Պուտինյան Ռուսաստանի արտաքին քաղաքականության 10 կարևորագույն ձեռքբերումները. Advance
Ներկայացնում ենք «Advance» պարբերականի «Velemajstori geopolitičke šahovnice: 10 najvećih ruskih vanjskopolitičkih uspjeha» հոդվածը:
ԽՍՀՄ փլուզումից հետո Մոսկվան կորցրեց արտաքին քաղաքական ազդեցության զգալի մասը, Ռուսաստանը դժվարությամբ էր ինտեգրվում նոր աշխարհակարգին, որը ղեկավարվում էր ԱՄՆ-ի կողմից: Վաշինգտոնն էլ ամեն ինչ ձեռնարկում էր, որպեսզի Ռուսաստանը կրկին չվերածի գերտերության: Բորիս Ելցինի կառավարման շրջանում ներքին խնդիրներն ու անջատողականությունը թույլ չէին տալիս մտածելու ազդեցության գոտու ընդլայնման մասին, մինչդեռ գերտերություն դառնալու համար հարևան երկրների հետ բարենպաստ հարաբերությունների պահպանումը առանցքային խնդիր է:
Վլադիմիր Պուտինի իշխանության տարիներին իրավիճակը որոշակիորեն վերափոխվեց, կարելի է առանձնացնել ռուսական արտաքին քաղաքականության 10 կարևորագույն ձեռքբերումները:
1. Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պահպանումը: Տարածաշրջանային ինտեգրացիոն կազմակերպությունների միջոցով Ռուսաստանը ձգտում էր որոշակի վերափոխումներով պահպանել իր ազդեցությունը հետխորհրդային երկրներում:
2. Նարնջագույն հեղափոխություններին հաջող հակազդեցությունը: Երբ Արևմուտքի օժանդակությամբ Ռուսաստանի հարևան երկրներում իշխանության եկան հակառուսական ուժերը, ենթադրվում էր, որ այդ երկրների հետ Մոսկվայի հարաբերությունները կկասեցվեն, չէր բացառվում, որ ճգնաժամ սկսվեր հենց Ռուսաստանում: Մինչդեռ Ղրղզստանում առաջացած քաոսի հետևանքում ռուսական ազդեցությունը Միջին Ասիայում մեծացավ: Իսկ Վրաստանի ու Ուկրաինայի հեղափոխությունների վերջնական արդյունքներին էին Հարավօսական պատերազմ (2008թ.) ու Ուկրաինայի ճգնաժամը (2014թ.):
3. Ղրիմի անեքսիան: Եվրամայդանի հեղափոխությունը ցույց էր տալիս, որ Ուկրաինան անշեղորեն գնում է դեպի ՆԱՏՕ և դառնում է ամերիկյան ազդեցության գոտի: Թեև Կիևում այժմ իշխում են արևմտամետ ուժերը, սակայն Մոսկվային հաջողվեց գրավել Սև ծովի տարածաշրջանում ռազմավարական նշանակություն ունեցող Ղրիմի թերակղզին: Իսկ Դոնբասի ապստամբությունը վերջին հաշվով կարող է դառնալ դաշնային Ուկրաինայի ձևավորման նախադրյալը: Այս պայմաններում Ուկրաինան կարող է դառնալ ոչ թե Արևմուտքի գաղութը, այլ կամուրջ Արևելքի ու Արևմուտքի միջև:
4. Հակադրություն ՆԱՏՕ-ին և ԱՄՆ-ի ագրեսիվ արտաքին քաղաքականությանը: ՆԱՏՕ-ի ընդլայնումը անհանգստացնում էր Մոսկվային, քանի որ ակնհայտ էր, որ դրա նպատակն է շրջապատել Ռուսաստանը: Ի պատասխան Մոսկվան ամրապնդում էր իր արևմտյան սահմաններն ու ընդհանուր զինուժը: Վրաստանում և Ուկրաինայում Դաշինքի առաջխաղացումը կասեցվեց, իսկ որոշ նատօ-ական երկրների հետ Ռուսաստանը ջերմ հարաբերությունն է հաստատել (Թուրքիա, Հունաստան, Հունգարիա, Չեխիա, Սլովակիա): Այսօր Ռուսաստանը կարող է հակադարվել ՆԱՏՕ-ին Արևելյան Եվրոպայից մինչև Կորեական թերակղզի:
5. Նոր միջազգային կազմակերպությունների ձևավորում (Շանհայյան համագործակցության կազմակերպություն (ՇՀԿ), Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ) և ԲՌԻԿՍ): ՇՀԿ-ը յուրովի ռազմական պատասխան էր ՆԱՏՕ-ին, քանի որ կազմակերպությունը միտված է ապահովել ահաբեկչության, անջատողականության դեմ պայքար ու ռազմական միջոցառումներ: ԵԱՏՄ-ը Պուտինի տնտեսական պատասխանն էր Եվրամիության և Չինաստաննի նոր մետաքսի ճանապարհ նախագծին: Այժմ ԵԱՏՄ-ն հանդես է գալիս որպես կամուրջ Եվրոպայի և Չինաստանի միջև: ԲՌԻԿՍ-ը բազմաբևեռ աշխարհակարգի հաստատման կարևորագույն կառույցներից է, այն լուրջ սպառնալիք է ամերիկյան հեգեմոնիային և Վաշինգտոն-Բրյուսել առանցքին:
6. Սիրիական ճգնաժամին միջամտությունը: Ռուսաստանը Սիրիայում հաջողությամբ դիմակայում է ամերիկյան ռազմավարական պլաններին: Այդ երկիրը պետք է դառնար ԱՄՆ ազդեցության հերթական գոտին, դրա համար Վաշինգտոնը զինում էր սկզբում չափավոր ընդդիմադիրներին, ապա ծայրահեղականներին: Ռուսաստանը փրկեց Սիրիան ու Ասադի իշխանությունը՝ կասեցնելով տարածաշրջանում իսլամական խալիֆայության ձևավորման նկրտումները:
7. Ռուսաստանի շրջադարձը դեպի Ասիա: Ռուսաստանն աստիճանաբար դառնում է գլոբալ տերություն, որը կախվածություն չի ունենա Արևմուտքից՝ այդ ճանապարհին օգտվելով Ասիայի ընձեռած հնարավորություններից: Չինաստանի հետ ռազմավարական գործընկերությունը լուրջ վերափոխումների են առաջացնում միջազգային հարաբերությունների համակարգում: Ռուսաստանը վաճառում է զենք ու ռազմական տեխնիկա, իսկ Չինաստանն էլ մասնակցում է բազմաթիվ ռուսական նախագծերի իրագործմանը և մատակարարում էր սպառման տարատիպ ապրանքներ: Ամրապնդվել են հարաբերությունները Հնդկաստանի հետ, որն իր հսկայածավալ ռեսուրսներով Ռուսաստանին հնարավորություն է տալիս թուլացնել արևմտյան պատժամիջոցների ազդեցությունը: Մոսկվան նաև սերտ հարաբերություններ է պահպանում Վիետնամի ու Հյուսիսային Կորեայի հետ:
8. Լատինական Ամերիկյանում ազդեցության ընդլայնումը: Սառը պատերազմի տարիներին ԽՍՀՄ-ը լատինամերիկյան տարածաշրջանում նշանակալի դեր ուներ, ժամանակակից Ռուսաստանը փորձում է վերականգնել այդ ազդեցությունը: 2016 թվականի սոցիոլոգիական հարցումների տվյալներով Կուբան, Վենեսուելան ու Բրազիլիան Ռուսաստանի նկատմամբ դրական վերաբերմունք ունեցող երկրների տասնյակում են: Լատինամերիկյան երկրների համար Ռուսաստանը կարևոր է նրանով, որ կարող է ապահովել իրենց ինքնիշխանությունն ու ամերիկյան միջամտության դեպքում օժանդակություն ցուցաբերել:
9. Ռուսաստանի քաղաքացիների ինքնավստահության վերականգնումը: Կրեմլի արտաքին քաղաքականության կարևորագույն նպատակն է Ռուսաստանի բարեկեցության ապահովումը: Այսօր ռուսաստանցիները հպարտ են, որ այդ մեծ, հզոր երկրի քաղաքացիներ են: Այսօր բոլորի համար պարզ է, որ Մոսկվան կարող է հակադարձել Վաշինգտոնին և մյուս տերություններին արտաքին ու ներքին քաղաքականության հարցերում՝ չվախենալով բացասական հետևանքներից, շատ այլ երկրների համար սա անհասանելի երազանք է:
10. Բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորում: Այսօր աշխարհը երկբևեռ չէ, ինչպես սառը պատերազմի տարիների, և միաբևեռ չէ, ինչպես 90-ականներին: Այսօր առկա են մի քանի տերություններ՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան: Մյուս երկրները (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Հնդկաստան, Բրազիլիա) հարկադրված են համագործակցել՝ իրատեսական որոշումներ ընդունելու համար: Միակողմանի ընդունված որոշումների համար այլևս հիմքեր չկան: Վլադիմիր Պուտինը կարողացել է Ռուսաստանը մահացող երկրից դարձնել անկախ գերտերություն, որի կարիքը ժամանակակից աշխարհը բավականին շատ է զգում: