Տեկտոնական փոփոխություններ Եվրոպայում
— Եվրոպական քաղաքական լանդշաֆտի տեղաշարժը դեպի աջ արտացոլում է քաղաքական աջակցության և ռազմավարության հիմքերի փոփոխությունները ԵՄ-ում։
— Ելնելով այս միտումից՝ կարելի է ենթադրել, որ հաջորդ տարի կայանալիք Եվրախորհրդարանի ընտրությունները կհանգեցնեն քաղաքական նոր ցնցումների և ծայրահեղ աջերի հաղթանակների։ Այս մասին գրում է Ջեյմս Ֆ. Դաունսը(James F. Downes) SCMP լրատվականում (Far-right’s rise in Europe a warning signal for an EU beset with challenges):
2023 թվականին ծայրահեղ աջերը երթով շարժվում են ամբողջ Եվրոպայով։ Ընտրությունների վերջին արդյունքները ցույց են տվել, որ արմատական աջակողմյան բազմաթիվ կուսակցություններ ստացել են և՛ ավելի շատ ձայներ, և՛ ավելի շատ տեղեր տարածաշրջանի երկրների կառավարություններում: Արևմտյան Եվրոպայի երկրներում, ինչպիսիք են Իտալիան, Ավստրիան, Ֆրանսիան, Գերմանիան, Նիդերլանդները և Հունաստանը, աճում է այս գաղափարախոսության կողմնակիցների աջակցությունը:
Մայրցամաքի արևելյան երկրներում, ինչպիսիք են Հունգարիան և Լեհաստանը, ծայրահեղ աջ կուսակցությունները երկար ժամանակ վերահսկում են կառավարությունը: Աջ շարժման աճ կա նաև Հյուսիսային Եվրոպայում. վերջին շրջանում՝ Շվեդիայում և Ֆինլանդիայում:
Ավելի կարևոր է, որ 2022 թվականի սեպտեմբերին Իտալիայի վաղաժամկետ համընդհանուր ընտրությունները նշանավորեցին երկրի քաղաքականության նոր դարաշրջանը, երբ իշխանության ղեկին հայտնվեց ծայրահեղ աջ կոալիցիոն կառավարությունը՝ նոր վարչապետ Ջորջա Մելոնիի գլխավորությամբ:
Առավել զարմանալի է այն փաստը, որ 1945 թվականից (Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո) երկրում փոխվել է 68 կառավարություն — միջինը 1,1 տարին մեկ անգամ։
Եվրոպայի քաղաքական սպեկտրի ծայրահեղ աջ կուսակցությունները պատմականորեն հակված են կենտրոնանալ երեք հիմնական նպատակների վրա.
1) Նրանք պաշտպանում են նատիվիզմը՝ կենտրոնանալով սեփական էթնիկ խմբի պաշտպանության վրա ենթադրյալ «օտար» շերտերից, ինչպիսիք են ներգաղթյալները:
2) Այս կուսակցությունները առաջնորդվում են միտումով՝ վարելու ավտորիտար քաղաքականություն:
3) Եվրոպայում ծայրահեղ աջ կուսակցությունները հաճախ օգտագործում են պոպուլիստական նարատիվներ՝ օրինակ պնդլեով, որ ներկայացնում են հասարակ ժողովրդին և հակադրվում նրանց, ում ընկալում են որպես հասարակության կոռումպացված քաղաքական էլիտա:
Այսպիսով, ինչո՞վ են տարբերվում նոր ծայրահեղ աջերը՝ բարձրացող եվրոպական մայրցամաքում: Նախկինում ենթադրվում էր, որ նրանք զբաղվում են միայն մեկ բնագավառի խնդիրներով, ինչպիսիք են հակամիգրացիոն քաղաքականությունը կամ Եվրամիությանը հակադրվելը:
Բայց հիմա ամեն ինչ այլ է։ Այն, ինչ մենք տեսնում ենք Եվրոպայում, ծայրահեղ աջ կուսակցությունների ռազմավարական դիվերսիֆիկացումն է։ Ամբողջ մայրցամաքում ծայրահեղ աջերն այլևս միայն չեն հակադրվում ներգաղթյալներին կամ ԵՄ-ին:
Շատերը փոխել են իրենց քաղաքական ռազմավարությունը՝ փորձելով ավելի գրավիչ դառնալ ընտրողների համար: Նոր քաղաքական գործիչները կենտրոնանում են այնպիսի խնդիրների վրա, ինչպիսին է էկոազգայնականությունը, — բայց նպատակով՝ սահմանափակելու ներգաղթը կամ ազգային ինքնիշխանության վերականգնումը ԵՄ-ից դուրս :
Երկրորդ ռազմավարությունը, որն այժմ քարոզում են մի քանի ծայրահեղ աջ կուսակցություններ Եվրոպայում, ինչպիսիք են Մարին Լը Պենի «Ազգային միավորում»-ը Ֆրանսիայում և «Լիգան Իտալիայում», դադարեցնել ԵՄ-ից «կտրուկ» դուրս գալու քարոզչությունը, որը քաղաքագիտության մեջ հայտնի է որպես «ծայրահեղ եվրոսկեպտիցիզմ»՞ Փոխարենը, նրանք ձգտում են բարեփոխել ԵՄ-ն ներսից՝ քարոզելով եվրոսկեպտիցիզմի ավելի մեղմ ձև դաշինքի ազդեցությունը նվազեցնելու միջոցով:
Ինչպե՞ս են Եվրոպայի քաղաքական սպեկտրի ձախ և աջ հիմնական կուսակցությունները արձագանքում ծայրահեղ աջերի մարտահրավերին: Վերջերս իմ համահեղինակած ուսումնասիրությունը կենտրոնացած էր այն բանի վրա, թե ինչպես 2015-2018 թվականների Եվրոպայի միգրացիոն ճգնաժամի ժամանակ տարածաշրջանի իշխող աջ կենտրոնամետ կուսակցությունները (Պահպանողական և Քրիստոնեա-դեմոկրատներ) տեսան սպառնալիքը, որը գալիս էր ծայրահեղ աջերի կողմից միգրացիայի հարցով, և խստացրին միգրացիոն քաղաքականությունը, որպեսզի ընտրողները «մրցակիցների մոտ չգնան»։
Կարճ ժամանակով աջ կենտրոնամետ կուսակցությունների այս ընտրական ռազմավարությունը հաջողվեց. ոմանց հաջողվեց պահպանել իշխանությունը և ազգային խորհրդարանական ընտրություններում գերազանցել արմատականներին: Այնուամենայնիվ, սա վտանգավոր է երկարաժամկետ հեռանկարում, քանի որ այն վտանգում է, որ հիմնական կուսակցությունները փոխեն իրենց գաղափարախոսությունը և չափազանց նմանվեն ծայրահեղ աջերին, որոնց փորձում են հաղթել:
Եվրոպայի քաղաքական լանդշաֆտի տեղաշարժը դեպի աջ արտացոլում է քաղաքական աջակցության և ռազմավարության հիմքերի փոփոխությունները ԵՄ-ում, որը տառապում է բոլոր տեսակի խնդիրներից: Տնտեսական ճգնաժամը, Brexit-ը, պատերազմներից և շրջակա միջավայրի ոչնչացումից փախչող միգրանտները, Արևելյան Եվրոպայում ժողովրդավարությունից նահանջը և կլիմայի փոփոխությունը ուղղակիորեն մարտահրավեր են նետում ձախ կենտրոնամետ և աջ կենտրոնամետ կուսակցությունների իշխանությանը:
COVID-19 համաճարակի քաղաքական և տնտեսական հետևանքները վերջին և հնարավոր ամենակործանարար հարվածն են եվրոպական լիբերալ ժողովրդավարություններին երկարաժամկետ հեռանկարում: 2024 թվականի հունիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրությունները մոտենում են և կարող են հանգեցնել քաղաքական նոր ցնցումների և ծայրահեղ աջերի հաղթանակների ամբողջ մայրցամաքում։