ՆԱՏՕ-ն դժվարությունների է բախվում. ի՞նչ սպասել
Մինչ ՆԱՏՕ-ի առաջնորդները պատրաստվում են իրենց տարեկան գագաթնաժողովին, կազմակերպության ներսում աճում է ճնշումը Ուկրաինային անվտանգության հստակ երաշխիքներ տալու և որոշելու վերջինիս անդամակցության ճանապարհը դաշինքին։ Այս մասին գրում է հոդվածի հեղինակ Դանիել Մայքլսը WSJ-ում։
Նախորդ շաբաթ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծես թե կշիռ տվեց Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցելու կոչերին՝ Սլովակիայում կայացած համաժողովի ժամանակ ասելով, որ Կիևն արժանի է «ինչ-որ կոնկրետ բանի»՝ այդ հարցում առաջ շարժվելու համատեքստում:
«Մեր ուշադրության կենտրոնում այսօր այն էր, թե ինչպես մենք կարող ենք Ուկրաինան մոտեցնել ՆԱՏՕ-ին, ինչին նա պատկանում է», — ասել է գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այն իրադարձությունից հետո, երբ նախորդ հինգշաբթի դաշինքի 31 անդամ և թեկնածու Շվեդիայի արտգործնախարարները ավարտեցին իրենց հանդիպումը Նորվեգիայի մայրաքաղաքում:
ՆԱՏՕ-ն պետք է «ունենա սխեմա՝ անվտանգության երաշխիքներ տրամադրելու Ուկրաինային ռազմական հակամարտության ավարտից հետո», — ասել է Ստոլտենբերգը։
Մինչ այժմ ԱՄՆ-ը զգուշորեն խուսափում էր քննարկումներից այն մասին, թե ինչպես և երբ Ուկրաինան կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին՝ փոխարենը կենտրոնանալով Կիևի անվտանգության և ռազմական հնարավորությունների վրա: Այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ի ճանապարհը կհաստատվի դաշինքի առաջնորդների առաջիկա գագաթնաժողովում Լիտվայում, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը լրագրողներին ասաց, որ նա լիովին ակնկալում է, որ այս հարցը կքննարկվի Վիլնյուսում։
ՆԱՏՕ-ի 19 անդամ երկրների խորհրդարանական արտաքին հարաբերությունների հանձնաժողովների ղեկավարները հունիսի 1-ին համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ուկրաինային տրամադրել դաշինքին անդամակցության հստակ ճանապարհային քարտեզ: Ստորագրողների թվում էին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարները և նրանց գործընկերները Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի խորհրդարաններում։
«Ուկրաինան պատրաստ է լինել ՆԱՏՕ-ում, և մենք սպասում ենք, թե երբ ՆԱՏՕ-ն պատրաստ լինի ընդունել Ուկրաինային»,- Մոլդովայում եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովին ժամանելուն պես լրագրողներին ասաց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Եվ ես կարծում եմ, որ անվտանգության երաշխիքները շատ կարևոր են ոչ միայն Ուկրաինայի, այլև Մոլդովայի մեր հարևանների համար»:
Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի մյուս անդամներն այժմ դիտարկում են Ուկրաինայի անվտանգության երաշխիքների այնպիսի տարբերակներ, որոնք տրվել են Իսրայելին:
ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչն ասել է, որ այս հարցի քննարկումն առաջացել է որպես Ուկրաինայի անվտանգության հիմնական խնդիրները լուծելու միջոց։ Միաժամանակ դաշինքի անդամները խոստովանում են, որ Կիևը ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա մոտ ժամանակներում։
Ֆրանսիայի նախագահը նախկինում պաշտպանել է Ուկրաինայի ձգտումները՝ անդամակցելու ՆԱՏՕ-ին։ Բայց քանի որ մոտենում է դաշինքի հուլիսյան գագաթնաժողովը, այժմ ուշադրությունը կենտրոնանում է այն հարցերի վրա, թե որքանով է կոնկրետ լինելու Ուկրաինայի՝ դաշինք մտնելու առաջարկվող ժամկետը և անվտանգության հնարավոր երաշխիքների մանրամասները:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ելույթ ունենալով Զելենսկու հետ նույն գագաթնաժողովին, ասել է, որ Բեռլինը երկար ժամանակ պաշտպանում է Ուկրաինայի անվտանգության երաշխիքները ռազմական հակամարտությունից հետո և կնպաստի դրանց։ «Բայց մենք դեռ պետք է քննարկենք, թե կոնկրետ պայմաններում ինչպիսի տեսք կունենան»,- ասել է նա։ 2008-ին ՆԱՏՕ-ն հայտարարեց, որ Ուկրաինան և Վրաստանը ի վերջո կմիանան դաշինքին, սակայն որևէ մանրամասներ կամ ժամանակացույց չներկայացրեց:
Այդ ժամանակ Գերմանիան և Ֆրանսիան առաջնորդեցին Ուկրաինայի անդամակցության ընդդիմությանը։ 2008-ի հայտարարությունը լայնորեն քննադատվեց Ռուսաստանին զայրացնելու, բայց Ուկրաինայի կամ Վրաստանի համար ավելի մեծ անվտանգություն չապահովելու համար: Ռուսաստանը գագաթնաժողովից անմիջապես հետո ներխուժեց Վրաստան և շարունակեց քաղաքական ազդեցության հասնել Ուկրաինայում:
«Վստահ եմ, որ մենք կոնսենսուսի կհասնենք Վիլնյուսի գագաթնաժողովում»,- ասել է Ստոլտենբերգը հունիսի 1-ի հանդիպումից հետո։
Մեծ Բրիտանիան ՆԱՏՕ-ի այն երկրների թվում է, որոնք ամենաբացահայտ կերպով պաշտպանում են Ուկրաինայի անդամակցությունը, իսկ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը հինգշաբթի կրկնեց, որ «Ուկրաինայի վերջնական տեղը ՆԱՏՕ-ում է»: Սակայն, նրա խոսքով, միևնույն ժամանակ, «մենք չպետք է թույլ տանք մեզ շեղել այն աշխատանքից, որն անհրաժեշտ է այստեղ և հիմա, այն է՝ Ուկրաինային ֆինանսական աջակցության և ռազմական աջակցության տրամադրումը, որպեսզի ապահովվի Ուկրաինայի զինված ուժերի ներուժը»։
Դաշնակիցները նաև ծրարգրեր են մշակում շարունակելու Ուկրաինային ֆինանսական աջակցությունն այն ոլորտներում, որոնք դուրս են վերջինիս ռազմական անվտանգությունից: Բրյուսելում Եվրահանձնաժողովը ուղիներ է ուսումնասիրում Կիև միջոցների կայուն հոսք ապահովելու համար առաջիկա տարիներին:
Դիտարկվող ծրագրերի թվում է Ուկրաինային բազմամյա ֆինանսավորման փաթեթ տրամադրելը, այլ ոչ թե ժամանակավոր միանվագ ֆինանսավորում, որը այն ներկայումս ստանում է ԵՄ-ից: Գաղափարին ծանոթ մարդկանց խոսքով, դրա վրա աշխատանքը դեռ նախնական է և կպահանջի ԵՄ անդամ բոլոր 27 երկրների աջակցությունը, ինչը կարող է շատ բարդ լինել։
ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումներ անցկացնելու գաղափարը (նախատեսված պաշտոնական հանդիպումների միջև) ամրագրված է դաշինքի ռազմավարական ծրագրում ՆԱՏՕ-2030, որը ընդունվել է նախորդ տարվա աշնանը:
Նպատակն է ուժեղացնել քաղաքականության խորհրդատվական գործիքը: «Սա աշխույժ և ազատ քննարկումների, առաջ շարժվելու և կոնսենսուսի հասնելու հնարավորություն է»,- ասել է ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայցուցիչը։