Ինչպես է Ամերիկան վերափոխում համաշխարհային տնտեսությունը
Միջազգային տնտեսագիտության ամերիկյան մոտեցման մեջ անսպասելի հեղափոխություն է տեղի ունեցել։ Ձևավորվող նոր մտածողությունը փոխում է ոչ միայն համաշխարհային տնտեսությունը, այլև արևմտյան դաշինքը։ Այս մասին գրում է FINANCIAL TIMES-ը:
Թերևս այս մոտեցումը Ջեք Սալիվանն առավել հստակ արտահայտեց ապրիլի 27-ի իր ելույթում: Մտորումներ է առաջացնում այն, որ Սալիվանը նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն է: Իսկ նոր մտածողության մեջ գլխավոր դերը վերապահված է ռազմավարական մրցակցությանը Չինաստանի հետ։
Սակայն Սալիվանի ելույթը աշխարհաքաղաքականության սահմաններից դուրս էր: Այն Բայդենի վարչակազմի ներքին և միջազգային նպատակներն ի մի բերելու անհավանական համարձակ փորձ էր: Իր նոր ռազմավարական արդյունաբերական քաղաքականությամբ ԱՄՆ-ը հույս ունի վերակենդանացնել իր միջին խավը և ամերիկյան ժողովրդավարությունը, պայքարել կլիմայի փոփոխության դեմ և ամրապնդել Չինաստանի նկատմամբ տեխնոլոգիական գերազանցությունը:
Այնուամենայնիվ, Ամերիկայի շատ դաշնակիցներ վախենում են, որ օտարերկրացիների շահերը դուրս են մնացել քննարկումից: Օրինակ, նրանք անհանգստանում են, որ հարյուր միլիարդավոր դոլարների սուբսիդիաները ամերիկյան արդյունաբերությանը և մաքուր տեխնոլոգիաներին, նախատեսված գնաճի նվազեցման մասին ակտով, կվճարեն Եվրոպայի և Ասիայի արտադրողներն ու աշխատողները։ Ոմանք նույնիսկ վախենում են, որ այսպես կոչված «ռիսկերի նվազեցման» (de-risking) ճնշումը Չինաստանի վրա լրջորեն կխաթարի միջազգային առևտուրը: Վերջապես, շատերն անհանգստանում են, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը բարեփոխելու ԱՄՆ պահանջները երկարաժամկետ հեռանկարում միայն կվնասի միջազգային առևտրի երդվյալ պաշտպանին:
Նման ակնարկները միայն զայրացնում են ամերիկացի պաշտոնյաներին. նրանք ընդգծում են, որ անգամ Սալիվանն իր ելույթում բազմիցս ընդգծել է ինչպես Արևմտյան դաշնակիցների, այնպես էլ Գլոբալ Հարավի շահերը։ Նրանք պնդում են, որ Ամերիկան վերջապես առաջատար դիրք է գրավել կլիմայի փոփոխության դեմ պայքարում, և պետք է ողջունել այն ողջ աշխարհում:
Սալիվանը նաև վստահեցրել է, որ «ռիսկերի նվազեցումը»(de-risking) չի նշանակում Չինաստանի բացառումը համաշխարհային արժեքային շղթաներից։ Անցյալ շաբաթ մեր զրույցում նա ասաց. «Մենք փորձում ենք կառուցել մի աշխարհ, որտեղ առաջին անհրաժեշտության ապրանքների աղբյուրները եզակի չեն լինի: Մենք չենք ասում, որ Չինաստանը չպետք է արտադրի iPhone կամ արևային մարտկոցներ, բայց մենք հավատում ենք, որ մյուսներն էլ են ազատ դրանք անելու համար»։
Սալիվանը փորձում է համոզել Ամերիկայի ընկերներին, որ այս « Վաշինգտոնյան նոր կոնսենսուսը» կաշխատի բոլորի համար: Նա կարծում է, որ ԱՄՆ-ը զգալի առաջընթաց է գրանցել Հիրոսիմայում G-7-ի վերջին հանդիպման ժամանակ, և որ գագաթնաժողովն իսկապես «էական քայլ էր առաջ» էր։ Նրա խոսքով, Ամերիկայի դաշնակիցները համոզված են Վաշինգտոնի մտադրությունների հաստատակամության մեջ ՝ անցնելու «կանաչ» տնտեսության և վճռական են հետևել այդ օրինակին։ Մաքուր էներգիայի ձգտումը, նրա կարծիքով, ապագայում կլինի «համագործակցության արմատ, այլ ոչ թե շփման աղբյուր»:
Ակնհայտ է, որ G7-ի վերջնական կոմյունիկեն հարթեց ձևակերպումները և ի մի բերեց մոտեցումները տարբեր հարցերի շուրջ՝ ռիսկերի նվազեցումից մինչև մատակարարման շղթաներ:
Սակայն ամերիկյան դաշնակիցների հետ զրույցներից, ինչպես G7-ի ներսում, այնպես էլ դրանից դուրս, պարզ է դառնում, որ ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ մտահոգությունները պահպանվում են: Մասնավորապես, պարբերաբար մտավախություն է առաջանում, որ Ամերիկան ոչ միայն կշարունակի իր քայլերը Չինաստանի դեմ, այլև վճռականորեն համոզելու է «դաշնակիցներին ու գործընկերներին»։
Սինգապուրի փոխվարչապետը՝ Հարավարևելյան Ասիայում Ամերիկայի ամենամոտ դաշնակիցը, վերջերս զգուշացրել է. «Եթե այսպես կոչված «ռիսկերի նազեցումը» շատ հեռուն գնա, համաշխարհային տնտեսությունն էլ ավելի կփշրվի և բաժանվի։ Եվ Եվրոպան դեռ վախենում է, որ Վաշինգտոնի կողմից մշակված համաշխարհային տնտեսական նոր ճարտարապետությունը անխուսափելիորեն ձեռնտու կլինի ամերիկյան արտադրողներին և աշխատողներին:
ԱՄՆ դաշնակիցները յուրովի են արձագանքում: ԵՄ-ում միշտ եղել է լոբբի՝ նպատակաուղղված միջոցառումների մշակմանը, որպեսզի զարգացնեն սեփական արդյունաբերության առաջատարների: Ամերիկայում համապատասխան տեղաշարժից հետո այս լոբբին միայն ակտիվացել է։ Նախորդ տարվա դեկտեմբերին ԵՄ-ն խոստացել էր «առաջադեմ» արդյունաբերական քաղաքականություն վարել «կանաչ» և թվային տեխնոլոգիաների ոլորտում։
Սակայն այլ եվրոպացիներ անհանգստանում են, որ եթե ԵՄ-ն նույնպես գնա սուբսիդավորման ճանապարհով, այն կխաթարի իր սեփական միասնական շուկան: ԵՄ-ն շատ ավելի քիչ ֆինանսական ներուժ ունի, քան ԱՄՆ կառավարությունը, ուստի այն անխուսափելիորեն հետ կմնա սուբսիդավորման մրցավազքում:
ԵՄ-ից դուրս ամերիկյան դաշնակիցները, մասնավորապես՝ Բրիտանիան, Ճապոնիան և Կանադան, ունեն իրենց դժվարությունները: Նրանք մտավախություն ունեն, որ եթե ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև բանակցությունները դառնան կոնսենսուսի հիմնական ուղին «հավաքական Արևմուտքում», ապա երկու հիմնական դաշինքներից դուրս գտնվողները կհայտնվեն անբարենպաստ վիճակում: Ինչպես ասաց մի դիվանագետ, ԵՄ-ն և ԱՄՆ-ն «երկու հսկա պանդաների են նման»: Նրանք շատ հազվադեպ են միանում: Բայց եթե անեն, այն սպառնում է դառնալ յուրահատուկ հարաբերություններ (չնայած պանդաները բնավ մոնոգամ չեն):
Ի պատասխան «պանդաների խնդրի»՝ կանադացիներն առաջարկել են G7-ին պաշտոնական դեր հատկացնել նոր կանոններ առաջարկելու և մշակելու հարցում համաշխարհային տնտեսության համար։
Մյուս կողմից, բրիտանացիներին հետաքրքրել էր Սալիվանի ելույթը « նորարարական միջազգային տնտեսական գործընկերությունների» մասին։ Այս շաբաթ Վաշինգտոն կատարած իր այցի ընթացքում Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը կուսումնասիրի այն ոլորտները, որտեղ Մեծ Բրիտանիան կարող է նման գործընկերություն հաստատել ԱՄՆ-ի հետ՝ պաշտպանական տեխնոլոգիաներից մինչև արհեստական ինտելեկտի խնդիրների կարգավորում:
Աշխարհաքաղաքական վախի ամպ է սավառնում այս բոլոր տնտեսական քննարկումների վրա: Ռուսաստանը կռվում է ԵՄ սահմաններին: Ճապոնացիները վախենում են Չինաստանից:Բոլորը վազում են հորեղբայր Սեմի մոտ պաշտպանության համար: Ամերիկայի դաշնակիցները կարող են կասկածներ ունենալ Սալիվանի դոկտրինի վերաբերյալ: Բայց հիմա ԱՄՆ-ի հետ վիճելու ժամանակը չէ։