Արցախյան (հայ-ադրբեջանական) հակամարտության քարոզչական թեզերը
Երբ նշում են «հայ-ադրբեջանական հակամարտություն», սովորաբար ավելի շուտ նկատի ունենք Արցախյան հակամարտությունը: Մինչդեռ վերջինս հայ-ադրբեջանական հակամարտության մի մասն է կազմում: Հայ-ադրբեջանական հակամարտությունն ունի ավելին քան 1 դարի պատմություն, այդ ընթացքում այն տարբեր կերպ է արտահայտվել: Առաջին հանրապետության տարիներին պատերազմական բնույթի էր, երկրորդ հանրապետության շրջանում խաղաղ բնույթ էր կրում, սակայն պահպանում էր իր լարված վիճակը, որն էլ ի վերջո երրորդ հանրապետության շրջանում հանգեցրեց պատերազմական գործողությունների, մինչև օրս վիճակը շարունակվում է մնալ ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն: Հաստատված է ընդամենը զինադադար:
Այս հիմնահարցը ուսումնասիրելիս կարևոր է նաև, թե ինչպես ենք անվանում հակամարտությունը «հայ-ադրբեջանական», թե «ղարաբաղա-ադրբեջանական»: Իսկ այս հարցի պարզաբանման համար պետք է նախ հստակեցնել, թե ինչ ասել է «ազգ»: Ազգ եզրույթի երկու հիմնական ընկալում կա՝ պրիմորդիալիզմի և կոնստրուկտիվիզմի դիրքերից: Պրիմորդիալիզմը ազգ եզրույթի մեջ շեշտում է էթնիկական տարրի առանցքային նշանակությունը, իսկ կոնստրուկտիվիզմը՝ պետական պատկանելությունը, օրինակ նույն ամերիկյան ազգ ասվածը կոնստրուկտիվիստական հայեցակարգ է: Ակնհայտ է, որ մեզ՝ հայերիս համար հենց պրիմորդիալիստական դիրքերից է բխում մեր ազգային ինքնագիտակցությունը: Սակայն որքանքով է տեղին շեշտել այդ հանգամանքը, երբ ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային կողմը Ղարաբաղյան հակամարտությունն է: Գիտնականներն ու դիվանագետները պետք է բավարար ուշիմ լինեն հասկանալու համար, որ արդեն իսկ հայ-ադրբեջանական եզրույթը պարտվողական է մեզ համար, որովհետև հայ-ադրբեջանական ասելիս՝ միջազգային հանրույթը հասկանում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Այսինքն այն բոլոր հայ մասնագետները, ովքեր գիտակցաբար կամ ոչ գիտակցված օգտագործում ես «հայ-ադրբեջանական հակամարտություն» եզրույթը, արդեն իսկ ջուր է լցնում ադրբեջանական քարոզչամեքենային[1]: Ի վերջո հակամարտության մեջ ներգրավված են երեք հիմնական կողմեր՝ Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը: Եթե հակամարտությունը դիտարկվում է Արցախ-Ադրբեջան հարթության վրա, ապա միջազգային իրավունքի տեսանկյունից գերակա է «Ազգերի ինքնորոշման» սկզբունքը: Իսկ եթե Հայաստան-Ադրբեջան հարթությունն է, ապա «Տարածքային ամբողջականության» սկզբունքը[2]: Դրա համար Ադրբեջանն ամեն կերպ փորձում է հարցը ներկայացնել, որպես Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտություն: Մեզ՝ հայերիս համար առավել ձեռնտու կլիներ առաջին տարբերակը: Սակայն 1998 թ. քաղաքական դեպքերը և մեր իշխանական այրերի անհեռատես դիվանագիտությունը որպես հակամարտության լուծման կողմեր ամրագրեց մեզ համար ոչ այնքան նպաստավոր երկրորդ տարբերակը:
Սույն հետազոտության շրջանակներում մենք ներկայացնում ենք մեր կողմից ընդունելի և հայկական կողմի համար շահավետ դիրքորոշումը՝ փորձելով ներկայացնել օբյեկտիվ իրողությունները:
Արցախյանի հիմնահարցի պարզաբանումը անհրաժեշտ է սկսել պատմության ճիշտ ներկայացումից, քանի որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է իր դիվանագիտական դիրքորոշումը փաստարկված ներկայացնելու համար խեղաթյուրել պատմությունը, որոնց և ձևավորվում են Ադրբեջանի քարոզչական հիմնական թեզերը: Նախևառաջ փորձ է արվում ներկայացնելու, որ պատմականորեն Արցախը երբևէ Հայաստանի կազմում չի եղել, այն զուտ Ադրբեջանական տարածք է, սկսելով երկրամասի անվան ստուգաբանությունից:
Այս երկրամասը տարբեր ժամանականերում հանդես է եկել տարբեր անուններով, սակայն դրանցից ամենահինը և գործածականը՝ «Արցախ» անվանումն է, որն ըստ ժողովրդական ստուգաբանության նշանակում է «Արայի անտառներ»[3]։ Ուրատական սեպագիր արձանագրություններում երկրամասը կոչվում են «Ուրտեխե» – «Ուրտեխինի»[4]։ Ըստ էության երկրամասն նույն անունով են կոչել նաև հին հույները։ Հույն հեղինակ Ստրաբոնի «Աշխարհագրությունում» (Ք.հ. 1-ին դար) Կուր գետի աջ ափին գտնվող երկրամասը հիշատակվում է «Օրխիստենա» անունով՝ որպես Մեծ Հայքի նահանգներից մեկը (Արցախը տարածքի մեծությամբ տասներորդ նահանգներ էր)[5]։
Պատմական սկզբնաղբյուրներում «Ղարաբաղ» անվանումը հիշատակվում է 14-րդ դարից։ Այն ձևավորվել է պարսկական աշխարհագրական անվանակարգի հիման վրա. ի տարբերություն երկրամասի հարթավայրային մասի, որը կրում էր «Բաղ-ի սաֆիդ» (Սպիտակ այգի) անունը, նրա լեռնային հատվածը անվանվեց «Բաղ-ի սայիդ», որ թուրքալեզու ժողովուրդների մոտ վերափոխվեց «Ղարաբաղի» (Սև այգի)[6]։ Մինչդեռ ադրբեջանցիները շեշտում են, թե «ղարաբաղ» բառը, հիշատակվում էր 1300 տարի առաջ (VII դարից սկսած): Նրանք շեշտում են նաև, որ ադրբեջաներեն (ինչպես նաև այլ թյուրքական լեզուներում) «ղարա» բառը, բացի գույնի նշանակումից, ունի նաև այլ իմաստներ՝ «խիտ», «անմատչելի», «մեծ», «մութ» և այլն: Այդ տեսանկյունից Ղարաբաղ տերմինը պարունակում է նշանակում է «մութ պարտեզ», «մեծ պարտեզ», «խիտ այգի», «անմատչելի պարտեզ», «գեղատեսիլ այգի» և այլն[7]: Իհարկե այստեղ ավելին քան ակնհայտ է ադրբեջանական շինծու պրոպագանդան: Անցնելով Ռուսական կայսրության տիրապետության տակ՝ «Ղարաբաղ» անվանը կցվում է նաև «нагорный» (լեռնային) ռուսերեն ածականը՝ առանձնացնելով Դաշտային Ղարաբաղը և բնութագրելով Ղարաբաղի լեռնային մասը։ Այսպիսով, լինելով նախ և առաջ պարսկական և ռուսական գերիշխանությունների ներքո՝ Արցախը մինչ օրս կրում է այդ դարաշրջանների դրոշմն իր վրա, որի երկրու բաղադրիչներից մեկն ունի ռուսական ծագում, իսկ մյուսը պարսկական։
Ադրբեջանական մյուս զեղծարարությունը վերաբերում է պատմությանը: Փաստացիորեն Արցախի հնագույն պատմության մասին առաջին վկայությունները վերաբերում են վաղ պալեոլիթի աշելյան շրջանին (50.000-100.000 տարի առաջ): Դրանք հնագույն գործիքներ ու ոսկրաբանական նյութեր են` գտնված Վորվան-Ազոխի, Ծծախաչի, Հունոտի, Խորաձորի քարանձավներում: Մարդու ծագումնաբանության առումով հատուկ արժեք ունի Վորվան-Ազոխի քարանձավում հայտնաբերված նեանդերթալյան մարդու ծնոտը: Բրոնզի և երկաթի դարաշրջանին պատկանող դամբարանների, բնակատեղիների պեղումները (Ստեփանակերտ, Խոջալու, Կրկժան, Ամարաս, Մատաղիս, Խաչենագետի, Իշխանագետի հովիտներ) վկայում են, որ այս տարածքը մտնում էր Քա 5-3-րդ հազարամյակից ձևավորված, այսպես կոչված, Կուր-Արաքսի մշակութային համակարգի մեջ: Հնդեվրոպագիտության համար առանձնակի կարևորություն ունեն Քա 3-րդ հազարամյակին վերաբերող, ողջ Կովկասի տարածաշրջանում եզակի, հսկայական դամբարանաբլուրները (Ստեփանակերտ, Խաչենագետի հովիտ): Համաձայն մի շարք հետազոտողների, հնդեվրոպացիների հնագույն գործունեության առաջին վկայությունները հենց այս տիպի դամբարանաբլուրներն են[8]: Իսկ ադրբեջանական կեղծգիտական պրոպագանդան, վկայակոչելով նույն Ազոխի քարանձավներ, ներկայացնում է, որ այն բնակեցված է եղել նախամարդու կողմի միլիոն տարի առաջ. փաստարկ, որը ամենևին չեն կարող ապացուցել: Միաժամանակ առանց որևէ հիմնավորման ներկայացնում են, թե հետագայում այս տարածաշրջանում հնդեվրոպական ծագում ունեցող ցեղեր չեն ապրել[9]:
Քա 1-ին հազարամյակի սկզբին Արցախը ներառված էր Ասորեստանի և Ուրարտուի քաղաքական ու մշակութային ազդեցության գոտում: Խոջալուի դամբարանադաշտերից մեկում հայտնաբերվել է Ասորեստանի թագավոր Ադադ-Նիրարի անունը կրող սարդիոնե ուլունք: Ուրարտական Սարդուրի 2-րդ թագավորի Ծովք գյուղի մոտ պահպանված սեպագիր արձանագրությունը վկայում է, որ նրա զորքերը հասել են Ուրտեխինի (Արցախ) երկիրը: Ուրարտական պետությունը և նրա կազմի մեջ մտնող ցեղերը կարևոր նշանակություն են ունեցել հայ ժողովրդի կազմավորման գործում:
Ուրարտական թագավորության անկումից հետո (Քա 6-րդ դարի սկիզբ) տարածաշրջանում ամենաակտիվ դերակատարները դառնում են հայ էթնիկ տարրերը: Իր ստեղծման ժամանակից Հայկական նորաստեղծ թագավորությունը ստիպված էր դիմագրավել Մարաստանի տիրապետությանը: Քա 550-331թթ. Հայկական թագավորությունը, այդ թվում և Արցախը գտնվում էր Աքեմենյան Պարսկաստանի թագավորության ենթակայության տակ[10]: Քա 2-րդ դարի սկզբին Արտաշիսյան հարստության ձևավորած հայկական պետության սահմանները հյուսիս-արևելքում անցնում էին Կուր գետով: Հունա-հռոմեական մի շարք սկզբնաղբյուրների վկայությամբ այն նաև հայ էթնիկ տարրի սփռման հյուսիս-արևելյան սահմանն էր[11]: Այդ պետության կազմի մեջ մտնող Արցախը կառավարվում էր տեղաբնիկ Առանշահիկ տոհմի կողմից[12]:
Քա 1-ին դարի կեսերին Հայաստանը դառնում է Առաջավոր Ասիայի ամենահզոր պետությունը: Հայոց Տիգրան Մեծ արքան, կարևորելով Արցախի դերը, այստեղ է կառուցում իր անունը կրող 4 քաղաքներից մեկը` Արցախի Տիգրանակերտը: Այս քաղաքի ավերակները գտնվում են ներկայիս Աղդամ քաղաքի շրջակայքում: Այսօր էլ հին քաղաքի տեղում պահպանվել են դամբանաթմբեր, կոթողներ, ժայռափոր հարթակներ ու համալիրներ[13]: Ադրբեջանցիները նախ փորձում են ներկայացնել, թե իբր հզոր Մեծ Հայք գոյություն չի ունեցել, իսկ Արցախը հայկական տերությանը չի պատկանել[14]: Ընդհանրապես անիմաստ է խոսել նման անհեթեթության մասին, քանի որ օտարերկրյա պատմիչները չեզոք տեղեկությունները զրոյացնում են ադրբեջանցի «գիտնականների» ներկայացրած հիմնավորումները: Իսկ արդեն 66 – 428թթ. Արցախը գտնվում էր հայ Արշակունիների թագավորության կազմում[15]: Արշակունիների դինաստիայի գերիշխանության առումով, որ 387 թվականի Հայաստանի բաժանումից հետո խոսք լինել չէր կարող Արցախում հայկական վերահսկողության մասին[16]:
