Ինչը կդարձնի տարածաշրջանը ապահով
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը երեքշաբթի ասել է, որ Եվրոպան պետք է մեծացնի իր պաշտպանական կարողությունները՝ հակամարտություններից խուսափելու և անվտանգ լինելու համար, և նա կրկնել է իր կոչը՝ ստեղծելու միասնական եվրոպական հակաօդային պաշտպանության համակարգ։ Այս մասին գրում է REUTERS-ը:
Ուկրաինական հակամարտության պայմաններում Լեհաստանն ուժեղացնում է իր պաշտպանական կարողություններ՝ հատկացնելով իր Համախառն ներքին արդյունքի ավելի քան 4%-ը։
Ելույթ ունենալով Եվրոպական տնտեսական կոնգրեսում՝ Կատովիցեում քաղաքական գործիչների և գործարարների հետ հանդիպման ժամանակ, Տուսկն ասել է, որ ԵՄ երկրները պետք է համատեղ գործողություններ ձեռնարկեն պաշտպանության վրա ծախսերն առնվազն 100 միլիարդ եվրոյով (107 միլիարդ դոլար) ավելացնելու համար:
«Եվրոպան պետք է պատրաստ լինի մոտակա մեկ տասնյակ ամիսների ընթացքում և ամբողջ հաջորդ հինգ տարիներին մի իրավիճակի, երբ աշխարհում ոչ մի ուժ չի համարձակվի ձեռք բարձրացնել նրա դեմ»,- ասել է նա։
«Մեծ փողերը երկար ժամանակով, գուցե ընդմիշտ, կհեռացնեն պատերազմը Եվրոպայի սահմաններից»:
Համատեղ հակաօդային պաշտպանությունը «պետք է դառնա եվրոպական նախագիծ, որը կլինի ֆինանսական ջանք Եվրոպայի վրայով գմբեթ կառուցելու համար», — ասել է նա: «Մենք շատ ավելի շատ նախաձեռնություններ ու հանդիպումներ ունենք, քան իրական գործողություններ՝ պաշտպանելու եվրոպական երկինքը»։
Կոնգրեսին մասնակցած Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը նույնպես ասաց, որ Եվրոպան պետք է ավելի շատ ծախսի պաշտպանության վրա և հայտարարեց, որ եթե ինքը մնա իր պաշտոնում ևս մեկ ժամկետ, կառաջարկի պաշտպանական նոր նախագծեր։
Նա առաջ է քաշել նախկինում հայտարարված առաջարկը՝ ստեղծելու ԵՄ պաշտպանության հանձնակատար, որը կօգնի աջակցել եվրոպական պաշտպանական արդյունաբերությանը: