Պեկինը զգուշացնում է Իսրայելին հետևանքների մասին, եթե աջակցի Թայվանին
Թայվանի ճգնաժամում Իսրայելը աջակցում է ԱՄՆ-ի դիրքորոշմանը, գրում է Rai Al Youm-ը։ Չնայած Թել Ավիվի չեզոքության մասին պնդումներին՝ նրա կողմնակալությունը միջազգային հակամարտություններում գնալով ավելի ակնհայտ է դառնում: Զարմանալի չէ, եթե Ռուսաստանն ու Չինաստանը, հնարավոր է նաև այլ երկրներ, վտարեն Իսրայելի դեսպաններին առաջիկա օրերին կամ ամիսներին, վստահ է հեղինակը։
Դժվար թե Պեկինի նախազգուշացումներն Իսրայելին ԱՄՆ-ի հակաչինական քաղաքականությանն աջակցելու հետեւանքների մասին դրական արդյունքների հանգեցնեն՝ հաշվի առնելով Ուկրաինայում Մոսկվայի հիասթափեցնող փորձը։
Նախազգուշացումն արել է Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի միջազգային համագործակցության բաժնի ղեկավարը Պեկինում Իսրայելի դեսպանի հետ հանդիպման ժամանակ։ Նրա խոսքով, չնայած պաղեստինյան հարցում առկա տարաձայնություններին, Չինաստանն ու Իսրայելը երկարաժամկետ ընդհանուր շահեր ունեն, և երկրների միջև հակամարտություն չկա։ Նա նաև նշել է Պեկինի նկատմամբ ամերիկյան դիրքորոշմանը Թել Ավիվի աջակցության և ույղուրների իրավունքների ոտնահարման մեղադրանքների հետևանքները։
Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է Իսրայելի կառավարությանը ուկրաինական ճգնաժամի ժամանակ կողմնակալության հետևանքների մասին, սակայն չի կարողացել ազդել վերջինիս դիրքորոշման վրա: Թել Ավիվն էլ ավելի առաջ գնաց՝ զենք ուղարկելով Կիև։
Չինաստանի իշխող Կոմունիստական կուսակցությունը չէր կրկնի ռուսական հռետորաբանությունը, եթե չլիներ հաստատված տեղեկությունը, որ Իսրայելը Թայվանի ճգնաժամում աջակցում է ԱՄՆ դիրքորոշմանը։ Վերջին տասնամյակների ընթացքում չին-իսրայելական հարաբերություններում Պեկինը երբեք չի կանչել Իսրայելի դեսպանին և բողոքի նոտա հղել։
Երբ փետրվարին ռուսական զորքերը հատեցին Ուկրաինայի սահմանը, այն ժամանակվա արտգործնախարար Յաիր Լապիդը (այժմ՝ վարչապետ) հայտարարեց, որ Իսրայելը կաջակցի ռազմավարական դաշնակցին (Ամերիկային) և Ուկրաինային զենք կմատակարարի։ Ինչպես պարզվեց, Իսրայելի իշխանությունները, կեղծ պնդումներ անելով չեզոքության մասին, ռազմական տեխնիկա են մատակարարել և սպաներ են ուղարկել ուկրաինական ուժերի կողմից կռվելու։ Ռուսական բանակը գերեվարեց նրանցից մի քանիսին և կարողացավ նրանցից շատ կարևոր տեղեկություններ ստանալ Թել Ավիվի և Կիևի միջև ռազմական համագործակցության ծավալների մասին։
Իրավիճակը վաղ թե ուշ կկրկնվի, և Յաիր Լապիդը ներկա ճգնաժամում կանցնի Վաշինգտոնի կողմը, քանի որ Իսրայելը և Թայվանի կառավարությունը շատ ամուր հարաբերություններ ունեն։ Հնարավոր է, որ աջակցություն ցուցաբերի Թայվանին։
Չինաստանում հրեական համայնք չկա, իսկ եթե կա, ապա այն փոքրաթիվ է և ազդեցություն չունի։ Կմնա այն երկրում, թե կգաղթի, անհայտ է, բայց մի բան պարզ է. Պեկինը մեծ սխալ է թույլ տալիս, եթե կարծում է, որ Իսրայելը չեզոք կմնա Ամերիկային առնչվող ճգնաժամերում:
Ռուս-չինական դաշինքը, որը գլխավորում է ԲՐԻԿՍ-ի երկրները, ուժեղանում է, և այն, մեր կարծիքով, այնքան էլ միամիտ չէ, որ խաբվի ուկրաինական և թայվանական ճգնաժամերում Իսրայելի չեզոքության հայտարարություններով։ Մենք չենք զարմանա, եթե Ռուսաստանն ու Չինաստանը, և, հնարավոր է, առանցքի այլ պետություններ, վտարեն Իսրայելի դեսպաններին առաջիկա օրերին կամ ամիսներին: Սակայն ոչ թե «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» սկզբունքով, այլ այն պատճառով, որ Թել Ավիվի կողմնակալությունն ավելի ու ավելի ակնհայտ է դառնում։