Այս կուսակցությունը հնարավոր է դասակարգվի որպես ծայրահեղական
Գերմանական դատարանը որոշել է, որ Գերմանիայի ներքին հետախուզական գործակալությունը կարող է ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության երիտասարդական թևը դասել ծայրահեղականների շարքին, ինչը հանգեցրեց բանավեճին, թե արդյոք խմբավորումը պետք է արգելվի: Այս մասին հայտնում է POLITICO լրատվականը:
Երիտասարդական խումբը, որը հայտնի է որպես Young Alternative («Երիտասարդ այլընտրանք»), «շարունակում է ներգրավվել զանգվածային հակաօտարերկրյա և, մասնավորապես, հակաիսլամական և հակամուսուլմանական գրգռումների մեջ», պարզել է Քյոլնի վարչական դատարանը, ըստ գերմանական լրատվամիջոցների հաղորդումների:
Գերմանիայի ներքին հետախուզական գործակալությունը, որին հանձնարարված է հակասահմանադրական համարվող խմբերի հետախուզումը, 2023 թվականին «Երիտասարդ այլընտրանքը» դասակարգեց որպես ծայրահեղական՝ տարիներ շարունակ մոնիթորինգ իրականցնելուց հետո: AfD-ն և Young Alternative-ը փորձեցին հակազդել այդ քայլին դատարանում:
Քյոլնի դատարանը, սակայն, որոշեց, որ Young Alternative-ի դասակարգումը որպես ծայրահեղական արդարացված է, թեև խումբը, հավանաբար, այժմ կբողոքարկի այդ որոշումը:
Դատարանի որոշումը, անշուշտ, կխթանի Գերմանիայում վեճը, թե արդյոք Young Alternative-ը պետք է արգելվի: Վերջին շաբաթների ընթացքում հարյուր հազարավոր գերմանացիներ դուրս են եկել փողոցներ՝ ընդդեմ AfD-ի և ծայրահեղ աջ էքստրիմիզմի:
Քյոլնի դատարանի որոշումը «հստակ ցույց է տալիս, որ մենք գործ ունենք մարդկության նկատմամբ զանգվածային արհամարհանքի, ռասիզմի, մուսուլմանների նկատմամբ ատելության և մեր ժողովրդավարության վրա հարձակումների հետ», երեքշաբթի Բեռլինում ասաց Գերմանիայի ներքին գործերի նախարար և իշխող սոցիալ-դեմոկրատների անդամ Նենսի Ֆեյզերը (Nancy Faeser): «Մենք շարունակելու ենք դրա դեմ քայլեր ձեռնարկել օրենքի գերակայության միջոցներով»: