆերանսին: Խորհրդային կառավարության դիրքորոշումը թելադրված էր սառը պատերազմի տրամաբանությամբ: Ստալինը խորհրդային ազդեցության գոտու և սոցիալիստական ճամբարի ստեղծումը համարում էր Երկրորդ աշխարհամարտում ԽՍՀՄ-ի ամենակարևոր ձեռքբերումը և չէր ուզում կորցնել այն: Խորհրդային արտաքին քաղաքականությունը, ելնելով աշխարհաքաղաքական և ստրատեգիական նկատառումներից, հնարավոր բոլոր միջոցներով հակադրվում էր արևմտյան ազդեցությանը: Այնուամենայնիվ ԽՍՀՄ-ի մերժումը ինչ-որ տեղ օգուտ էր նույնիսկ «Մարշալի պլանի» արագ կենսագործման համար:
1947 թվականի հուլիսի 12-15-ը Փարիզում տեղի ունեցավ եվրոպական 16 երկրների խորհրդակցություն, որտեղ հիմնադրվեց Եվրոպայի Տնտեսական համագործակցության կոմիտեն և նրան կից չորս մասնագիտացված կոմիտեներ:
1948 թվականի ապրիլին հիմնադրվեց Եվրոպայի տնտեսական համագործակցություն կազմակերպությունը (ԵՏՀ), որի անդամները դարձան «Մարշալի պլանի» մասնակից պետությունները: Շուտով ձևավորվեցին ԵՏՀ-ի ղեկավար մարմինները:
1948 թվականի ապրիլին ԱՄՆ-ի կոնգրեսը հաստատեց օրենքը` Եվրոպային տնտեսական օգնություն ցույց տալու մասին, սակայն ԱՄՆ-ի կառավարությունը գերադասեց Մարշալի պլանի մասնակից պետություններից յուրաքանչյուրի հետ կնքել առանձին երկկողմանի պայմանագիր` նրանց պարտադրելով ԱՄՆ-ին ձեռնտու պայմաններ: Մարշալի պլանով ԱՄՆ-ի կառավարությունը վճարում էր ԱՄՆ-ից Եվրոպա ապրանք արտահանող ընկերություններին: Այնուհետև այդ վճարը ձևակերպվում էր որպես պարտք տվյալ օգնությունը ստացած պետության հաշվին: ԱՄՆ-ը այդ երկրներից ապրանքները գնում էր տվյալ երկրի դրամով, որը նպաստում էր Եվրոպական երկրների ֆինանսական առողջացմանը:
Մարշալի պլանով նախատեսված օգնությունը 1948 թվականի ապրիլից մինչև 1951 թվականի դեկտեմբերը կազմեց 12.4 միլիարդ դոլար, որի մեծ մասը հասավ Անգլիային ու Ֆրանսիային: Մարշալի պլանը օգնեց եվրոպական երկրներին հաղթահարել պատերազմի տնտեսական հետևանքները, որն էլ իր հերթին հնարավորություն տվեց հաղթահարել հասունացող քաղաքական ճգնաժամը: Մարշալի պլանը ուղեկցվում էր նաև տնտեսավարման և արդյունաբերության ղեկավարման ամերիկյան մեթոդների ներդրմամբ արևմտաեվրոպական երկրներում:
Մարշալի պլանը փոխեց նաև քաղաքական իրադրությունը Արևմտյան Եվրոպայում: Ձախ կոմունիստական և սոցիալիստական կուսակցությունները կորցրեցին իրենց ազդեցությունը և ընտրազանգվածը: Փոխարենը բավականին ամրապնդվեց աջ կուսակցությունների ազդեցությունը: Անգնահատելի է Մարշալի պլանի դրական ազդեցությունը Եվրոպայի համար: Փաստացիորեն Մարշալի պլանը օգնեց վերականգնել արևմտյան Եվրոպան, և դրեց արդի եվրոպական ինտեգրացման հիմքը, բայց միևնույն ժամանակ այդ տարիներին Մարշալի պլանը էլ ավելի խորացրեց աշխարհի պառակտվածությունը` դրանով հանդերձ ամրապնդելով երկբևեռ աշխարհակարգը:
Բրյուսելյան պակտը և Արևմտաեվրոպական միությունը.
Մարշալի պլանի իրականացումը նախադրյալներ ստեղծեց այն պետությունների քաղաքական միության ստեղծման համար, որոնք մասնակցում էին այդ պլանին: ԱՄՆ-ը ակտիվորեն հանդես էր գալիս արևմտյան ռազմաքաղաքական բլոկի ստեղծման օգտին: 1948 թվականի սկզբներին Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան վճռականորեն աջակցում էին ԱՄՆ-ի և Արևմտյան Եվրոպայի ռազմական դաշինքի իրականացմանը և կողմ էին արտահայտվում Եվրոպայում ԱՄՆ-ի զորքերի ներկայությանը: Արևմտյան Եվրոպա-ԱՄՆ ռազմական դաշնակցությունը նպատակ ուներ առաջին հերթին դիմակայել խորհրդային առաջխաղացմանը Արևելյան Եվրոպայից դեպի Արևմտյան Եվրոպա: Սակայն ամերիկյան իշխանությունները գտնում էին, որ առաջին հերթին ռազմաքաղաքական դաշնակցության մեջ պետք է մտնեն Եվրոպական պետությունները միմյանց հետ, որից հետո նոր հնարավոր կլինի Եվրոպայի ռազմական դաշնակցությունը ԱՄՆ-ի հետ. այսինքն, առաջարկվում էր նույն սցենարը, ինչը կիրառվեց Մարշալի պլանի ժամանակ:
Արևմտյան ռազմական բլոկի ստեղծմանը լրջորեն խթանեցին 1948 թվականի փետրվարյան իրադարձությունները Չեխոսլովակիայում, որի շնորհիվ երկրում հաստատվեց կոմունիստական վարչակարգ:
1948 թվականի մարտի 4-ին Բրյուսելում սկսվեցին բանակցությունները Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Նիդերլանդների և Լյուքսենբուրգի միջև: Բանակցությունների առարկան արևմտաեվրոպական ռազմաքաղաքական միության ստեղծումն էր: 1948 թվականի մարտի 17-ին վերոնշյալ պետությունների ներկայացուցիչները կնքեցին պայմանագիր` տնտեսական, սոցիալական, մշակութային համագործակցության և կոլեկտիվ պաշտպանության մասին: Ճիշտ է, այդ պայմանագիրն ուներ տնտեսական և մի շարք այլ բնույթի հոդվածներ, սակայն հիմնական նշանակությունը կողմերի պայմանավորվածությունն էր համատեղ ուժերով պայքարել ամեն տեսակի ագրեսիայի դեմ: Այս պայմանագիրը պատմության մեջ մտավ Բրյուսելյան պակտ անունով:
Բրյուսելյան պակտի կարևորագույն հոդվածը վերաբերում էր պակտի անդամ պետություններին ռազմական օգնություն ցույց տալուն: Ըստ այդ հոդվածի` պակտի անդամները պարտավորվում էին առանց քննարկման ռազմական օգնություն ցույց տալ անդամ պետություններից յուրաքանչյուրին Եվրոպայում զինված ագրեսիայի ենթարկվելու դեպքում: Այս առումով Բրյուսելյան պակտը առանձնանում է մինչ այդ եվրոպական պետությունների միջև կնքված բոլոր պայմանագրերից, որովհետև այն առաջին անգամ գործողության մեջ էր դնում ռազմական պարտավորությունների կատարման ավտոմատիզմի սկզբունքը: Այսպիսով, ձևավորվեց եվրոպական հինգ պետությունների ռազմաքաղաքական միություն, որը կոչվեց Արևմտաեվրոպական Միություն. այն գոյություն ունի մինչ այժմ:
Շուտով ստեղծվեց կազմակերպության ղեկավար մարմինը` կոնսուլտատիվ խորհորդը, որի մեջ մտնում էին արտաքին գործերի հինգ նախարարները: Հիմնվեց նաև Արևմտաեվրոպական Միության մշտական ռազմական կոմիտեն, որի նիստերը գ ումարվում են երեք ամիսը մեկ անգամ: Կոմիտեի նստավայրը դարձավ Լոնդոնը, իսկ առաջին ղեկավարը` անգլիացի ֆելդմարշալ Մոնտ Հոմեյրին: Բրյուսելյան պակտի կնքումից անմիջապես հետո ԱՄՆ-ի պրեզիդենտ Տրումենը իր պատրաստականությունը հայտնեց միության անդամներին ռազմական օգնություն և աջակցություն ցուցաբերելու մասին: Այդ նույն ժամանակ Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի իշխանությունները ԱՄՆ-ին առաջարկեցին ընդլայնել այս ռազմաքաղաքական միությունը:
1948 թվականի հունիսի 11-ին ԱՄՆ-ի Սենատը ձայների մեծամասնությամբ ընդունեց Վանդենբերգի բանաձևը, որը լիազորում էր ամերիկյան կառավարությանը ռազմաքաղաքական դաշինքներ կնքել ամերիկյան մայրցամաքից դուրս: Այս բանաձևի ընդունումը շրջադարձ իմաստավորեց ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ, որովհետև դրանով ԱՄՆ-ը հրաժարվում էր իզոլացիոնիզմի սկզբունքից և որդեգրում էր գլոբալ քաղաքականության սկզբունքը:
Հուլիսի սկզբներին Վաշինգտոնում սկսվեցին բանակցությունները ԱՄՆ-ի, Կանադայի և Արևմտաեվրոպական Միության միջև: Բանակցություններում քննարկվում էր Արևմտյան Եվրոպային ցուցաբերվող ռազմական օգնության հարցը` Վանդենբերգի բանաձևի լույսի ներքո: Ամերիկյան կառավարությանը հանձնվեցին Բրյուսելյան պակտի անդամ պետությունների ռազմական պլանները: Շուտով ամերիկյան սպաները սկսեցին մասնակցել Բրյուսելյան պակտի մշտական ռազմական կոմիտեի աշխատանքներին:
ՆԱՏՕ-ի կազմավորումը.
1948 թվականի հոկտեմբերի վերջերին Արևմտաեվրոպական Միության արտաքին գործերի նախարարները քննարկում էին ԱՄՆ-ի և Կանադայի հետ անվտանգության միասնական գոտի ստեղծելու հարցը: Այսպես ծնվեց հյուսիսատլանտյան ռազմական դաշնակցության և անվտանգության գաղափարը: 1949 թվականի փետրվարին ավարտվեցին բանակցությունները հյուսիսատլանտյան պակտի կնքման ուղղությամբ: Մարտի 15-ին Արևմտաեվրոպական Միության կոնսուլտատիվ խորհուրդը հավանություն տվեց հյուսիսատլանտյան պակտի տեքստին: Շուտով այդ տեքստը հրապարակվեց լայն քննարկման համար:
Պակտի կարևորագույն հոդվածներից էին`
Երրորդ հոդված. յուրաքանչյուր անդամ պետություն պարտավոր է արդյունավետ կերպով ամրապնդել իր պաշտպանունակությունը և հասնել այնպիսի մի մակարդակի, որը հնարավորություն կտա անընդհատ կատարելագործել իր զինված ուժերը: Այս պարտավորությունը սահմանված էր երրորդ հոդվածով, որի նպատակն էր բոլոր անդամ պետությունների բավարար մարտունակության ապահովումը: Երրորդ հոդվածի իրականացման նպատակով ստեղծվում էր նաև ՆԱՏՕ-ի ընդարձակ կառուցվածք և ծավալվում էր եվրոպական երկրների ամերիկյան ռազմական օգնության ընդարձակ ծրագիր:
Չորրորդ հոդվածը. նախատեսում էր ամեն անգամ անհապաղ հրավիրել պայմանագրի անդամ պետությունների խորհրդակցություն, երբ անդամ պետություններից որևէ մեկի կարծիքով վտանգ է առաջացել քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության նկատմամբ:
Հինգերորդ հոդված. զինված հարձակումը անդամ պետություններից յուրաքանչյուրի վրա, որը կիրականացվի Եվրոպայում կամ Հյուսիսային Ամերիկայում, դիտվելու է որպես հարձակում բոլոր պայմանավորվող երկրների վրա: Եվ սրա արդյունքում անդամ պետությունները հարձակման ենթարկված երկրին ցուցաբերելու են ամեն կարգի օգնություն, ընդհուպ մինչև զինված ուժերի օգտագործում, որպեսզի վերականգնվի անվտանգ ությունը հյուսիսատլանտյան տարածաշրջանում:
Վեցերորդ հոդված. հարձակում էր դիտվում նաև ֆրանսիական ալժիրյան դեպարտամենտների, անդամ պետությունների կղզիների և նավերի ու ինքնաթիռների վրա հարձակումները:
Հյուսիսատլանտյան պակտը իր գործունեության հիմքում դնում էր կոլեկտիվ ինքնապաշտպանության սկզբուքը, սակայն այն ուներ նաև աշխարհագրական սահմանափակում: Հյուսիսատլանտյան պակտը մասնակից պետությունների վրա դնում էր նաև որոշակի պարտավորություններ:
Հյուսիսատլանտյան պակտի կնքման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 1949 թվականի ապրիլի 4-ին Վաշինգ տոնում: Սկզբնապես փաստաթուղթը ստորագրեցին 12 պետություններ` Բելգիան, Նիդերլանդները, Լյուքսենբուրգը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Նորվեգիան, Կանադան, ԱՄՆ-ը, Պորտուգալիանն և Իսլանդիան: Այնուհետև 1952 թվականին պակտին միացան Հունաստանը և Թուրքիան, իսկ 1955 թվականին` Արևմտյան Գերմանիան:
Հիսունական թվականների միջազգային լարվածության պահպանումը նպաստեց ՆԱՏՕ-ի քաղաքական և ռազմական կազմակերպությունների առաջացմանը: Դաշինքի բարձրագույն մարմինը ՆԱՏՕ-ի Խորհուրդը, որը կազմված է յուրաքանչյուր անդամ պետության արտաքին գործերի, պաշտպանության և ֆինանսների նախարարներից: ՆԱՏՕ-ի Խորհուրդի նիստերը գումարվում են տարեկան երկու անգամ, իսկ դրանց միջև ընկած ժամանակաընթացքում որոշումները ընդունում են անդամ պետությունների մշտական ներկայացուցիչները` հավասարության և միաձայնության սկզբունքով: Այնուհետև ստեղծվեց գերագույն ադմինիստրատիվ քարտուղարություն, որին ենթարկվում էին մի շարք քաղաքացիական դեպարտամենտներ:
Բարձրագույն ռազմական մարմինը դարձավ ՆԱՏՕ-ի ռազամակն կոմիտեն: Այն կազմվում է անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբի պետերից: ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նիստերը տեղի են ունենու տարեկան երկու անգամ և մշակում է խորհուրդներ ու որոշումներ նեղ ռազմական հարցերի կապակցությամբ: Ռազմական կոմիտեի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում այդ որոշումները ընդունում է ՆԱՏՕ-ի շտաբկայանում գտնվող մշտական զինվորական ներկայացուցիչները: Ստեղծվեցին նաև մի քանի տարածաշրջանային հրամանատարություններ: Դրանցից ամենակարևորը ՆԱՏՕ-ի զինված ուժերի եվրոպական հրամանատարությունն է:
Հյուսիսատլանտյան պակտին զուգահեռ նախապատրաստվեց նաև եվրոպական անդամ պետությունների ամերիկյան ռազմական օգնության մասին համաձայնագիրը: Այն նախատեսում էր 1949-50 թվականներին Բրյուսելյան պակտի հինգ անդամներին տրամադրել մեկ միլիարդ դոլար ռազմական օգնություն և այս պետությունների համար բացվեցին նաև վարկային գծեր: Հյուսիսատլանտյան պակտի կնքումից անմիջապես հետո` հենց հաջորդ օրը Արևմտաեվրոպական միության անդամները դիմեցին շուտափույթ ռազմական օգնություն ստանալու խնդրանքով և, փաստացիորեն ՆԱՏՕ-ի կազմավորումը որոշակիորեն խթանեց սպառազինությունների մրցավազքի ծավալմանը:
Շուտով Վաշինգտոնում ընդունվեց հատուկ դիրեկտիվ, որը կոչվում էր «ԱՄՆ-ի նպատակները և ծրագրերը ազգային անվտանգության բնագավառում»: 1950 թվականի ապրիլին պաշտոնապես հաստատված այս փաստթղթում ԽՍՀՄ-ը ներկայացվում էր որպես ԱՄՆ-ի տոտալ թշնամի: Հարաբերությունները ԽՍՀՄ-ի հետ գնահատվում էին ճգնաժամային, և ճգնաժամային իրավիճակի ավարտը կապվում էր միայն խորհրդային համակարգ ի փոփոխության: Փաստաթղթի հեղինակները գտնում էին, որ ԽՍՀՄ-ին պետք է զսպել միմիայն ռազմական ճանապարհով, ԱՄՆ-ի միջուկային պոտենցիալի արդիականացմամբ և սպառազինությունների մրցավազքի ծավալմամբ:
Փաստաթղթի հեղինակները համոզված էին, որ խորհրդային տնտեսական և քաղաքական համակարգը չի դիմանա սպառազինությունների մրցավազքին և ի վերջո կփլուզվի: 1950 թվականին ԱՄՆ-ը ռազմական բնագավառում ծախսեց 14.5 միլիարդ դոլար, 1951 թվականին` 22 միլիարդ, 1952 թվականին` 44 միլիարդ դոլար: Խորհրդային միությունը ստիպված էր նույնպես ավելացնել իր ռազմական ծախսերը և հիսուն-վաթսունական թվականներին մեծ զոհողությունների գնով ԽՍՀՄ-ը դեռ կարողանում էր պահպանել ռազմական հավասարակշռությունը: