«Ադրբեջանական լվացքատուն». Բաքվի «սև դրամարկղի», եվրոպական կոռուպցիոն մեխանիզմների մասին միջազգային լրագրողական հետաքննության զեկույցը
Սեպտեմբերի 4-ին «Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի հետաքննության նախագիծ» (Organized Crime and Corruption Reporting Project — OCCRP) միջազգային ոչ կառավարական կազմակերպության կողմից հրապարակվել է «Ադրբեջանական լվացքատուն» («The Azerbaijani Laundromat») զեկույցը:
Միջազգային տարատիպ լրատվամիջոցների համատեղ ջանքերով բացահայտվել է, որ Ադրբեջանը միլիարդավոր եվրոյի գումարներ է «լվացրել» (Մեծ Բրիտանիայում՝ 2,9 մլրդ դոլար): 2012-2014 թվականներին Ադրբեջանում ակտիվիստների ու լրագրողների զանգվածային ձերբակալությունների պայմաններում իշխող էլիտայի ներկայացուցիչները օգտագործում էին գաղտնի «սև դրամարկղը» եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառքելու, շքեղության ապրանքներ գնելու և այլ նպատակների համար՝ օգտագործելով ֆիկտիվ ընկերություններ:
Այդ ընկերությունների հաշվին են փոխանցվել տասնյակ միլիոնավոր եվրոյի գումարներ ռուսական զենքի մատակարար «Рособоронэкспорт» ընկերության կողմից: Այնուհետ այդ գումարները փոխանցվել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետի հաշվին:
Փողերի լվացմանը մասնակցող ընկերությունները Մեծ Բրիտանիայում գրանցված են եղել ադրբեջանցի կեղծ անձանց անուններով: Այդ ընկերությունները կեղծ հաշվետվություններ են ներկայացրել, թեև նրանց հաշվեհամարներով միլիարդավոր եվրոներ են հոսել: Դրանք բոլորը սպասարկվել են դանիական «Danske Bank»-ի էստոնական մասնաճյուղի կողմից:
Այդ հաշվեհամարների հոսքերի մասին տվյալները ստացել էր դանիական «Berlingske» թերթը, որը այն փոխանցել է նաև «OCCRP»-ին: Համատեղ լրագրողական հետաքննությանը մասնակցել են նաև գերմանական «Süddeutsche Zeitung», ամերիկյան «Barron’s», ֆրանսիական «Le Monde», բրիտանական «The Guardian», բուլղարական «Bivol» և այլ պարբերականներ:
ԳՈՒՄԱՐԻ ԱՂԲՅՈՒՐԸ.
Բրիտանական ընկերությունների հաշվեհամարներին փոխանցված գումարների մեծ մասը կատարվել են Ադրբեջանի բանկերից: Օրինակ, 1,7 մլրդ դոլար է փոխանցվել պետական «International Bank of Azerbaijan (IBA) բանկից:
«IBA»-ը սպասարկում է Ադրբեջանի շուրջ 750 հազար քաղաքացիների: 2017 թվականի մայիսին պետական բանկը հայտարարեց սնանկացման մասին, երբ կապիտալի ոչ բավարար քանակության և իրացվելիության խնդրի հիմնավորմամբ եվրոբոնդերի համար վճարումը չիրականացվեց:
Բազում հանգամանքներից պարզ է դառնում, որ ֆիկտիվ բրիտանական ընկերությունների շնորհիվ բանկից կարող էին հանվել ավանդատուների գումարները, որոնք հետագայում օգտագործվել են եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառք տալու և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների անձնական պահանջներ բավարարելու համար:
ԿԱՇԱՌՔ ԵՎՐՈՊԱՑԻ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ.
Էդուարդ Լինթներ
2013 թ. հոկտեմբերի 25-ին բրիտանական «Polux Management» ընկերությունը, որը մասնակից է ադրբեջանական փողերի լվացման մեխանիզմին, գերմանացի քաղաքական գործիչ, Բունդեսթագի նախկին պատգամավոր և ԵԽԽՎ մոնիտորիգային հանձնաժողովի նախկին ղեկավար Էդուարդ Լինթների հաշվին 61 հազար եվրո է փոխանցել:
Դրանից երկու շաբաթ առաջ նա ղեկավարում էր Ադրբեջանի նախագահական ընտրություններում Գերմանիայի դիտորդական առաքելությունը: Այդ ընտրություններում հերթական անգամ հաղթեց Իլհամ Ալիևը: Գերմանացի քաղաքական գործիչն ընտրությունները դրական բնորոշեց, նրա դիտարկմամբ. «Բուն ընտրական գործընթացը կազմակերպված էր բարձր մակարդակով և համապատասխանում էր ստանդարտներին, ինչպես օրինակ Գերմանիայում»:
Ընդհանուր առմամբ 2012-2014 թվականներին բրիտանական ֆիկտիվ ընկերության կողմից Լինթների հաշվի է փոխանցվել 891 հազար եվրո:
Կալին Միտրև
«Polux Management» ընկերությունը 2013 թվականի հոկտեմբերի 25-ին 20 հազար եվրո է փոխանցվել Կալին Միտրևի հաշվեհամարին, ով բուլղարացի քաղաքական գործիչ, Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի տնօրեն Իրինա Բոկովայի ամուսինն է: Փոխանցման նպատակը նշվել է «կառավարչական ծառայություններ» անվանումով:
Դրանից երեք օր առաջ նրա կինն կազմակերպել էր «Ադրբեջան՝ հանդուրժողականության տարածք» լուսանկարչական ցուցահանդեսը:
Ադրբեջանի իշխանությունները հսկայական գումարներ են ծախսում այդպիսի փիար-միջոցառումների վրա՝ հանրապետությունում մարդու իրավունքների ծանր վիճակի վերաբերյալ արևմտյան երկրների քննադատության հետևանքները մեղմելու համար: ՅՈւՆԵՍԿՕ-ի տնօրեն Իրինա Բոկովան բավականին օգնում է ադրբեջանական իշխանություններին երկրի քաղաքական իմիջի բարելավման հարցում: 2010 թվականին Ադրբեջանի առաջին տիկին և այժմ արդեն փոխնախագահ Մեհրիբան Ալիևան պարգևատրվել էր Մոցարտի ոսկե մեդալով: ՅՈւՆԵՍԿՕ-ի բարձրագույն պարգևը հանձնել էր անձամբ տնօրեն Իրինա Բոկովան:
Նրա ամուսինը՝ Կալին Միտրևը, 2012-2014 թվականներին ֆիկտիվ բրիտանական ընկերությունից ընդհանուր առմամբ 425 հազար եվրո է ստացել: Միտրևի խոսքերով նա այդ գումարները ստացել է խորհրդատվական ծառայությունների համար և այդ միջոցների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել Բուլղարիայում՝ վճարելով բոլոր հարկերը:
Լուկա Վոլոնտե
Իտալացի քաղաքական գործիչ Լուկա Վոլոնտեի գործը դարձել է Եվրոպական խորհրդի պատմության մեջ ամենաաղմկահարույց կոռուպցիոն սկանդալներից մեկը: 2012-2014 թվականներին ԵԽ-ում Եվրոպական ժողովրդական կուսակցության նախկին ղեկավար Վոլոնտեն ավելին քան 2 միլիոն եվրո է ստացել բրիտանական վերը նշված ընկերություններից:
Այժմ այդ գործը հետաքննության մեջ է. իտալական իրավապահ մարմինները գտնում են, որ Վոլոնտեն գումարներ է ստացել Ադրբեջանի իշխանությունների կողմից, որպեսզի թույլ չտա ԵԽԽՎ-ում ադրբեջանական քաղբանտարկյալների մասին բանաձևի ընդունումը: Եվ հենց Վոլոնտեի ջանքերով բանաձևի ընդունման համար բավարար ձայներ չհավաքվեցին:
Իտալացի քաղաքական գործիչը նշում է, որ այդ գումարները կաշառք չէին, այլ վճարումներ «խորհրդատվական ծառայությունների» համար, որոնք նա տրամադրել է ադրբեջանցի ձեռներեցներին:
«РОСОБОРОНЭКСПОРТ»-Ի ԳՈՒՄԱՐՆԵՐԸ.
Ռուսական զենքի արտահանում իրականացնող «Рособоронэкспорт» ընկերությունը, որը մտնում է պետական «Ростех» ընկերության կազմի մեջ, 2012 թվականին մոտ 29 միլիոն դոլար է փոխանցել բրիտանական «Metastar Invest» ընկերության հաշվին: Այդ ընկերությունը գրանցված էր Ադրբեջանի կեղծ քաղաքացու անունով, ինչպես նաև կեղծ հաշվետվություն էր ներկայացնում, որոնցում Էստոնիայում իր բանկային հաշիվների շրջանառություն չի ներկայացվել: Հենց «Metastar Invest» ընկերության հաշվից էլ փոխանցվել էր Լուկա Վոլոնտեի վարձատրությունը:
«Рособоронэкспорт»-ի գումարներից առնվազն 1,8 մլն դոլարը փոխանցվել է Հունգարիայում գտնվող «Velasco International» օֆշորային ընկերության հաշվին: Այդ ընկերությունն, ըստ «պանամական փաստաթղթերի», պատկանում է Ադրբեջանի առաջին փոխվարչապետի որդուն՝ Օրխան Էյյուբովին:
«Velasco International» ընկերության գործը վարող իրավաբանները նշել են, որ օֆշորային ընկերության փաստաթղթերի բնօրինակները հարկ է ուղարկել Բաքու: «OCCRP»-ի լրագրողների ստուգել են Ադրբեջանի մայրաքաղաքում այդ հասցեն և բացահայտվել է, որ այնտեղ բնակվում է հենց երկրի առաջին փոխվարչապետ Յաքուբ Էյյուբովը:
«Рособоронэкспорт» ընկերության գումարները բաժին են հասել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանեկան բիզնեսի հետ կապված օֆշորային ընկերություններին: Մասնավորապես, որոշ գումարներ ռուսական ընկերությունից բրիտանական «Metastar Invest»-ի միջնորդությամբ փոխանցվել են «Inmaxo Capital» օֆշորային ընկերությանը:
«Inmaxo Capital»-ն էլ իր հերթին միջնորդ էր հանդիսացել Ռուսաստանից դեպի Ադրբեջան ցեմենտի արտահանման գործում՝ «Pasha Insaat» շինարարական կազմակերպության համար, որը մտնում է «Pasha Holding» ցանցի մեջ: Այդ հոլդինգը ղեկավարում է Արիֆ Փաշայևը՝ առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի հայրը:
«Рособоронэкспорт»-ը հրաժարվել է պարզաբանել, թե Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ կապված օֆշորային ընկերություններ դրամական փոխանցումների նպատակն ինչն է եղել:
ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ.
Առաջին փոխվարչապետը.
Նշված բրիտանական ընկերությունների միջոցներով վճարվել են նաև Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների անձնական ծախսերը:
2012-2013 թվականներին «Metastar Invest» ընկերությունն ամերիկյան լավագույն կլինիկաներից մեկին (Johns Hopkins Medicine) է փոխանցել ավելին քան 12 հազար դոլար: Որպես փոխանցման նպատակն նշված է, որ այն կատարվել է Յաքուբ Էյյուբովին և նրա որդուն՝ Էմին Էյյուբովին, մատուցված ծառայությունների դիմաց է: Նշենք, որ Յաքուբ Էյյուբովը Ադրբեջանի առաջին փոխվարչապետն է դեռ 2003 թվականից, իսկ Էմին Էյյուբովը Ադրբեջանի դեսպանն է Եվրոպայի խորհրդում:
Ֆիկտիվ բրիտանական ընկերությունը վճարել է Էյյուբովների ընտանիքի բժշկական ծախսերը ոչ միայն ամերիկյան կլինիկայում, այլև Եվրոպայի բժշկական հաստատություններում:
Նախագահի մամլո քարտուղարը.
2013 թ. հունվարի 8-ին Իլհամ Ալիևի մամլո քարտուղար Ազեր Գասիմովը բրիտանական ընկերությունից 18 հազար դոլար է ստացել: Որպես փոխանցման նպատակ նշված էր «ԱՄՆ կրթական այցերի նախավճար»: Մինչդեռ դեպի ԱՄՆ «կրթական այցերը» չէին խոչընդոտում Գասիմովին քննադատելու ամերիկյան իշխանություններին Ադրբեջանի ընտրությունների և ընդհանուր առմամբ երկրում մարդու իրավունքների վերաբերյալ իրենց դիրքորոշման համար: