Իրանի և Արևմուտքի հարաբերությունները կգնա՞ն կարգավորման ճանապարհով
Իրանը պատրաստ է միջուկային բանակցություններ սկսել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում, եթե «մյուս կողմերը ցանկանան», երկուշաբթի ասել է ԱԳ նախարար Աբբաս Արաքչին իր Telegram ալիքում հրապարակված տեսանյութում։ Այս մասին գրում է CNBC-ին։
ԱՄՆ-ը (այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի օրոք) 2018-ին դուրս եկավ միջուկային համաձայնագրից, որը ստորագրվել էր 2015-ին Իրանի և համաշխարհային վեց տերությունների կողմից, որով Թեհրանը զսպեց իր վիճելի միջուկային ծրագիրը՝ միջազգային պատժամիջոցների չեղարկման դիմաց:
Վաշինգտոնի և Թեհրանի միջև գործարքը վերականգնելու անուղղակի բանակցությունները փակուղի են մտել:
«Ես Նյու Յորքում կմնամ մի քանի օր ավելի, քան [Իրանի] նախագահը և ավելի շատ հանդիպումներ կունենամ տարբեր արտգործնախարարների հետ։ Մենք մեր ջանքերը կկենտրոնացնենք միջուկային պայմանագրի շուրջ բանակցությունների նոր փուլ սկսելու վրա»,- ասել է Արաքչին։
Նա հավելեց, որ հաղորդագրություններ են փոխանակվել Շվեյցարիայի միջոցով և հրապարակվել է «պատրաստվածության ընդհանուր հռչակագիր», սակայն զգուշացրել է, որ «ներկայիս միջազգային պայմանները բանակցությունների վերսկսումն ավելի բարդ և դժվար են դարձնում, քան նախկինում»:
Արաքչին ասել է, որ չի հանդիպի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ. «Ես չեմ կարծում, որ նպատակահարմար կլինի նման երկխոսություն վարել։ Նման հանդիպումներ եղել են նախկինում, սակայն ներկայումս դրա համար հարմար հիմք չկա։ Մենք դեռ շատ հեռու ենք ուղիղ բանակցություններ վարելուց»։
Թրամփի վարչակազմի օրոք ԱՄՆ-ի պատժամիջոցների երկարաձգումից ի վեր, Թեհրանը հրաժարվել է ուղղակիորեն բանակցել Վաշինգտոնի հետ և աշխատել հիմնականում եվրոպացի կամ արաբ միջնորդների միջոցով:
Իրանի առաջնորդները ցանկանում են տեսնել ԱՄՆ պատժամիջոցների մեղմացում, որոնք զգալիորեն վնասել են նրա տնտեսությունը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ չէ վերսկսել Իրանի հետ միջուկային բանակցությունները։