Այլևս չկան հարաբերություններ քաղաքական մակարդակում
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի խոսքով, Ֆինլանդիայի արտաքին և անվտանգության քաղաքականության մեջ նոր դարաշրջան է սկսվել։ Ելույթ ունենալով Հելսինկիում դեսպանների հանդիպման ժամանակ՝ Վալտոնենն ասել է, որ Ֆինլանդիան այլևս չեզոք երկիր չէ՝ կապված ՆԱՏՕ-ին միանալու հետ։ Այս մասին գրում է ֆինլանդական լրատվամիջոցը:
«ՆԱՏՕ-ին անդամակցությունն ամրապնդում է ոչ միայն մեր անվտանգությունը, այլև Հյուսիսային Եվրոպայի կայունությունը և եվրոպական անվտանգության ճարտարապետությունը: Ֆինլանդիայի ուժեղ պաշտպանությունն ու ճգնաժամերին դիմակայելը ուժեղացնում է ամբողջ դաշինքը: Դաշինքին անդամակցությունը մեզ էլ ավելի մոտեցրել է անդրատլանտյան հանրությանը: Լինելով ՆԱՏՕ-ի անդամ՝ Ֆինլանդիան անվերապահորեն արևմտյան երկիր է»,- ասել է Վալտոնենը։
«Որպես դաշինքի անդամ՝ մենք պատրաստվում ենք աջակցել ՆԱՏՕ-ի մյուս երկրներին՝ համաձայն մեր պարտավորությունների: Մենք պատրաստ ենք ինչպես ընդունել, այնպես էլ ցուցաբերել օգնություն: Ֆինլանդիան լիովին կմասնակցի ՆԱՏՕ-ի գործունեությանը»,- շարունակել է նա:
Էլինա Վալտոնենի խոսքով՝ Ֆինլանդիան պատրաստ է անել հնարավորը, որպեսզի Շվեդիան հնարավորինս շուտ դառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Նախարարը նշել է, որ Ֆինլանդիան նույնպես աջակցում է դաշինքի բաց դռների քաղաքականությանը և իր դաշնակիցների հետ միասին նպաստում է Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին։
Արտգործնախարարն հայտարարեց. Ֆինլանդիան ցանկանում է, որ եվրոպական երկրներն ավելի շատ ներդրումներ կատարեն սեփական պաշտպանության համար։
«Եվրոպան պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի իր անվտանգության համար — մեր ամերիկացի դաշնակիցների հետ միասին»:
Արտգործնախարար Վալտոնենն իր ելույթում նկարագրել է նաև Ֆինլանդիայի հարաբերությունները Ռուսաստանի հետ։ «Ռուսաստանն իր գործողություններով քանդել է մեր նախկին երկկողմ հարաբերությունները, իսկ քաղաքական մակարդակում դրանք այլևս գոյություն չունեն: Իհարկե, կարևոր է շփումների պահպանումը դիվանագիտական և օպերատիվ մակարդակով, օրինակ՝ սահմանային անվտանգության ոլորտում», — ասել է Վալտոնենը:
Արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Ֆինլանդիան պատրաստ է ՄԱԿ-ի և համախոհ երկրների հետ միասին ուղիներ գտնել՝ ապահովելու ուկրաինական հացահատիկի տեղափոխման անվտանգությունը ցամաքով և ծովով։