2,39 մլն եվրոյի կաշառքի համար քաղաքացիական հասարակությունը կոչ է անում զրկել Ադրբեջանի պատվիրակությանը ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից
Քաղաքացիական հասարակության ակտիվիստների խումբը համատեղ ուղերձ են հղել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վերաժողովի անդամներին՝ ձմեռային նստաշրջանի նախաշեմին:
Նրանք կոչ են արել Վեհաժողովին հետաքննելու կազմակերպությունում քաղաքական կոռուպցիայի փաստերը, որոնց մասին հայտնի դարձավ, երբ ԵԽԽՎ նախկին փոխնախագահ Լուկա Վոլոնտեի դեմ Իտալիայում քրեական գործ հարցուվեց և հրապարակվեց «Եվրոպական կայունության նախաձեռնություն» (European Stability Initiative – ESI) կենտրոնի «Խավիարային դիվանագիտություն-2» զեկույցը: Միլանի դատախազությունը Վոլոնտեին մեղադրանք է առաջադրել ադրբեջանական պատգամավոր Էլհան Սուլեյմանովից և Մուսլիմ Մամեդովից ընդհանուր առմամբ 2,39 մլն եվրոյի կաշառք վերցնելու համար:
Խնդրագրի հեղինակները կոչ են անում ԵԽԽՎ-ին այդ պատգամավորներին անմիջապես հեռացնել վեհաժողովից և նրանց հանդեպ հետաքննություն իրականացնել, ինչպես նաև զրկել ադրբեջանական պատվիրակությանը ձայնի իրավունքից:
Կաշառքի միջոցով Ադրբեջանը փորձել է թույլ չտալ ԵԽԽՎ-ում անցկացնել բանաձևեր, որոնք վերաբերում են այդ երկրում մարդու իրավունքների խախտումներին:
Խնդրագիրն արդեն իսկ ստորագրել են ավելի քան երեք տասնյակ ակտիվիստներ, ստորագրահավաքն իրականացնում է «Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի» կողմից: Քաղաքական հետապնդումների պատճառով արտերկրում գտնվող ԼԱԱԻ-ի համանախագահ Էմին Հուսեյնովն ադրբեջանական «Թուրան» գործակալությանը հաղորդել է, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում (հունվարի 23-27-ին) կլինեն զուգահեռ քննարկումներ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների և Վեհաժողովում կոռուպցիայի փաստերի վերաբերյալ, որոնց կմասնակցեն եվրոպական պատգամավորները, ինչպես նաև միջազգային փորձագետներ: