Սունակը Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետի ամենահավանական թեկնածու
Ռիշի Սունակը Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետի հավանական թեկնածուն է դառնում այն բանից հետո, երբ Բորիս Ջոնսոնը դուրս եկավ Պահպանողական կուսակցության առաջնորդության մրցավազքից՝ փոխարինելու Լիզ Թրասին, ով հրաժարական տվեց՝ պայմանավորված նախորդ շաբաթվա տնտեսական ցնցումներով: Գրում է AL JAZEERA-ն։
Մոտ 150 պահպանողական պատգամավորների հավանությամբ՝ Սունակը, ով Ջոնսոնի օրոք աշխատել է որպես կանցլեր, դարձել է Պահպանողականների առաջնորդների մրցավազքի առաջատարը:
Հաղորդվում է, որ միակ մրցակիցը Պեննի Մորդոնտն է, ով ունի 30-ից պակաս պատգամավորների աջակցություն: Թեկնածուի համար պահանջվում է առնվազն 100 պատգամավորի առաջադրումներ՝ մրցապայքարում առաջադրվելու համար:
Կիրակի ուշ երեկոյան Ջոնսոնը հայտնել է, որ ապահովել է 102 օրենսդիրների աջակցությունը և կարող էր «վերադառնալ Դաունինգ Սթրիթ», բայց նա չկարողացավ համոզել ոչ Սունակին, ոչ էլ մյուս հավակնորդ Մորդոնտին միավորվել «ազգային շահերից ելնելով»:
«Ես հավատում եմ, որ շատ բան ունեմ առաջարկելու, բայց վախենում եմ, որ պարզապես ճիշտ ժամանակը չէ», — ասաց Ջոնսոնը:
Նախկին վարչապետը մինչև կիրակի ապահովել էր 60-ից քիչ պահպանողական օրենսդիրների հանրային աջակցությունը: Ջոնսոնի հայտարարությունը, հավանաբար, ճանապարհ է հարթում նրա ոխերիմ մրցակցի՝ 42-ամյա Սունակի վարչապետ դառնալու համար, հնարավոր է հենց երկուշաբթի:
Եթե հաստատվի, նա կփոխարինի Թրասին, ով ստիպված եղավ հրաժարական տալ այն բանից հետո, երբ սկսեց տնտեսական ծրագիր, որը ցնցումներ առաջացրեց ֆինանսական շուկաներում: Կանոնների համաձայն, եթե միայն մեկ թեկնածու ապահովի 100 պահպանողական օրենսդիրների աջակցություն, երկուշաբթի կնշանակվի վարչապետ:
Եթե երկու թեկնածուներ հաղթահարեն շեմը, նրանք կանցնեն կուսակցության անդամության քվեարկությանը, իսկ հաղթողը կհայտարարվի ուրբաթ։