Ի՞նչ կապ կա արհեստական բանականության և միջուկային սպառազինության միջև
Հինգշաբթի ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան հորդորեց Չինաստանին և Ռուսաստանին համապատասխանեցնել Միացյալ Նահանգների և այլ երկրների հայտարարություններն այն մասին, որ միջուկային զենքի տեղակայման վերաբերյալ որոշումներ կկայացնեն միայն մարդիկ, և ոչ երբեք արհեստական բանականությունը: Այս մասին հայտնում է REUTERS-ը:
Պետդեպարտամենտի սպառազինությունների վերահսկման պատասխանատու Փոլ Դինը առցանց ճեպազրույցում ասաց, որ Վաշինգտոնը «հստակ և ամուր պարտավորություն է ստանձնել», որ մարդիկ լիակատար վերահսկողություն կունենան միջուկային զենքի վրա՝ հավելելով, որ Ֆրանսիան և Բրիտանիան նույնն են արել:
«Մենք կողջունեինք նմանատիպ հայտարարությունը Չինաստանի և Ռուսաստանի Դաշնության կողմից», — ասել է Դինը:
«Մենք կարծում ենք, որ սա պատասխանատու վարքագծի չափազանց կարևոր նորմ է, և մենք կարծում ենք, որ շատ ողջունելի կլինի P5 համատեքստում», — ասաց նա՝ նկատի ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներին։
Դինի խոսքերը հնչում են այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը փորձում է խորացնել առանձին քննարկումները Չինաստանի հետ ինչպես միջուկային զենքի քաղաքականության, այնպես էլ արհեստական բանականության աճի շուրջ:
Չինաստանի պաշտպանության նախարարությունն անմիջապես չի պատասխանել մեկնաբանության խնդրանքին:
Արհեստական բանականության տեխնոլոգիայի տարածումը քննարկվել ապրիլի 26-ին Պեկինում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի միջև լայնածավալ բանակցությունների ընթացքում:
Երկու կողմերը պայմանավորվել են առաջիկա շաբաթներին անցկացնել արհեստական բանականության վերաբերյալ իրենց առաջին երկկողմ բանակցությունները, ասել է Բլինքենը՝ հավելելով, որ նրանք կարծիքներ կփոխանակեն այն մասին, թե ինչպես լավագույնս կառավարել տեխնոլոգիան շրջապատող ռիսկերն ու անվտանգությունը:
Ռազմական հաղորդակցության նորմալացման շրջանակներում ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները հունվարին վերսկսեցին միջուկային զենքի վերաբերյալ քննարկումները, սակայն սպառազինությունների վերահսկման պաշտոնական բանակցությունները շուտով չեն սպասվում: