Ի՞նչ են ծրագրել ԱՄՆ-ն և դաշնակիցները
Ուրբաթ՝ մայիսի 19-ին, Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան հայտնեց, որ Ամերիկան և նրա դաշնակիցները ծրագրում են F-16 կործանիչներ տրամադրել Ուկրաինային՝ այդ երկրի անվտանգության ամրապնդմանն ուղղված ջանքերի շրջանակում։: Սակայն պաշտոնյան հավելել է, որ պարտադիր չէ, որ Կիևը կործանիչները ստանա անմիջապես Վաշինգտոնից։ Այս մասին գրում է NBC NEWS-ը։
Դեռևս պարզ չէ, թե կոնկրետ երբ Ուկրաինան կկարողանա ստանալ դրանք և որ երկրները կտրամադրեն, սակայն պաշտոնյան նշել է, որ այդ ինքնաթիռները չեն օգտագործվի Ուկրաինայի առաջիկա հակահարձակման շրջանակում։ Առաջիկա ամիսներին, նրա խոսքով, ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները «կորոշեն, թե երբ կհանձնվեն ինքնաթիռները, քանիսը մենք կտրամադրենք և կոնկրետ ով կտրամադրի դրանք»։ Այս լուրը եկավ այն իրադարձությունից հետո, երբ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ՝ մայիսի 19-ին, ասաց խոշոր արդյունաբերական երկրների ղեկավարներին, որ Միացյալ Նահանգները կաջակցի ուկրաինացի օդաչուներին պատրաստելու ջանքերին՝ վարելու F-16 կործանիչներ։
«Ուկրաինայի ռազմաօդային ուժերի բարելավման մասին քննարկումները արտացոլում են մեր երկարաժամկետ հանձնառությունը՝ աջակցելու նրա ինքնապաշտպանության ջանքերին», — ասել է Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բազմիցս հորդորել է ԱՄՆ-ին տրամադրել իր երկրին F-16 կործանիչներ, սակայն մինչ այժմ Բայդենը մերժել է նրա խնդրանքը։ Փետրվարին Բայդենը ABC News-ին տված հարցազրույցում ասել էր, որ այն ժամանակ Ուկրաինային պետք չէր F-16-ը։
«Առայժմ բացառում եմ նման հնարավորությունը»,- ասել է Բայդենը՝ մեկնաբանելով Ուկրաինա F-16-ներ ուղարկելու հնարավորությունը։
Ավելի վաղ ֆրանսիացի և լեհ պաշտոնյաները պատրաստակամություն էին հայտնել Ուկրաինային տրամադրել ժամանակակից F-16 կործանիչներ։ Այնուամենայնիվ, ամերիկյան արտադրության ինքնաթիռների ցանկացած նման փոխանցում պետք է իրականացվի միայն Միացյալ Նահանգների կառավարության թույլտվությամբ։
Ուկրաինային F-16-ներ տրամադրելու որոշման մասին լուրերը տարածվեցին այն ժամանակ, երբ Բայդենը ժամանել էր G-7 գագաթնաժողովին Ճապոնիա:
Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների համատեղ ջանքերը՝ պատրաստելու ուկրաինացի օդաչուներին ինքնաթիռով վարելու, կարող են սկսվել առաջիկա շաբաթների ընթացքում, ասել է պաշտոնյան: Դասընթացը «կկայանա Ուկրաինայի սահմաններից դուրս, Եվրոպայի տարածքում և ամիսներ կպահանջվի», — հավելել է նա:
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանն ավելի ուշ Ճապոնիայում լրագրողներին ասաց, որ Բայդենը կիսվել է կործանիչներ մատակարարելու ծրագրերով G-7 դաշնակիցների հետ:
«Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք, մեր դաշնակիցները և գործընկերները կենտրոնացել ենք Ուկրաինային համակարգեր, զենք և ուսուցում տրամադրելու վրա, որը նրան պետք է, որպեսզի կարողանա արդյունավետ հարձակողական գործողություններ իրականացնել գարնանը և ամռանը», — ասել է Սալիվանը:
«Մենք կատարեցինք այն, ինչ խոստացել էինք, Ուկրաինային տվեցինք այն, ինչ նրան անհրաժեշտ էր՝ հիմնվելով մեր և նրանց զինվորականների միջև սերտ խորհրդակցությունների վրա, և այժմ մենք անցել ենք Ուկրաինայի ռազմաօդային ուժերի կարողությունների բարելավման ուղիների քննարկմանը, որպես Ուկրաինայի ինքնապաշտպանական ջանքերին աջակցելու մեր երկարաժամկետ հանձնառության մաս»:
Սալիվանը հասկացրեց, որ կործանիչները այդ պարտավորությունների մի մասն են, և որ առաջիկա ամիսներին վերապատրաստման ծրագրի առաջընթացի հետ մեկտեղ, Միացյալ Նահանգները դաշնակիցների հետ կաշխատի ինքնաթիռների մատակարարման մանրամասների շուրջ, ներառյալ թվաքանակի քննարկումը:
Պենտագոնի քաղաքականության բարձրաստիճան պաշտոնյան ավելի վաղ Կոնգրեսին ասել էր, որ ուկրաինացի օդաչուներին F-16 կործանիչներ վարելու պատրաստումը կարող է տևել «մոտ 18 ամիս»: ԱՄՆ պաշտպանության նախարարության այլ պաշտոնյաներ նշել են, որ ուսուցումը կարող է կրճատվել մինչև վեցից ինը ամիս՝ պայմանավորված օդաչուների նախկին պատրաստվածությամբ և նրանց գիտելիքների մակարդակով:
Ներկայացուցիչների պալատի Զինված ծառայությունների հանձնաժողովի նիստում իր ելույթում պաշտոնյան ասաց, որ ուկրաինական բանակին F-16 ինքնաթիռների միջոցով արդիականացնելու համար կարող է պահանջվել մինչև 11 միլիարդ դոլար: G7-ի առաջնորդները դեռ չեն հայտարարել, թե ով է վճարելու դրա համար, որպեսզի Ուկրաինան ստանա այդ ինքնաթիռները։