Ավարտվե՞ց քաղաքական քաոսը Ֆրանսիայում
Ֆրանսիայի վարչապետ Միշել Բարնիեն շաբաթ օրը ներկայացրեց իր նոր կառավարությունը՝ վերջ տալով ռեկորդային երկամսյա անցումային շրջանին, որը քաղաքականապես կաթվածահար արեց Ֆրանսիան: Այս մասին գրում է POLITICO-ն։
Բրեքսիթի նախկին բանակցող Բարնիեն, ով այս ամսվա սկզբին նշանակվեց վարչապետ, կազմեց կաբինետ, որը վետերան քաղաքական մեկնաբաններից մեկն անվանեց «ամենաաջը» վերջին ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում: Բարնիեն նաև որոշ կրտսեր նախարարների դրեց իր իրավասության ներքո՝ ուղղակիորեն վերահսկելու հիմնական քաղաքականությունը, ներառյալ եվրոպական գործերը և բյուջեն:
Բարնիեն, ով այս ամսվա սկզբին նշանակվեց վարչապետ, կառավարության կազմի շուրջ լարված բանակցություններից հետո հինգշաբթի օրը առաջին անգամ նախագահ Էմանուել Մակրոնին ներկայացրեց կաբինետի անդամների նախնական ցուցակը:
Մակրոնի կողմնակից կոալիցիայի առանցքային դեմքերը մտահոգություն են արտահայտել այն լուրերի առնչությամբ, որ Բարնիեն բաց է Ֆրանսիայի աճող պակասորդը նվազեցնելու համար հարկերը բարձրացնելու գաղափարի վերաբերյալ, ինչը Մակրոնի Վերածննդի կուսակցությունը բնորոշել էր որպես «կարմիր գիծ»:
Այնուհետև հարց կար, թե Հանրապետականները՝ Բարնիեի պահպանողական կուսակցությունը, որը փոքրաթիվ տեղեր ունի Ֆրանսիայի Ազգային ժողովում, կաբինետում քանի առանցքային պաշտոններ կապահովի Մակրոնի կենտրոնամետների հաշվին: Ֆրանսիայի նախագահը հորդորեց իր վարչապետին կառուցել կառավարություն, որը թեքվելու է դեպի «ազգային միասնություն»:
Բարնիեն ի վերջո ստեղծեց կառավարություն, որը ներառում է խառնուրդ նախորդ վարչակազմից, մի քանի պահպանողական նորեկներից և առաջին անգամ կենտրոնամետ նշանակվածներից:
Ամենաուշագրավ դեպքերից Բրունո Ռետեյլոյի նշանակումն է — հավատարիմ պահպանողական, որը հայտնի է ներգաղթի վերաբերյալ իր կոշտ դիրքորոշումներով, որոնք նախկինում հանգեցրել են ռասիզմի մեղադրանքներին — որպես ներքին գործերի նախարար: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մի քանի նշանավոր դաշնակիցներ մտահոգություն են հայտնել Ռետյոյի հնարավոր նշանակման վերաբերյալ այն բանից հետո, երբ լուրեր տարածվեցին, որ նա այս շաբաթվա սկզբին կստանա ներքին գործերի նախարարի պաշտոնը: Նրանց թվում էր Անն Ժենետեն, ով նշանակվեց կրթության նախարար։
Արտաքին գործերի նոր նախարար Ժան-Նոել Բարրոն Մակրոնի դաշնակից կենտրոնամետ Դեմոկրատական շարժման անդամ է և նախկին եվրոպացի հանձնակատար Ժակ Բարոյի որդին: Նա նախկինում զբաղեցրել է Ֆրանսիայի եվրոպական հարցերով կրտսեր նախարարի պաշտոնը:
Քաղաքական քաոսի ամառ
Արտահերթ ընտրություններ նշանակելու Մակրոնի որոշումը հունիսին Եվրոպական ընտրություններում ծայրահեղ աջերի Ազգային Միավորումի ջախջախիչ հաղթանակից հետո հանգեցրեց քաղաքական փակուղու․ ոչ մի կուսակցություն կամ կոալիցիա չմոտեցավ բացարձակ մեծամասնությանը:
Ֆրանսիայի նախագահը բացառել է ձախ «Նոր ժողովրդական ճակատ»-ի հնարավորությունը, որը նվազագույն հաշվով հաղթել է ընտրություններում, կառավարություն ձևավորել՝ վկայակոչելով հավանականությունը, որ այն կտորպեդահարվի անմիջապես անվստահության քվեով:
Նոր վարչակազմը կազմված է կենտրոնամետ և աջակողմյան ուժերից և առայժմ ունի ծայրահեղ աջերի լուռ աջակցությունը: Հինգշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ վարչապետի գրասենյակը նշել է, որ նոր կառավարությունը առաջնահերթություն է տալու կենսամակարդակի բարելավմանը, անվտանգության երաշխավորմանը, ներգաղթի վերահսկմանը, Ֆրանսիայի տնտեսական գրավչության բարձրացմանը, շրջակա միջավայրի պաշտպանությանը, և ֆրանսիական պարտքի զսպմանը։
Բարնյեն ավելի մանրամասն կներկայացնի իր կառավարության հաջորդ քայլերը հոկտեմբերի 1-ին խորհրդարանում