Ինչի՞ց է հիասթափված Միացյալ Նահանգները
- ԱՄՆ պաշտոնյաները գնալով ավելի են հիասթափվում նրանից, թե ինչպես է Ուկրաինան իրականացնում, գրում է New York Times-ը։
- Ամերիկայի պաշտոնյաները մտահոգված են, որ ուկրաինական զորքերը չեն կենտրոնացնում իրենց ուժերը անհրաժեշտ տարածքներում։
- Եթե Ուկրաինան ցանկանում է արագացնել իր հակահարձակումը, այն պետք է փոխի մարտավարությունը, կարծում են ԱՄՆ-ում։
Քանի որ Ուկրաինան շարունակում է իր դանդաղ հակահարձակումը Ռուսաստանի պաշտպանական գծերի դեմ, ամերիկացի որոշ պաշտոնյաների մտահոգությունները կարծես թե աճում են: Այս մասին գրում է Business Insider-ը (The US is growing increasingly frustrated with Ukraine’s tactics. It could put the counteroffensive in jeopardy)։
ԱՄՆ-ի կես տասնյակ պաշտոնյաներ, անանունության պայմանով, ասել են New York Times-ին և այլ լրատվականներին, որ իրենք սկսել են կասկածի տակ դնել Ուկրաինայի ռազմամարտավարական մի քանի որոշումներ, ինչպես օրինակ՝ ուկրաինական մարտական ստորաբաժանումները առաջնագծում տեղակայելը:
Ուկրաինացի հրամանատարները հավասարապես բաժանում են ուժերը երկրի արևելքի և հարավի միջև, մինչդեռ նրանք պետք է ավելի համախմբված լինեն հարավում, ասում են ամերիկացի պաշտոնյաները:
Ռուսական ուժեղ ամրությունները երբեմն ստիպում են ուկրաինական ուժերին ետևում թողնել ժամանակակից արևմտյան տանկերը և ձեռքով մաքրել տարածքը՝ հաճախ օգտագործելով զինվորական փոքր ջոկատներ, որոնք պետք է սողան գետնով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Insider առցանց հրատարակության թղթակից Ռայան Պիկրելը(Ryan Pickrell), Կիևը պնդում է, որ առաջ է շարժվում՝ չնայած արևմուտքի անիրատեսական սպասումներին, անհրաժեշտ սարքավորումների բացակայությանը և ռուսական կոշտ պաշտպանությանը: Այնուամենայնիվ, փորձագետները մտավախություն ունեն, որ նման անիրատեսական սպասումները կարող են հանգեցնել նրան, որ Արևմուտքի աջակցությունն Ուկրաինային ապագայում կնվազի, ինչը կվտանգի հակահարձակումը։
Բրիտանական վերլուծական կենտրոնի՝ Պաշտպանական հետազոտությունների թագավորական միացյալ ինստիտուտի ավագ գիտաշխատող Դեյվիդ Լյուիսը Insider-ին ասել է, որ արևմտյան պաշտոնյաների ներկայիս հիասթափությունը «կարող է ստիպել վերանայել ռազմավարությունը»:
Գնալով ավելի են հնչում ձայները, որ Ուկրաինայի համար, հնարավոր է ժամանակն է սկսել բանակցությունները Ռուսաստանի հետ, այլ ոչ թե երկարացնել ներկայիս փակուղին: