Ամերիկյան նոր աշխարհակարգը պաշտոնապես վախճանվել է. Bloomberg
Ներկայացնում ենք ամերիկյան «Bloomberg» պարբերականի «America’s New World Order Is Officially Dead» հոդվածը:
ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ պատմական բեկում է արձանագրվել: Սառը պատերազմի ավարտից հետո շուրջ քառորդ դար Միացյալ Նահանգները փորձում էր գլոբալիզացնել լիբերալ աշխարհակարգը: Վաշինգտոնը փորձում էր այդ համակարգի մեջ ներառել իր պոտենցյալ հակառակորդներին՝ Ռուսաստանին ու Չինաստանին: Նպատակն էր տնտեսական ու դիվանագիտական միջոցներով այդ համակարգի մեջ հավաքագրել բոլոր տերությունները, ինչը կբավարարի վերջիններիս, այնուհանդերձ դրանում գերակա կլինի ԱՄՆ-ն ու ամերիկյան արժեքները:
Ռուսաստանի ու Չինաստանի քաղաքական ու տնտեսական լիբերալիզացման այդ նախագիծն այժմ փակուղում է: Ամերիկյան ռազմավարության նոր նպատակն է այլևս ոչ թե մրցակցող տերությունները գլոբալ աշխարհակարգում ներառելը, այլ գործող միջազգային համակարգի պաշտպանությունը:
Այժմ վտանգի տակ է հետսառըպատերազմյան լավատեսությունը, որ գերտերությունների դիմակայությունն ավարտվել է, որ ժողովրդավարությունն ու ազատ շուկան համընդհանուր տարածում են գտնում, որ աշխարհաքաղաքական բաժանարարները վերանում են:
Անգամ ԱՄՆ-ի նախկին աշխարհաքաղաքական մրցակից Ռուսաստանն ու ապագա գերտերություն Չինաստանը շահագրգռվածություն էին ցուցաբերում Վաշինգտոնի կողմից ղեկավարվող համաշխարհային հանրության հետ սերտ համագործակցության մեջ: Իրատեսական էր թվում ԱՄՆ-ի գլխավորությամբ միասնական քաղաքական ու տնտեսական կազմակերպման մոդելի ու գլոբալ համակարգի ձևավորումը:
Այդ սցենարի իրագործումն ամերիկյան քաղաքականության գլխավոր խնդիրը դարձավ: ԱՄՆ-ը խորացնում էր դիվանագիտական հարաբերությունները ելցինյան Ռուսաստանի հետ և խրախուսում էր այնտեղ ժողովրդավարական ու շուկայական բարեփոխումները, թեև միաժամանակ ապահովագրում էր իրեն ռուսական ռևանշիզմից և եվրոպական անկայունությունից՝ Վարշավյան պայմանագրի կազմակերպության նախկին անդամներին տրամադրելով ՆԱՏՕ-ի անդամություն:
Չինաստանին նկատմամբ էլ Վաշինգտոնը կիրառում էր «համապարփակ ներգրավվածության» քաղաքականություն. Պեկինն ինտեգրացվում էր համաշխարհային տնտեսության մեջ և նրան դրդում էին ակտիվ դերակատարում ունենալ տարածաշրջանային և միջազգային դիվանագիտության մեջ: Գաղափարն այն էր, որ ավելի հարուստ Չինաստանն ի վերջո ավելի ժողովրդավարական կդառնա, քանի որ աճող միջին դասը կսկսի կառավարության վրա ճնշում գործադրել՝ պահանջելով քաղաքական բարեփոխումներ: Ամերիկայի ինտեգրացիոն քաղաքականությունը Պեկինին միաժամանակ ցանկանում էր տրամադրել սեփական մասնաբաժինը գործող լիբերալ աշխարհակարգում՝ դրանով իսկ վերացնելով այն վիճարկելու առիթները:
Բիլ Քլինթոնի վարչակազմի այդ մոտեցումը նկարագրում էր հետևյալ կերպ. «երկու պետություն ձգտում են ներգրավվել միջազգային տնտեսության և գլոբալ ինստիտուտների մեջ… յուրաքանչյուր երկիրը կունենա ինտեգրացիոն առավելություն՝ իր վրա վերցնելով համապատասխան պարտավորություններ»:
Այս ռազմավարությունը, որը 2005 թվականին պետքարտուղարի տեղակալ Ռոբերտ Զելլիկը բնորոշել է որպես «պատասխանատու շահագրգիռ կողմերի» մոդել, արտացոլում էր 20-րդ դարի աշխարհաքաղաքական ու գաղափարախոսական համակարտությունը դադարեցնելու հնամենի երազանքը: Սակայն ինչպես ցույց տվեց վերջին տասնամյակը, սկզբում Ռուսաստանի, այժմ էլ Չինաստանի դիրքորոշմամբ այդ մոտեցումը հիմնվում էր երկու ենթադրության վրա, որոնք իրականության փորձությանը չդիմացան:
Առաջին ենթադրությունը՝ Չինաստանն ու Ռուսաստանն իրոք անշեղորեն գնում էին արևմտյան ուղիով տնտեսության ու քաղաքականության ազատականացման ճանապարհով: 1990-ականների վերջերին տնտեսական ճգնաժամի և քաղաքական քաոսի պայմաններում ռուսական բարեփոխումները կանգ առան: Հաջորդող պուտինյան իշխանության տարիներին աստիճանաբար վերականգնվում էր քաղաքական ավտորիտարիզմի մոդելը, իսկ պետությունների և հիմնական գործնական շրջանակների հետ հարաբերություններում աճում էր գաղտնի պայմանավորվածությունների պրակտիկան:
Չինաստանի տնտեսության զարգացումն ու ինտեգրացիան միջազգային տնտեսության մեջ չհանգեցրեց «անխուսափելի» քաղաքական ազատականացմանը: Դրա փոխարեն իշխող Կոմունիստական կուսակցությունը տնտեսության աճի մեծ տեմպերը օգտագործեց իր լեգիտիմության բարձրացման ու այլակարծությունից հրաժարվելու համար: Վերջին տարիներին Չինաստանի քաղաքական համակարգը փաստացիորեն դարձել է ավելի ավտորիտար. կառավարությունը ջանասիրաբար ճնշում է իրավապաշտպան գործունեությունը և անկախ քաղաքացիական ակտիվությունը, իսկ իշխանության հասել է տասնամյակների կտրվածքով աննախադեպ գերկենտրոնացվածության:
Երկրորդ ենթադրությունը՝ այդ տերություններին հնարավոր էր դրդել իրենց սեփական շահերը դիտարկել այնպես, ինչպես հարկ էր ԱՄՆ-ին: Սակայն հարցն այն էր, որ Ռուսաստանն ու Չինաստանը երբևէ չեն ցանկացել ամբողջությամբ ընդունել ամերիկյան լիբերալ աշխարհակարգն ու գաղափարները, որոնք բռնապետական ռեժիմի համար կարող են սպառնալիք դառնալ՝ չնշելով ընդհանրապես նախկինում Մոսկվայի ազդեցության գոտու տարածքներում ՆԱՏՕ-ի ընդլայնման ու չինական սահմանների մերձակայքում ԱՄՆ զորամիավորների պահպանման հարցերը: Դրա համար, երբ Պեկինն ու Մոսկվան հնարավորություն ստացան վիճարկելու այդ աշխարհակարգը, նրանք անցան դրա իրագործմանը:
Վերջին տասնամյակի ընթացքում Ռուսաստանը ուժով ու ահաբեկմամբ ձգտում էր հասնել հետպատերազմյան եվրոպական կարգերի վերանայմանը, դրա վառ դրսևորումներից մեկն էր 2008 թվականին ներխուժումը Վրաստան և 2014 թվականին՝ Ուկրաինա: Պուտինյան իշխանություններն ակտիվորեն ձգտում էին թուլացնել լիբերալ աշխարհակարգի առանցքային ինստիտուտները, ինչպես ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը, դրանից բացի փորձում էին միջամտել արևմտյան երկրների ընտրություններին և ներքաղաքական գործերին:
Չինաստանն էլ խանդավառությամբ օգտվում էր միջազգային տնտեսության մեջ ներգրավվածության առավելություններից, դրանով հանդերձ այն ավելի հաճախ էր ձգտում գերակայության հասնելու իր ծովային ծայրագավառներում՝ ճնշելով ու ահաբեկելով հարևաններին (Վիետնամ, Ճապոնիա) և թուլացնելով Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ դաշնակցային կապերը:
Ամերիկյան պաշտոնյաները հույս ունեին, որ ժամանակի ընթացքում իրենց կողմից առաջարկված համակարգը կբավարարի Մոսկվային ու Պեկինին և նրանք կձգտեն պահպանել ստատուս-քվոն: Դրա փոխարեն այդ տերությունները գործեցին դասական ռևիզիոնիզմի ոգով:
Այդպիսով՝ ինտեգրացիոն շրջափուլը մոտեցավ ավարտին այն իմաստով, որ այսօր գոյություն չունեն Ամերիկայի կողմից գլխավորվող համակարգում Ռուսաստանի ու Չինաստանի ներգրավման իրատեսական կարճաժամկետ հեռանկարներ: Սակայն դա չի նշանակում էր, որ Ամերիկան հիմա դատապարտված է պատերազմելու այդ երկրների հետ կամ որ պետք է ձգտի այդ տերություններն ամբողջությամբ իզոլացնել:
ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև առևտուրը կենսական նշանակություն ունի ամերիկյան բարեկեցության և միջազգային տնտեսության առողջության համար, Վաշինգտոն-Պեկին և անգամ Վաշինգտոն-Մոսկվա համագործակցությունը անհրաժեշտ է միջազգային դիվանագիտական խնդիրները լուծելու համար, ինչպես միջուկային զենքի տարածումը թույլ չտալու կամ կլիմայի փոփոխությունների առումով:
Այս ամենը նշանակում է, որ ԱՄՆ-ը խոշոր տերությունների ու միջազգային համակարգի նկատմամբ պետք է յուրացնի ավելի կոշտ ու ավելի քիչ հավակնոտ մոտեցում: Քիչ հավակնոտ այն առումով, որ նրան պետք է հրաժարվել այն գաղափարից, որ լիբերալ աշխարհակարգն իրավամբ գլոբալ բնույթ է ստանում կամ որ այն շուտով կներառի բոլոր հիմնական տերությունները: Այս մոտեցման կոշտությունն էլ կարտահայտվի այն ընկալման մեջ, որ ռևիզոինիստական տերությունների սպառանալիքից գործող կարգի պաշտպանության համար հարկ կլինի ավելի եռանդուն ջանքեր գործադրել:
Անհրաժեշտություն կլինի բարդ, բայց և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել. օրինակ՝ իրականացնել ռազմական ներդրումներ Արևելյան Եվրոպայում, Խաղաղ օվկիանոսում ԱՄՆ գերակայությունն ամրապնդելու համար: Դրա համար պետք է հին ու նոր գործընկերների միասնականությունը ռուսական ու չինական սպառնալիքի դեմ: Նման պայմաներում հասկանալի է դառնում, որ խոշոր տերությունների միջև հարաբերությունները թևակոխում են մեծ վտանգի ու լարվածության շրջան, որ ամերիկյան շահերի պաշտպանության համար անհրաժեշտ է պատրաստ լինել զգալի ծախսերի ու ռիսկերի:
Այդպիսով՝ ամբողջության ինտեգրացված աշխարհն այսօր անհասանելի նպատակ է: Գործող աշխարհակարգի հաջող պաշտպանությունն է ԱՄՆ-ի այսօրյա գլխավոր խնդիր: