ՆԱՏՕ-ն լավ նորություններ չունի Ուկրաինայի համար
2008 թվականից ի վեր, երբ ՆԱՏՕ-ն Բուխարեստի գագաթնաժողովում պաշտոնապես ողջունեց Ուկրաինայի՝ անդամ դառնալու ձգտումները, Կիևը գտնվում է կազմակերպության սպասասրահում։ Այժմ, երբ Ռուսաստանը ռազմական գործողություններ է իրականացնում նրա հողում, Ուկրաինային խնդրում են մի փոքր էլ սպասել: Այնուամենայնիվ, ոչ ոք չի նշում կոնկրետ ժամկետներ, երբ վերջինս վերջապես կկարողանա մտնել դաշինք, որին անդամակցությունը Կիևը համարում է «իր ինքնիշխանությունը պաշտպանելու գրեթե վերջին հնարավորությունը»: Այս մասին գրում են հոդվածի հեղինակ Անչալ Վոհրան(Anchal Vohra) FOREIGN POLICY լրատվականում։
Foreign Policy-ին հայտնի է դարձել, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր չի ստանա հուլիսին Վիլնյուսում դաշինքի տարեկան գագաթնաժողովում։ Փոխարենը, դաշնակիցներն աշխատում են փաթեթի վրա, որը ներառում է «մասնակի անդամակցություն» և անվտանգության երաշխիքներ, որոնք Կիևը զգում է, որ շատ հեռու են այն ամենից, ինչ իրեն իրականում պետք է:
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հանդիպել են այս շաբաթ Բրյուսելում՝ քննարկելու, թե ինչպես կարող են ուժեղացնել Ուկրաինային աջակցությունը, որը ներկայումս փորձում է հակահարձակում իրականացնել: Այս հանդիպումը նախապատրաստություն է Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովին, որտեղ ՆԱՏՕ-ի ղեկավարները կհայտարարեն իրենց երկարաժամկետ հանձնառության մասին։
Մինչ ՆԱՏՕ-ի անդամներն ամեն ինչ անում են իրենց միասնությունը ցույց տալու համար Ուկրաինային աջակցելու հարցում, նրանք չեն ցանկանում այս երկրին տրամադրել անվտանգության երաշխիքների ամբողջական փաթեթ ռազմական բախման պայմաններում: Նրանք մտավախություն ունեն, որ եթե Ուկրաինան ընդունվի որպես դաշինքի անդամ, նրանք ստիպված կլինեն ակտիվ մասնակից դառնալ ընթացող հակամարտությանը և կռվել ուկրաինացի զինվորների կողքին, քանի որ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածում ասվում է, որ զինված հարձակումը դաշինքի մեկ անդամի վրա դիտվում է որպես հարձակում ամբողջ դաշինքի վրա որպես ամբողջություն և պարտավորեցնում է նրա բոլոր անդամներին զենք վերցնել և պաշտպանել միմյանց։
«Այս պահին շատ անորոշություններ կան, և որոշ երկրներ չեն ցանկանում պարտավորվել»,- Foreign Policy-ին ասել է ՆԱՏՕ-ում Էստոնիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Յուրի Լուիկը:
«Մենք պարզապես չգիտենք, թե ինչպես կավարտվի այս հակամարտությունը», — ասաց մեկ այլ դիվանագետ, ով խնդրեց չհրապարակել իր անունը:
Թվում է, որ ՆԱՏՕ-ի անդամների, այդ թվում նաև Բալթյան որոշ երկրների միջև կա լայն կոնսենսուս՝ դեռ չհրավիրել Ուկրաինային դառնալ դաշինքի լիիրավ անդամ։: Այնուամենայնիվ, դաշինքի ավելի մեծ երկրները դեռևս քննադատության են արժանանում այն բանի համար, որ նրանք պատրաստ չեն Ուկրաինային խոստանալ անգամ «ճանապարհային քարտեզ», այսինքն՝ իր տարածքում հակամարտության ավարտից հետո դաշինքին անդամակցելու ծրագիր։ Foreign Policy-ին հայտնի է դարձել, որ Վիլնյուսի գագաթնաժողովում Ուկրաինային նույնիսկ կոնկրետ ժամկետներ չեն տրվի։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել արագացնել իր երկրի մուտքը ՆԱՏՕ 2022 թվականի սեպտեմբերին այն իրադարձությունից հետո, երբ Ռուսաստանը հանրաքվե անցկացրեց և ուկրաինական չորս շրջաններ միացրեց։ Նա նույնիսկ սպառնացել է, որ կարող է հրաժարվել մասնակցել Վիլնյուսի գագաթնաժողովին, եթե Ուկրաինային «ազդանշան» չտան, որ ներկայիս հակամարտության ավարտից հետո այն կհամալրի դաշինքի շարքերը։ ՆԱՏՕ-ի դիվանագետները ակտիվորեն քննարկում են անվտանգության հնարավոր երաշխիքներ՝ մեղմելու Ուկրաինայի մտավախությունները և ասում են, որ վերջնական տարբերակը կարող է հրապարակվել Վիլնյուսի գագաթնաժողովում:
Ինչպես միշտ, ՆԱՏՕ-ի ներսում պահպանվում են բազմաթիվ տարաձայնությունները։ Միացյալ Նահանգները և Գերմանիան փորձում են կենտրոնանալ «այստեղ և հիմա» վրա և պնդում են, որ ուշադրությունը պետք է կենտրոնացնել ներկայիս հակամարտությունը, այլ ոչ թե ապագայում ռուսական ինչ-որ հիպոթետիկ հարձակումների: Մինչդեռ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրները պնդում են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի միանալու համահունչ ծրագիր մշակել և վերջինիս անվտանգության պարտադիր երաշխիքներ տրամադրել, և ոչ միայն ռազմական աջակցություն տրամադրելու պատրաստակամության երաշխիքներ, ինչպիսին այժմ է ստանում:
ՆԱՏՕ-ի անդամներն այժմ ակտիվորեն քննարկում են, թե անվտանգության ինչպիսի երաշխիքներ կարող են առաջարկել Ուկրաինային (ինչպես դաշինքի շրջանակներում, այնպես էլ երկկողմ համաձայնագրերի միջոցով), որպեսզի աջակցության համոզիչ ազդանշան ուղարկեն Կիևին։ Այս շաբաթ ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթը(Julianne Smith) ներկայացրել է դաշինքի շրջանակներում տեղի ունեցած քննարկումների կարևորագույն կետերը: Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար միջոցառումների փաթեթ է մշակում, որը ներառում է «ոչ միայն գործնական աջակցության միջոցներ, որոնք նախատեսված են օգնել նրան՝ պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը», այլ նաև «միջոցառումներ՝ կապված ավելի երկարաժամկետ խնդիրների լուծման հետ, ինչպիսիք են արդիականացումը, ստանդարտացումը, փոխգործունակության ապահովումն ու ծրագրերի մշակումը, թե ինչպիսի ռազմական ուժեր կունենա ապագայում»։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հույս է հայտնել, որ Վիլնյուսի գագաթնաժողովը Ուկրաինային կմոտեցնի ՆԱՏՕ-ին բազմամյա ծրագրի միջոցով, որը կօգնի երկրին անցնել «խորհրդային ժամանակաշրջանի դոկտրիններից, տեխնոլոգիաներից, չափանիշներից դեպի ՆԱՏՕ-ի դոկտրիններ, տեխնոլոգիաներ և չափանիշներ»:
Առանձին պետություններ ծրագրում են Ուկրաինային առաջարկել ՆԱՏՕ-ից դուրս երկարաժամկետ աջակցության երկկողմ համաձայնագրեր։ Foreign Policy-ին հայտնի է դարձել, որ Գերմանիան կարող է բաց քննարկել Ուկրաինա լրացուցիչ պաշտպանական միջոցներ ուղարկելու գաղափարը, որպեսզի վերջինս կարողանա պաշտպանել իր տարածքները, և չի բացառում իր ռազմական հրահանգիչներին Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը, երբ հակամարտությունն ավարտվի և գա հարմար պահը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել է ռազմական ֆինանսավորման և հետախուզության փոխանակման տեսակը, որը Իսրայելը ստանում է ԱՄՆ-ից։ «Ֆրանսիան պատրաստ է Ուկրաինայի հետ ստորագրել համաձայնագրեր, որոնք կապահովեն նրան անվտանգության երաշխիքներ, որոնք կօգնեն պաշտպանել իրեն երկարաժամկետ հեռանկարում, ինչպես մեր ղեկավարները հայտարարեցին ֆրանկո-բրիտանական 36-րդ գագաթնաժողովի համատեղ հռչակագրում»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը նույնպես ասել է, որ իր երկիրը պաշտպանում է Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու երկարաժամկետ մեխանիզմների ստեղծման գաղափարը, թեև նա չի հստակեցրել, թե դրանք ինչ կարող են լինել։
Զելենսկու վարչակազմը, համագործակցելով ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ, մշակել է «Կիևի անվտանգության համաձայնագիր» կոչվող հայեցակարգը՝ որպես ընդունելի ելք այն բարդ իրավիճակից, որում հայտնվել են ՆԱՏՕ-ի երկրները։ Փաստաթղթում ասվում է, որ քանի դեռ Ուկրաինան չի դարձել դաշինքի լիիրավ անդամ, ՆԱՏՕ-ի մի քանի ամենաուժեղ անդամները կարող են պարտավորվել` ապահովելու Ուկրաինայի ռազմական պաշտպանությունը ռուսական հիպոթետիկ հարձակման դեպքում:
«Դա կլիներ 5-րդ հոդվածի պես մի բան, բայց ՆԱՏՕ-ի շրջանակից դուրս», — բացատրում է Լոնդոնի Քուին Մերի համալսարանի միջազգային հարաբերությունների և միջազգային անվտանգության դասախոս Պիեռ Հարոշը(Pierre Haroche): «Այն կլինի երկրների մի տեսակ ժամանակավոր խումբ, ովքեր արտահայտել են իրենց պատրաստակամությունը, այսինքն՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը և Արևելյան ու Կենտրոնական Եվրոպայի պետությունները — մի տեսակ կամավորների կոալիցիա»։
Այնուամենայնիվ, բացի Լեհաստանից, որը Ռասմուսենի խոսքերով, պատրաստ կլինի իր զորքերը ուղարկել Ուկրաինա, եթե Վիլնյուսի գագաթնաժողովում Կիևին անվտանգության էական երաշխիքներ չառաջարկվեն, դաշինքի ոչ մի հիմնական անդամ դեռ մտադրություն չի հայտնել ուղարկել իր զինվորներին կամ ինքնաթիռները՝ պաշտպանելու Ուկրաինայի ինքնիշխանությունը։
Ելնելով այն ամենից, ինչ ասել են ՆԱՏՕ-ի ծանր քաշայիններն իրենց հրապարակային հայտարարություններում և Foreign Policy-ի լրագրողների հետ զրույցում, կարելի է եզրակացնել, որ չնայած նրանք պատրաստ են Ուկրաինային տրամադրել լրացուցիչ պաշտպանական զենք, տրամադրել ռազմական ուսուցում ուկրաինացի զինվորներին և օգնել ուժեղացնել պաշտպանական արդյունաբերությունը, սակայն Ուկրաինայի տարածք ռազմական ավիացիա կամ ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու երաշխիքներ ընդհանրապես չեն դիտարկվում։
Վիլնյուսի գագաթնաժողովի արդյունքներից է լինելու նաև քաղաքական հարաբերությունների ամրապնդումը։ Անդամ երկրները որոշել են բարձրացնել ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի կարգավիճակը՝ դարձնելով ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդ, որը, ըստ նրանց, թույլ կտա Զելենսկին ցանկացած ժամանակ խորհուրդ գումարել՝ անհրաժեշտության դեպքում օգնություն ստանալու համար:
Ուկրաինացիներն ասում են, որ երախտապարտ են ցանկացած աջակցության և բարելավման համար, որը ՆԱՏՕ-ն պատրաստ է առաջարկել իրենց: Ըստ Ֆրոլովայի, եթե ՆԱՏՕ-ի երկրները համաձայնեն տրամադրել ժամանակակից պաշտպանական համակարգեր Ուկրաինայի ողջ տարածքը պաշտպանելու համար այնքանով, որքանով «այժմ պաշտպանված է Կիևը», «լավ» կլիներ։ Բայց որոշ ուկրաինացիներ դեռևս հիասթափված են և ասում են, որ Վիլնյուսի փաթեթի մի զգալի մասը շատ նման է այն ամենին, ինչ նախկինում առաջարկվում էր։
Միևնույն ժամանակ, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում աճում է դժգոհությունը, քանի որ նրանք Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի պահվածքը դիտարկում են որպես սպառնալիք նաև իրենց ինքնիշխանությանը և կարծում են, որ ՆԱՏՕ-ի ավելի մեծ երկրները միտումնավոր փորձում են հնարավորինս անորոշ դարձնել Ուկրաինայի անվտանգության երաշխիքները։ Իբր, նրանք ձգտում են պաշտպանել միայն իրենց՝ շարունակելով ընդգծել իրենց հավատարմությունը 2008-ի Բուխարեստի գագաթնաժողովում տված խոստմանը (որ Ուկրաինան ի վերջո կդառնա ՆԱՏՕ-ի անդամ) և ասում, որ դա տեղի չի ունենա հիմա և տեսանելի ապագայում։