Ադրբեջանը նման զեղծարարական տարբերակով է փորձում ներկայացնել Արցախի ողջ պատմությունը: Իսկ արդեն հակամարտության իրական սկիզբը դրվեց 20-րդ դարի սկզբին՝ Ռուսական կայսրության անկումից հետ, երբ առաջացան Անդրկովկասյան անկախ պետականություններ: Ղարաբաղը դարձավ կռվախնձոր Հայաստանի ու Ադրբեջանի նորանկախ պետությունների միջև: Ադրբեջանի կառավարությունն այս պայմաններում հռչակեց Բաքվի և Ելիզավետպոլի նահանգները նորաստեղծ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության կազմի մեջ մտցնելու մասին[17]: Ադրբեջանն այդ ակտով ձգտում էր իրեն ամրագրել Հայաստանի պատմական տարածքները` Ղարաբաղն ու Զանգեզուրը, որտեղ գերակշռում էր հայ բնակչությունը:
Լեռնային Ղարաբաղի և Զանգեզուրի ժողովուրդը հրաժարվեց ճանաչել Ադրբեջանի Հանրապետության իրավասությունը, ուր և իշխանությունը իրենց ձեռքը վերցրին հայկական ազգային նահանգային խորհուրդները, որոնք էլ կազմակերպեցին և գլխավորեցին Ադրբեջանի դեմ ուղղված պայքարը:
1918 թվականի հուլիսի 22-ին Շուշիում հրավիրվեց Ղարաբաղի հայերի առաջին համագումարը, որն էլ Լեռնային Ղարաբաղը հռչակեց անկախ վարչաքաղաքական միավոր, ընտրեց Ազգային խորհուրդ և 7 հոգուց կազմված Ժողովրդական կառավարություն: Իսկ արդեն հուլիսի 24-ին ընդունվեց Ղարաբաղի ժողովրդական կառավարության հռչակագիրը, որտեղ շարադրված էին նորաստեղծ պետական իշխանության խնդիրները[18]: Որին հաջորդեց ռազմական գործողությունները: Այսինքն Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չի եղել, մինչդեռ այժմ ադրբեջանցիները միանգամայն հակառակն են ասում:
Ժամանակի միջազգային խոշորագույն կազմակերպությունը՝ Ազգերի լիգան վիճելի է ճանաչել հայկական Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, այն էլ ավելի ընդարձակ սահմաններում, քան ԼՂՀ ներկայիս սահմաններն են, և որոշել, որ Հայաստանի և Ադրբեջանի անկախության ճանաչման հարցի առթիվ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պիտի լուծում գտնի Փարիզի խաղաղության կոնֆերանսում:
1920 թվականի ապրիլին Ադրբեջանում, իսկ նոյեմբերին` Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվեցին: Սա պատճառ հանդիսացավ, որ հայերի մոտ հույս արթնանա, թե տարածքային այս վեճն արդարացի լուծում կստանա և Ղարաբաղը կմիացվի Հայաստանին: Եվ, իրոք, սկզբում գործողությունների տրամաբանությունը հենց այդպիսին էր: 1920թ.նոյեմբերի 30-ին հեագրով, և դեկտեմբերի 1-ին Բաքվի խորհրդի հանդիսավոր նիստում Ադրբեջանի Հեղկոմը հայտարարեց, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վեճերը հայտարարվում են լուծված: Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը համարվում են Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության մաս»[19]: Հենվելով Ղարաբաղի ժողովրդական ներկայացուցիչների ժողովի համագումարների մինչ այդ ընդունած որոշումների և Խորհրդային Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնության վրա` Խորհրդային Հայաստանի կառավարությունը 1921թ. հունիսի 12-ին Լեռնային Ղարաբաղը հռչակեց իր անբաժանելի մասը[20]: Նախիջևանն իր հերթին 1920 թվականի նոյեմբերից մինչև 1921 թվականի մարտը Հայաստանի տարածք էր և դա ճանաչված էր ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Խորհրդային Ռուսաստանի կողմից[21]:
Այսպիսով կարելի է արձանագրել, որ երկու պետությունների իրավասու օրգանները հայտարարեցին և իրավականորեն ձևակերպեցին միջազգային համաձայնագիր կամովին հրապարակված հուշագրի տեսքով: Ըստ էության դա նշանակում էր, որ Ադրբեջանի կողմից նախաձեռնված տարածքային վեճը պետք է վերանա: Սակայն հեռանկարում պարզ դարձավ, որ դա չի կարելի համարել արդարության վերջնական հաղթանակ: Շուտով Ադրբեջանի ղեկավարների դիրքորոշումը փոխվեց և հայտարարվեց, որ Խորհրդային Ադրբեջանը չի կարող համաձայնվել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին հանձնելու որոշման հետ: Արդյունքում, «խաղալով» բոլշևիկյան Ռուսաստանի զգայական լարերի վրա, որը տարված էր համաշխարհայաին սոցիալիստական հեղափոխության տարածմամբ, հասան նրան, որ Արցախի կարգավիճակը վերանայման ենթարկվի: Հարցը քննարկվեց Ռուսաստանի Կոմկուսի Կովկասյան Բյուրոյում, որը 1921թ. հուլիսի 4-ին Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշեց հօգուտ Խորհրդային Հայաստանի[22]: Բայց հաջորդ օրը` հուլիսի 5-ին, Բյուրոն վերանայեց իր որոշումը. «…Ելնելով հայերի և մուսուլմանների միջև խաղաղության անհրաժեշտությունից, Լեռնային Ղարաբաղի և Դաշտային Ղարաբաղի մշտական տնտեսական կապերից և Ադրբեջանի հետ նրա ունեցած կապից` թողնել Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանի կազմում` նրան տալով մարզային լայն ինքնավարություն»[23]: Համաձայն որոշման Ղարաբաղը հռչակվում էր ինքնավար մարզ` Շուշի վարչական կենտրոնով: Ինչպես Դաշտային, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը հանձնվեց Խորհրդային Ադրբեջանին: 1923թ. հուլիսին Լեռնային Ղարաբաղի մի փոքր մասին` բացառապես հայերով բնակեցված տարածքին, տրվեց ինքնավար մարզի կարգավիճակ և Արցախի միացումը Ադրբեջանին` որպես Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ (ԼՂԻՄ), ավարտվեց[24]:
Պատմական արդարությունը վերականգնվեց միայն դարավերջին, այն էլ ռազմական գործողությունների միջոցով: Ղարաբաղյան պատերազմի արդյունքում հայ ժողովուրդն ազատագրեց Արցախը, հռչակվեց անկախ պետականություն: Այսօր ադրբեջանական քարոզչամեքենան ներկայացնում է, թե պատերազմի արդյունքում Հայաստանը օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը, իսկ մոտ 1 մլն փախստականներ հարկադրված էին լքել այդ տարածքները:
Դրանից բացի Ադրբեջանը շեշտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված 4 բանաձևերը, որում ըստ իրենց ՄԱԿ-ի պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Այսօր էլ Ադրբեջանը, հիմնվելով ածխաջրածնային հումքի վաճառքից բխող միլիարդավոր դոլարների վրա, փորձում է համաշխարհային հանրությանն էլ «համոզել» իր պրոպագանդային ճշմարտացիությունը՝ ներկայացնելով Հայաստանի որպես ագրեսոր, սպառնալով պատերազմի վերսկսմամբ: Իսկ որպես հիմնահարցի լուծում ներկայացնում է բազմազգ Ադրբեջանի գաղափարը, որը կլինի այն բնակեցնող բոլոր ժողովուրդների տունը[25]:
Ադրբեջանական այս քարոզչության թեզերի իմացությունը հնարավորություն է տալիս ավելի գրագետ ու հիմնավոր պատասխաններ տալ նրանց կեղծ փաստարկներին, ինչը և վերապահված է հայ դիվանագետներին:
[1] Ամենևին համաձայն չենք մասնավորապես Կարեն Վրթանեսյանի «Հայ-ադրբեջանական հակամարտության քարոզչական թեզերը» հոդվածի բուն վերնագրի հետ: Տե՛ս http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=2219&sphrase_id=31662
[2] Միջազգային հարաբերությունների Հելսինկյան սկզբունքների մասին տե՛ս Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը /Պատմությունը, գործունեությունը և հեռանկարները / Ա. Հարությունյան, Եր., Անտարես, 2006, էջ 22:
[3] Մկրտչյան Շ., Արցախի գանձերը, Երևան, 2000, էջ 10:
[4] Chorbajian L., Donabedian P., Mutafian C., The Caucasian Knot: The History and Geo-Politics of Nagorno-Karabagh. NJ, Zed Books, 1994, էջ 52:
[5] http://www.shiraksec.am/general_links/about_us/patmutyun/mec_hayq.html
[6] http://www.horizonworld.com/vb/showthread.php?t=47
[7] http://karabakh.az/am/sb/karabakh-history/activity/
[8] http://gov.nkr.am/?section=resources/index&type=9&subtype=43
[9] История Азербайджана с древнейших времен до начала XX в. – Баку: Элм, 1995, էջ 17-44:
[10] Հայոց պատմություն, Համառոտ ձեռնարկ, Եր, 2002, էջ 5-10:
[11] Հայոց պատմություն, Հիմնահարցեր, Հնագույն ժամանակներից մինրև մեր օրերը / Ուս. ձեռնարկ, խմբագիր Հր. Ռ. Սիմոնյան, Եր., 2000, էջ 26-30:
[12] http://www.karabakhcenter.com/images/menus/84/Petros%20Hovhannisyan.pdf
[13] http://www.tigranakert.am/
[14] Асадов С., Миф о ”Великой Армении. – Баку, издательство «Азербайджан», 1999, էջ 48-84:
[15] Սարգսյան Ա., Հակոբյան Ա., Հայոց պատմություն, Ուս. Ձեռնարկ, Եր, 2004, էջ 37-61:
[16] Алиев И. Нагорный Карабах: История. Факты. События. – Баку: Элм, 1989. էջ 9:
[17] Մանրամասն տե՛ս http://karabakh.az/am/sb/karabakh-history/-xalqcum/
[18] http://www.gov.nkr.am/index.php?section=resources/index&type=9&subtype=45
[19] Декларация Ревкома Азербайджана “О признании Нагорного Карабаха, Зангезура и Нахичевана составной частью Армянской ССР” от 12 июня 1921 г.:
[20] Декларация Совнаркома ССР Армении “Об объявлении Нагорного Карабаха, Зангезура и Нахичевана составной частью Армянской ССР” от 12 июня 1921 г.:
[21] Մանասյան Ա. Ղարաբաղյան հիմնախնդիր: Փաստարկներ և փաստաթղթեր: Եր.: 2005. էջ 13:
[22] Протокол вечерного заседания Пленума Ковбюро РКП(б) от 4 июля 1921 г.:
[23] Протокол заседания Пленума Ковбюро РКП(б) от 5 июля 1921 г.:
[24] Декрет АзЦСИК Советов “Об образовании Автономной области Нагорного Карабаха” от 7 июля 1923 г.:
[25] http://ru.president.az/azerbaijan/karabakh/