Վրաստանը նոր վարչապետ ունի
Վրաստանի իշխող կուսակցության նախկին նախագահը հինգշաբթի խորհրդարանի կողմից նշանակվել է կովկասյան երկրի վարչապետ՝ աշնանը կայանալիք համապետական ընտրություններից առաջ տեղի ունեցած վերադասավորումների արդյունքում: Այս մասին գրում է APNEWS-ը:
Իրակլի Կոբախիձեն այդ պաշտոնում նշանակվել է խորհրդարանի 84-10 ձայներով: Նախկինում նա լքել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահի պաշտոնը և նրան փոխարինել է նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որը հրաժարական էր տվել նախորդ ամիս:
45-ամյա Կոբախիձեն, որը Գերմանիայում կրթություն ստացած իրավաբան է, «Վրացական երազանք»-ի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականից:
2016-2019 թվականներին Կոբախիձեն զբաղեցրել է խորհրդարանի խոսնակի պաշտոնը, սակայն ստիպված է եղել հրաժարական տալ Թբիլիսիում զանգվածային ցույցերից հետո, որոնք բռնկվել են, երբ ռուս պատգամավորը նախագահել է ուղղափառ քրիստոնյա երկրների օրենսդիրների ժողովը խորհրդարանի շենքում:
Հինգշաբթի ելույթ ունենալով խորհրդարանում՝ Կոբախիձեն ասել է, որ կառավարությունը կաշխատի վերջ դնել Վրաստանից անջատված Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջանների ռուսական օկուպացիային և ջանքեր կգործադրի աղքատությունը հաղթահարելու համար: