Ֆինանսավորում այս տարի աjլևս չի լինի
ԱՄՆ նախագահական ընտրություններին դեռ շատ ամիսներ են մնացել։Դոնալդ Թրամփը, սակայն, արդեն բացառիկ վնասակար ազդեցություն ունի ամերիկյան արտաքին քաղաքականության վրա։ Թրամփի հրահանգով Կոնգրեսի հանրապետականներն արգելափակում են Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը:
Այս շաբաթ ԱՄՆ Սենատը կարող է համաձայնության գալ օգնության փաթեթի շուրջ, սակայն Ներկայացուցիչների պալատի հանրապետականները մնում են անդրդվելի: Արդյունքում, գնալով ավելի քիչ հավանական է դառնուն, որ ռազմական օգնության օրինագիծն Ուկրաինային Կոնգրեսում կանցնի առաջիկա ամիսներին կամ նույնիսկ այս տարի:
Նման դիրքավորման հետևանքները կարող են աղետալի լինել։ Ուկրաինան արդեն տառապում է զինամթերքի, հատկապես՝ հրետանային արկերի պակասից։ Այս տարի խնդիրն էլ ավելի է սրվելու, ինչը հղի է ավելի վտանգավոր հետևանքներով։
Թագավորական ինստիտուտի պաշտպանական հետազոտություններից Ջեք Ուոթլինգը(Jack Watling) հաճախակի այցելում է Ուկրաինայի առաջնագծում: Նա ասում է, որ իրավիճակն այնտեղ այժմ «ծայրահեղ ծանր է»: Զինամթերքի պակասն արդեն հանգեցրել է ուկրաինացիների զոհերի ավելացման: Առանց հստակ իմանալու, թե երբ կհասնի նոր զինտեխնիկան, ուկրաինացի զինվորականները չեն կարող ծրագրել ապագա գործողությունները։
Ուկրաինայի համար դրական նորություններից էր ԵՄ-ի որոշումը նախորդ շաբաթ՝ տրամադրելու Ուկրաինայի կառավարությանը 50 միլիարդ եվրոյի չափով լրացուցիչ ֆինանսական օգնություն։ Financial Times-ին ուղղված համատեղ նամակում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և ԵՄ չորս այլ առաջնորդներ նաև կոչ են արել ավելի շատ եվրոպական ռազմական օգնություն ցուցաբերել:
Բայց Եվրոպայում արտադրական գծերը դեռ չեն կարողանում լրացնել ամերիկացիների զինամթերքի պակասը։ Դրա համար կպահանջվի առնվազն ամբողջ 2024 թվականը, և այդ պատճառով տարվա երկրորդ կեսը կարող է շատ վտանգավոր դառնալ Ուկրաինայի համար։
Ուոթլինգը կարծում է, որ զինամթերքի պակասի հետևանքները «սկզբում կզգացվեն դանդաղ, իսկ հետո արագ»: Նա զգուշացնում է, որ «մինչ հետևանքներն ակնհայտ դառնան, արդեն ուշ կլինի»։
ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսը հայտարարել է, որ ԱՄՆ-ի համար այս պահին Ուկրաինայից հրաժարվելը «պատմական չափերի» սխալ կլինի։