«Անկախ Քուրդիստան». պայքար Քիրքուքի համար և անխուսափելի պատերազմի ուղին. Sky Press
Ներկայացնում ենք իրաքյան «Sky Press» պարբերականի ««Անկախ Քուրդիստան». պայքար Քիրքուքի համար և անխուսափելի պատերազմի ուղին» հոդվածը:
Քուրդիստանի անկախության հանրաքվեն նախատեսված է սեպտեմբերի 25-ին: Որքան մոտենում է քվեարկության օրը, այդքան հաճախակի են դառնում Բաղդադի և Էրբիլի միջև երկխոսությունները, դրանց ակտիվորեն մասնակցում են քրդերին աջակցություն հայտնողները: Սակայն մյուս կողմից ակնհայտ է հարևան երկրների կողմից այդ քայլը ճանաչելու դժկամությունը, ինչն էլ լուրջ սպառնալիք է տարածաշրջանի համար:
2017 թ. հունիսի 7-ին Իրաքի երեք քրդական կուսակցությունների միջև հանդիպում տեղի ունեցավ: Քուրդիստանի ժողովրդական կուսակցությունը, Քուրդիստանի հայրենասիրական միությունը և Փոփոխությունների շարժումը («Գորրան») համաձայնեցին կյանքի կոչել անկախ քրդական պետության նախագիծը՝ չնայած այդ հարցում առկա տարաձայնություններին:
Իրաքյան Քուրդիստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Մասուդ Բարզանիի ղեկավարությամբ ընթացած հանդիպման ժամանակ հաստատվեց մտադրությունը հանրաքվե անցկացնել ոչ միայն Դոհուկ, Էրբիլ և Սուլեյմանիա քրդական նահանգներում, այլև վիճելի շրջաններում: Խոսքը վերաբերում է Իրաքյան Քուրդիստանի այն տարածքներին (Քիրքուք նահանգը, Նայնավա, Դիյալա, Սալահ—ադ—Դին նահանգների մի մասը), որոնց նկատմամբ վերահսկողությունն վիճարկում են քրդական իշխանությունները և իրաքյան կառավարությունը:
Քրդական նախագծի հետ են կապված մի շարք հարցեր, որոնց պատասխանները կարելի է գտնել՝ գնահատելով ներքին և արտաքին գործոնները: Ամենակարևոր հարցն այն է, թե արդյոք իրաքյան քրդերն ցանկանում են հասնել անկախության, թե ուղղակի փորձում են, մնալով «դաշնային Իրաքի» կազմում, ցանկալի զիջումներ կորզել Բաղդադից:
Տարածքային իշխանությունները սկսեցին շրջանառել այն միտքը, որ հանրաքվեն ուղղակիորեն միտված չէ Իրաքից անջատվելուն, այլ կլինի Բաղդադի հետ բանակցությունների երկարատև գործընթացի մեկնարկը՝ քրդական պետության ձևավորման ճանապարհին:
Վերջին օրերին տեղեկատվական հակամարտության կենտրոնում հայտնվեց կրկին Քիրքուքը, երբ նահանգի ղեկավարը հրաժարվեց իրականացնել պաշտոնական շինություններից Քուրդիստանի դրոշը հանելու մասին դատարանի որոշումը: Արդյունքում նահանգի էթնոկրոնական խմբերի (թուրքման, արաբ, քուրդ) միջև տարաձայնություններն աճեցին, իսկ Բաղդադի կենտրոնական կառավարությունն տարածքային իշխանությունների որոշումն անընդունելի համարեցին:
Նավթով հարուստ նահանգի պաշտոնական գրասենյակներում իրաքյան դրոշի կողքին Քուրդիստանի դրոշի բարձրացումն ի ցույց է դնում այդ տարածքը քրդական շրջաններին միավորելու մտադրությունը: Քիրքուքի իշխանությունների նման քաղաքականությունը դրական ոչինչ չի ազդարարում, արդյունքում վիճարկվող տարածքի համար Բաղդադի և Էրբիլի միջև կարող է պատերազմ սկսվել, եթե կենտրոնական և տարածքային իշխանությունների միջև համաձայնություն չհաստատվի: