Գերմանիայի անվտանգության ռազմավարության մեջ առաջին անգամ Ռուսաստանը անվանվել է խաղաղությանը սպառնացող «ամենամեծ վտանգ»
Գերմանիան ներկայացրել է ազգային անվտանգության իր առաջին ռազմավարությունը: Սա կարևոր իրադարձություն է պաշտպանության և արտաքին քաղաքականության շարունակական վերանայման մեջ Ուկրաինայում ռազմական գործողությունների բռնկումից ի վեր: Բացի այդ, այս միջոցները ձեռնարկվում են մի շարք նոր սպառնալիքների ֆոնին՝ կիբերհարձակումներից մինչև կլիմայի փոփոխություն: Այս մասին գրում է FINANCIAL TIMES-ը:
Փաստաթուղթը Գերմանիային պարտավորեցնում է պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 2%-ի, բայց միայն միջինը մի քանի տարվա ընթացքում: Միևնույն ժամանակ, Բունդեսվերը` Գերմանիայի զինված ուժերը, կոչվում է «ավանդական եվրոպական պաշտպանության հիմնաքար»:
Ռուսաստանը փաստաթղթում հայտարարված է «եվրատլանտյան տարածաշրջանի խաղաղության և անվտանգության ամենամեծ սպառնալիք»։
Չինաստանը` Գերմանիայի առևտրային խոշորագույն գործընկերը, ներկայացվում է որպես Բեռլինի ավելի ակտիվ մրցակից և հակառակորդ, իսկ վերջին տարիներին նաև որպես սպառնալիք միջազգային անվտանգությանը: Միաժամանակ ռազմավարության մեջ նշվում է, որ առանց Պեկինի մասնակցության հնարավոր չի լինի լուծել «բազմաթիվ գլոբալ մարտահրավերներ ու ճգնաժամեր»։
Ռազմավարության հրապարակումը բազմիցս հետաձգվել է առանցքային հարցերի շուրջ տարաձայնությունների պատճառով կանցլեր Օլաֆ Շոլցի կոալիցիայում։ Սոցիալ-դեմոկրատների դաշնակիցները՝ Ազատ դեմոկրատական կուսակցությունը և Կանաչները, ի սկզբանե հանդես էին գալիս Ազգային անվտանգության խորհրդի ստեղծման օգտին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Բրիտանիայի օրինակով, սակայն գաղափարը ի վերջո մերժվեց:
Գրեթե մեկ տարի չորս ամիս առաջ Շոլցը Բունդեսթագում հայտարարեց, որ ռուսական զորքերի մուտքն Ուկրաինա շրջադարձային պահ է Գերմանիայի հետպատերազմյան պատմության մեջ և պահանջում է պաշտպանական և անվտանգության քաղաքականության փոփոծություններ։ Կանցլերը խոստացել է, որ Բեռլինը կպայքարի էներգետիկ կախվածության դեմ Ռուսաստանից և զգալիորեն կավելացնի զինված ուժերի ծախսերը՝ Բունդեսվերի համար 100 միլիարդ եվրոյի ներդրումային հիմնադրամ ստեղծելով։
Չորեքշաբթի օրը Շոլցը լրագրողներին ասաց, որ ռազմավարության հիմնական գաղափարը «ինտեգրացիոն անվտանգությունն» է։ Նրա խոսքով՝ այն պետք է հասկանալ որպես «արտաքին սպառնալիքների դեմ Գերմանիայի անվտանգության ամրապնդման բոլոր միջոցների ու գործիքների միավորում»։
«Խոսքը վերաբերում է ոչ միայն պաշտպանությանը և Բունդեսվերին, այլ մեր անվտանգության ողջ սպեկտրին», — ասաց նա՝ հավելելով, որ փաստաթուղթը հավասարապես ներառում է «դիվանագիտությունը, ոստիկանությունը և հրշեջ ծառայությունը, աղետների ժամանակ օգնությունը, միջազգային զարգացումը, կիբերանվտանգությունը և արժեշղթաների կայունությունը։
Կանաչների կուսակցության արտաքին գործերի նախարար Աննալենա Բուրբոքն ասաց, որ 21-րդ դարում անվտանգությունը կապված է ոչ միայն բանակի և դիվանագիտության հետ, այլ նաև այն երաշխիքի, որ «ես կարող եմ հիմնական դեղամիջոցներ գնել դեղատնից, որ Չինաստանն ինձ չի լրտեսի ընկերների հետ զրուցելիս, և որ ռուսական բոտերը սոցցանցերում ինձ համար փաստեր չեն շահարկի»:
ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի նախկին անդամ Ջուլիա Ֆրիդլենդերը ռազմավարության հրապարակումն անվանել է բեկումնային այն համատեքստում, թե ինչպես է Գերմանիան հասկանում «իր դերը համաշխարհային ասպարեզում»:
Անվտանգության 76 էջանոց ռազմավարությունը հիմնված է երեք սյուների վրա՝ ուժեղ ինքնապաշտպանություն, ճկունության բարձրացում (ներառյալ մի շարք երկրների հումքի և էներգիայի մատակարարումներից կախվածության նվազեցում, մատակարարման շղթաների դիվերսիֆիկացում և կիբերպաշտպանության ուժեղացում), և շրջակա միջավայրի առանցքային դերը։
Հարցին, թե որքան շուտ Գերմանիան կարող է կատարել պաշտպանության համար ՀՆԱ-ի 2%-ի խոստումը, ֆինանսների նախարար և Ազատ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Քրիստիան Լինդներն ասաց, որ «քաղաքական նպատակը» հասնելն է այդ մակարդակին արդեն հաջորդ տարի: Նա հավելել է, որ դրան մասամբ կհաջողվի Բունդեսվերի հիմնադրամի 100 միլիարդ եվրոյի միջոցներով։ Գերմանիան նախորդ տարի պաշտպանության վրա ծախսել է ՀՆԱ-ի 1,49%-ը, համաձայն ՆԱՏՕ-ի նախնական տվյալների։