Թուրքիայի «Խաղաղության աղբյուր» ռազմական օպերացիայի իրական նպատակները
Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններից ամերիկյան զորքերի դուրսբերումից անմիջապես հետո՝ 2019 թվականի հոկտեմբերի 9-ին, Թուրքիայի զինված ուժերը ներուժեցին Սիրիա․ մեկնարկեց «Խաղաղության աղբյուր» ռազմական օպերացիան։ Այն ուղղված է Սիրիական Քուրդիստանի դեմ, որտեղ Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում ձևավորվել է քրդական ինքնավարություն՝ Ռոջավա։
Թուրքական իշխանությունները հայտարարում են, թե պայքարում են ահաբեկիչների՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատ» և «Սիրիայի ժողովրդական ուժեր» քրդական կառույցների դեմ։ Թուրքիայի սահմանն ապահովագրելու համար Անկարան նախատեսում է Սիրիայի տարածքում ավելի քան 30 կմ խորությամբ և շուրջ 500 կմ երկարությամբ բուֆերային գոտի ձևավորել՝ հետագայում այնտեղ վերաբնակեցնելով սիրիացի փախստականների զգալի մասին։ Իրականության մեջ Թուրքիան հստակ նպատակներ ունի։
Բաժանել Սիրիական Քուրդիստանը Թուրքական Քուրդիստանից․
Քրդական ինքնավարության և անգամ պոտենցյալ անկախության հարցը ժամանակակից Թուրքիայի համար ամենամեծ սպառնալիք պարունակող խնդիրն է։ Թուրքական զինուժի կողմից վերահսկվող բուֆերային գոտին հնարավորություն կտա բաժանել Սիրիայի և Թուրքիայի քրդերին՝ թուլացնելով քրդական միասնականությունը։ Հետագայում Թուրքիայում ապաստանած սիրիացի-արաբ փախստականների վերաբնակեցումն այդ շրջանում հնարավորություն կտա մեկընդմիշտ վերացնել Արևմտյան Քուրդիստանից բխող վտանգը։
Սա այն հարցն է, որ հավասարապես ցանկալի է և՛ Դամասկոսի, և՛ Բրյուսելի, և՛ անգամ Վաշինգտոնի ու Մոսկվայի համար։ Արաբներով վերաբնակեցումը Սիրիային հնարավարություն է տալիս երկարատև կտրվածքով ապահովել այդ երկրամասի լոյալությունը։ Եվրամիությունը հնարավորություն է ստանում լուծելու իր սահմանին (Թուրքիայում) կանգնած շուրջ 3,5 մլն փախստականների հարցը։ Իսկ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը հնարավորություն են ստանում պահպանելու տարածաշրջանի սահմանների ստատուս-քվոն։
Սիրիական Քուրդիստանը դարձնել մարյոնետային տարածք Թուրքիայի համար.
Նախատեսվող բուֆերային գոտու տարածքում է անցնում Սիրիայի հյուսիսային շրջանի կոմունիկացիոն աորտան՝ «Մ-4» ճանապարհը։ Եթե այն հայտնվի թուրքերի վերահսկողության տակ, ապա Ռոջավայի իշխանությունները կհայտվեն Անկարայից ուղղակի կախման մեջ (ի դեպ այդ շրջանն Սիրիայի անապատային այլ հողատարածքների համեմատությամբ բավականին բերրի հող ունի)։
Դրանից բացի այսօր Սիրիական Քուրդիստանը պահպանում է գոյությունն իր վերահսկողության տակ գտնվող տարածքների նավթի վաճառքի հաշվին, որը հաճախ արվում է անօրինական ճանապարհներով։ Սև շուկայում քրդերը նավթը վաճառում են համաշխարհային գներից կրկնակի էժան։ Անկարայի միջնորդությամբ վաճառքի իրականացման պարագայում Թուրքիան դրանից կարող է տարեկան մի քանի միլիարդ դոլարի հավելյալ եկամուտ ստանալ։
Սկզբունքորեն այս ակնհայտ ագրեսորական օպերացիայի իրագործմամբ Թուրքիան և՛ քաղաքական, և՛ տնտեսական լուրջ հնարավորություններ կստանա։