Ո՞վ է Վրաստանի նախագահի հիմնական թեկնածուն
Վրաստանի իշխող կուսակցությունը որպես նախագահի թեկնածու ընտրել է «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլիին, չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Վրացական երազանքի» նախագահ Բիձինա Իվանիշվիլին։ Այս մասին գրում է POLITICO-ն:
Այս քայլը նշանակում է, որ Կավելաշվիլին՝ հակաարևմտյան քաղաքական կոշտ գծի կողմնակից, ում թույլ չտվեցին առաջադրվել որպես ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ 2025 թվականին, քանի որ նա չունի բարձրագույն կրթություն, այժմ, հավանաբար, կդառնա Վրաստանի հաջորդ նախագահը:
Առաջին անգամ նախագահն անուղղակի կերպով կընտրվի 300 հոգանոց ընտրական կոլեգիայի կողմից, որը բաղկացած է խորհրդարանի անդամներից և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից, որոնցում գերակշռում է «Վրացական երազանքը»:
2022 թվականին «Վրացական երազանքից» հեռանալուց հետո հիմնադրելով իր աջակողմյան եվրոսկեպտիկ «Ժողովրդական իշխանություն» կուսակցությունը՝ Կավելաշվիլին քաղաքականության մեջ նորեկ չէ: Իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում նա խաղացել է Վրաստանի ազգային հավաքականում, Թբիլիսիի «Դինամոյում», իսկ 1990-ականների կեսերին կարճ ժամանակով հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում»։
Վրաստանում բողոքի ցույցեր են տեղի ունեցել հոկտեմբերի 26-ի վիճելի խորհրդարանական ընտրություններից հետո, որոնցում իշխող կուսակցությունը ջախջախիչ հաղթանակ տարավ: Զուրաբիշվիլին, ընդդիմադիր կուսակցությունները և անկախ դիտորդները նշում են, որ ընտրությունները կեղծվել են:
Նախագահական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 14-ին։