Կդիմանա՞նք ձմռանը առանց ռուսական գազի
«Գազպրոմի» հայտարարությունից և «Հյուսիսային հոսք 1»-ի կասեցումից հետո մտավախություն կար, որ գերմանական տնտեսությունը ձմռանը դժվար ժամանակներ կապրի, գրում է Der Spiegel-ը։
Գազպրոմն այլևս գազ չի մատակարարում ժամանակին Գերմանիայի համար կարևորագույն խողովակաշարով: Կապույտ վառելիքի մեծածախ գները կտրուկ աճել են. Գերմանիան պատրա՞ստ է նման իրավիճակի։ Կարդացեք յոթ հիմնական հարցերի պատասխանները:
Ուրբաթ երեկոյան «Գազպրոմի» կողմից Արևմուտք ուղարկված հաղորդագրությունը չափազանց աղմկոտ էր. իբր Ռուսաստանի Բալթյան ափին մոտ գտնվող կոմպրեսորային կայանի գազի պոմպակայանի տեխնիկական սպասարկման աշխատանքներ կատարելիս «նավթի արտահոսք» է հայտնաբերվել։ Ուստի Գերմանիա գազ մղող տուրբինի հետագա շահագործումն անվտանգ չէ, և մինչև անսարքությունների վերացումը «Հյուսիսային հոսք» խողովակաշարով գազի փոխադրումն ամբողջությամբ կդադարեցվի։
Մի քանի ամիս առաջ նման հայտարարությունը աղետ կլիներ Գերմանիայի գազամատակարարման համար։ Տարիներ շարունակ «Հյուսիսային հոսք 1»-ը եղել է գազի ներկրման ամենակարևոր խողովակաշարը, իսկ «Գազպրոմը»՝ մեծ հաշվով գլխավոր մատակարարը: Գազատարի փակումը նշանակում է, որ Գերմանիան դեռ չի կարող հույս դնել Ռուսաստանից ստացվող գազի վրա, թեև Դաշնային ցանցային գործակալությունը կասկածում է, որ այդ խափանումներն են մատակարարումների դադարեցման իրական պատճառը։
Թե ինչի հանգեցրեց գազատարի փակումը երկուշաբթի օրը, կարելի է թվերով ներկայացնել։ Երկուշաբթի TTF եվրոպական շուկայի որոշ կետերում գազը 30 տոկոսով ավելի թանկ է եղել, քան ուրբաթ օրը։ Իսկ գերմանական Dax ֆոնդային ինդեքսը ընկել է 3 տոկոսով կամ նույնիսկ ավելի ցածր: Մտավախություն կա, որ առանց ռուսական գազի գերմանական տնտեսությունը ձմռանը դժվար ժամանակներ կապրի։
Մյուս կողմից, Ուկրաինա ռուսական զորքերի մուտքից ի վեր, Գերմանիան աշխատում է անկախանալու Ռուսաստանից գազի ներկրումից: Գերմանական գազի պահեստները լիքն են։ Իսկ գազի սպառումը, առաջին հերթին արդյունաբերության ոլորտում, վերջին ամիսներին զգալիորեն նվազել է։ Միգուցե դա այնքա՞ն էլ սարսափելի չէ: Ահա ամենակարեւոր հարցերի պատասխանները.
Որքա՞ն շոշափելիորեն «Հյուսիսային հոսք 1»-ի դադարեցումը կազդի Գերմանիայի գազամատակարարմանը
Գազատարի աշխատանքների դադարեցումը հարված կհասցնի Գերմանիայի ջանքերին՝ մինչև ձմեռ գազապահեստարաններն ամբողջությամբ լցնելուն։ Բացի այդ, այս միջոցը կհանգեցնի գազի գնի թանկացման։ Սակայն ոչ մի արդյունաբերական ձեռնարկություն կամ տնտեսություն չպետք է վախենա, որ հանկարծ հնարավոր է գազը անջատվի։ Գազի կարիքը կբավարարվի։ Վառելիքի մեծ ծավալները գալիս են այլ երկրներից, թեկուզ շատ բարձր գներով։
Վերջին ամիսներին Գերմանիան որոշակիորեն հրաժարվել է ռուսական գազից՝ մասամբ «Գազպրոմի» մատակարարումների կրճատման շնորհիվ: Մինչ գազատարն ամբողջությամբ արգելափակելը, կոնցեռնը երկար ժամանակ նրա միջով մղել էր սովորական ծավալի միայն հինգերորդ մասը։ Իսկ վերջին շրջանում գերմանական գազի ներմուծման միայն մեկ տասներորդն է մատակարարվում Ռուսաստանից։
Կդիմանա՞նք ձմռանը առանց ռուսական գազի
Դեռ պարզ չէ, բայց հիմա վիճակն ավելի լավ է, քան երկու ամիս առաջ։ Գերմանական գազի պահեստարանները լցված են 85 տոկոսով։ Սկզբնական շրջանում կառավարությունը նախատեսում էր այդ ցուցանիշին հասնել հոկտեմբեր ամսին։
Վերջին ամիսներին ցանցային օպերատորների Trading Hub Europe ասոցիացիան՝ Դաշնային ցանցային գործակալության պատվերով, մի քանի միլիարդ խորանարդ մետր գազ է գնել: Սրա համար սպառողները ստիպված կլինեն թանկ վճարել՝ նվազեցնելով իրենց եկամուտը, սակայն նրանց գազամատակարարումը կապահովվի։
Ներկայումս առկա 20 մլրդ խմ ծավալով պաշարները կբավականացնեն ձմռան ընդամենը երկու ամիսներին։ Բայց մի անհանգստացեք. այս պահին գազը կշարունակի հոսել Գերմանիա, օրինակ՝ Նորվեգիայից գազատարներով կամ տարբեր երկրներից հեղուկ վիճակում (LNG): Առաջին երկու LNG տերմինալները շահագործման կհանձնվեն այս տարվա վերջ կամ հաջորդ տարվա սկզբ:
Արդյո՞ք գազի այս քանակությունը բավարար է, կախված է բազմաթիվ գործոններից։ Որքա՞ն ցուրտ կլինի ձմեռը: Որքա՞ն գազ են մատակարարելու այլ երկրներ։ Որքա՞ն գազ պետք է այրվի էլեկտրաէներգիա արտադրելու համար. Եթե այս երեք կետերի շրջանակում տհաճ անակնկալներ առաջանան, ապա իրավիճակը կարող է սրվել։ Եվ այդ ժամանակ առանձնահատուկ նշանակություն կունենա չորրորդ առանցքային հարցի պատասխանը՝ որքանո՞վ տնտեսությունը և մասնավոր սպառողները պետք է կրճատեն գազի սպառումը։
Արդյո՞ք բարձր գինը այս տարի հանգեցրել է գազի սպառման ծավալների նվազմանը
Գնային ճգնաժամն արդեն ազդել է էներգատար ձեռնարկությունների վրա։ Այսպիսով, արդյունաբերության և սպասարկման ոլորտում գազի խոշորագույն սպառողները օգոստոսի վերջին շաբաթներին սպառել են գրեթե 19 տոկոսով ավելի քիչ գազ՝ համեմամատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի։ Այս մասին հայտնում է Դաշնային ցանցային գործակալությունը։
Մայիսից սկսած խոշոր սպառողների կողմից գազի սպառումը յուրաքանչյուր շաբաթ նվազել է 3-ից 27 տոկոսով։
Սակայն, բացի արդյունաբերությունից, գազով աշխատող էլեկտրակայանները նույնպես վառելիքի կարիք ունեն։ Վերջին ամիսներին դրանց կարևորությունը մեծացել է, մասամբ այն պատճառով, որ Ֆրանսիայի շատ ատոմակայաններ փակվել են, հարավային Եվրոպայի հիդրոէլեկտրակայանները տուժել են ջրամբարներում ջրի ցածր մակարդակից, իսկ Գերմանիայի ածուխով աշխատող էլեկտրակայաններին, դուրս մղված շուկայից բնապահպանական նկատառումներով, աստիճանաբար վերադարձան։ Ուստի, ընդհանուր առմամբ, Գերմանիան հուլիսին ութ տոկոսով ավելի շատ գազ է սպառել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։
Ինչքան ցուրտ լինի ձմեռը, այնքան սպառման մասնաբաժնում մեծ կլինի գազի ջեռուցումը։
Ինչպե՞ս են դաշնային կառավարությունը և Դաշնային ցանցային գործակալությունը վերաբերվում «Հյուսիսային հոսք 1» գազատարի փակմանը:
Երկար ժամանակ դաշնային կառավարությունը ձմռանը նախապատրաստվելու միջոցառումներ ծրագրելիս ելնում էր այն կանխավարկածից, որ ռուսական գազն այլևս չի մատակարարվի երկիր։ Այս մասին անցյալ շաբաթ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը։
Մամլո ասուլիսում, որտեղ նա հայտարարեց նոր LNG տերմինալի վարձակալության մասին, Հաբեկն ասաց. «Մենք չպետք է ակնկալենք, որ գազը կմատակարարվի «Հյուսիսային հոսք 1» խողովակաշարով ձմռանը։ Նրա խոսքով, «Գազպրոմի» վրա հույս դնել այլևս չի կարելի, հաղորդակցությունը միայն մասնակից ընկերությունների, այլ ոչ թե պետական գերատեսչությունների միջև է։
Կառավարությունը և Ցանցային գործակալությունը հպարտանում են, որ կարողացել են ավելացնել մատակարարումները Նորվեգիայից և Նիդեռլանդներից, գազ գնել միջազգային շուկաներից, բացի Ռուսաստանից, և որ գազի պահեստարանները լցված են այդքան բարձր մակարդակով։
«Մենք գազի պաշարներ էինք կուտակում նույնիսկ այն ժամանակ, երբ «Հյուսիսային հոսք 1»-ով մատակարարումները մոտ էին զրոյի՝ ենթադրյալ տեխնիկական աշխատանքների պատճառով», — ասում է Ցանցային գործակալությունը: Սա կարևոր է ձմռան համար, քանի որ անհրաժեշտության դեպքում վառելիքը կարելի է վերցնել ստորգետնյա պահեստարաններից։ Սա կապահովի հուսալի մատակարարում:
Կառավարության տեսանկյունից պետք է հոգ տանել նաև այն մասին, որ Նորվեգիայից և Նիդեռլանդներից մատակարարումները անթերի գործեն: Որևէ լուրջ տեխնիկական խնդիր չպետք է լինի։
Ինչպես Հաբեկը երբեք չի հոգնում ասել, գազի սպառման կրճատումը շատ կարևոր է. մարդիկ պետք է իրենց սահմանափակեն առնվազն 20 տոկոսով: Ցավալի բարձր գները, որոնք թույլ տվեց դաշնային կառավարությունը, չնայած ժողովրդականության ուղեկցող կորստին (այսպես կոչված ընտրական ճնշմանը), կարծես թե ցանկալի արդյունք են տալիս. բիզնեսներն ու անհատները սկսում են խնայել գազը:
Էլ ավելի կթանկանա՞ գազը վերջնական սպառողների համար
Սրանից պետք է վախենալ, թեև ոչ այնպիսի հանկարծակի գների աճ, ինչպիսին երկուշաբթի առավոտյան Եվրոպայի հիմնական գազի բորսաներում: Գազամատակարարող խոշոր ընկերություններից շատերն իրենց գազը գնում են ամիսներ և տարիներ առաջ, հաճախ գազի շուկա դուրս գալուց շատ առաջ:
Այս ամենից առաջանում է միջին գինը՝ սակագնի հաշվարկման հիմքը: Այն հաշվի է առնում նախորդ տարվա գնման արժեքները կամ հաջորդ տարվա կանխատեսվող արժեքները։
Սա մի կողմից փոխհատուցում է ներկայիս թանկացմանը։ Բայց, մյուս կողմից, դա հանգեցնում է նրան, որ վերջնական սպառողների համար գազի սակագինը տարիներ շարունակ բարձր է մնալու, նույնիսկ այն դեպքում, երբ բորսաներում գները մի օր նորից իջնեն։
Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ «Հյուսիսային հոսք 1»-ի աշխատանքների դադարեցումը տնտեսության համար
Ոչ մի, համենայնդեպս առայժմ։ Այժմ գազապահեստարանները բավականին լցված են, գազամատակարարման ընդհատումներ չեն նախատեսվում։ Բայց ձմռանը, հատուկ դեպքերում, դա կարող է փոխվել։ Եթե իսկապես գազի դեֆիցիտ լինի, ապա առաջին հերթին կանջատվեն արդյունաբերական ձեռնարկությունները, քանի որ, գործող օրենսդրության համաձայն, առաջնահերթություն ունեն մասնավոր տնային տնտեսությունները և սոցիալական հաստատությունները, ինչպիսիք են հիվանդանոցները։
Արդյունաբերական որ ձեռնարկությունները գազ կստանան արտակարգ իրավիճակներում, կորոշի Դաշնային ցանցային գործակալությունը։ Չափանիշների մեջ կլինեն այնպիսի գործոններ, ինչպիսիք են ձեռնարկության արժեքը ընդհանուր մատակարարման համար, արտադրական շղթաների համար, սպասվող տնտեսական և բնապահպանական վնասը, ինչպես նաև ձեռնարկության հետագա գործարկման ծախսերը և դրա համար պահանջվող ժամանակը:
Հոկտեմբերին Trading Hub Europe-ը (THE) մեկնարկում է այսպես կոչված աճուրդ, որի ընթացքում բիզնեսը կկարողանա վաստակել գազի խնայողությունների դիմաց: THE-ն աճուրդի է հանում գազի որոշակի ծավալներ, որոնք պետք է խնայվեն, ձեռնարկությունները կարող են առաջարկներ անել, թե ինչ գնով են պատրաստ հրաժարվել գազի այս ծավալի սպառումից։ Խրախուսվում են ամենացածր գներ առաջարկող ձեռնարկությունները: