«Թուրքական հոսք». էներգառեսուրսների կենտրոն դառնալու Անկարայի երազանքն ու Ադրբեջանում ներդրումները կասեցնելու ռուսական ջանքերը
Ներկայացնում են բրիտանական «Financial Times» պարբերականի «Թուրքիայի հետ Պուտինի հաշտեցումն ազդակ է նոր էներգետիկ նախագծերի համար» հոդվածը:
Նախորդ ամիս աշխարհի ամենամեծ նավն անցավ Ստամբուլի եվրոպական և ասիական հատվածներն իրարից բաժանող Բոսֆորի նեղուցող: «Pioneering Spirit» նավի երկարությունը հավասար է հինգ «Boeing-747» ինքնաթիռի երկարության և բավարար լայն է երեք ֆուտբոլի դաշտ ներառելու համար (նավթի երկարությունը 382 մետր է, իսկ լայնությունը՝ 124 մետր, բարձրությունը՝ 30 մետր – խմբ.):
Նավն ուղևորվում էր Սև ծով, որտեղ մասնակցելու է Ռուսաստանից Թուրքիա կառուցվող «Թուրքական հոսք» գազամուղի շինարարությանը: Խողովակաշարի անցկացումը սկսվել է 2017 թ. մայիսին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիբ Էրդողանի միջև 12,7 մլրդ դոլար արժեցող նախագծի ռեալիզացման պայմանավորվածություն ձեռք բերելուց ընդամենը յոթ ամիս անց:
Այս գազամուղը պետք է սկսի գործառնել 2019 թվականին. մեկ խողովակաշարը նախատեսված է թուրքական ներքին շուկայի համար, իսկ մյուսը գնալու է դեպի Եվրոպայի հարավ:
Նախագծի արագ զարգացումը շեշտում է այն մերձեցումը, որը տեղ գտավ Թուրքիայի և Ռուսաստանի միջև վերջին մեկ տարվա ընթացքում: Այս երկրների հարաբերություններում լուրջ լարվածություն առաջացավ այն բանից հետո, երբ թուրքական օդուժը 2015 թվականին սիրիական սահմանի մոտ խոցեց ռուսական կործանիչը:
Սակայն անգամ այդ ժամանակ Ռուսաստանի և Թուրքիայի միջև էներգետիկ ոլորտի հարաբերությունները չդադարեցվեցին, ինչպես նշել է թուրքական էներգետիկայի ոլորտում մասնագիտացված վերլուծաբան Գարեթ Ուինրոուն. «Երկու կողմն էլ հասկանում է, որ պետք են միմյանց»:
Պուտինն ակտիվորեն առաջ է մղում «Թուրքական հոսքի» նախագիծը, քանի որ դրանում տեսնում է հնարավորություն ընդլայնվելու թուրքական շուկայում, որը նախորդ տարի ռուսական բնական գազի արտահանման համար երկրորդ երկիրը դարձավ Գերմանիայից հետ, իսկ մյուս կողմից Ռուսաստանը մոտենում է իր ռազմավարական նպատակին՝ Ուկրաինայի տարածքը շրջանցելով գազ մատակարարել (Եվրոպային –խմբ.):
Էրդողանի համար խողովակաշարի ստեղծման հեռանկարը, որը Թուրքիան կկապի Ռուսաստանի լայնածավալ էներգետիկ պահուստների հետ, ավելի կասկածելի բարիք է թվում: Հաշվի առնելով այն, որ Թուրքիան սեփական օրգանական վառելիք քիչ ունի, տնտեսության գործառնության համար անհրաժեշտ է հուսալի և հասանելի պահուստ:
2005-2015 թվականներին Թուրքիայում բնական գազի սպառման ծավալները տարեկան միջինում 4,4 տոկոսի աճ էին արձանագրում. սա Եվրոպայում աճի ամենաբարձր տեմպն էր: Թուրքիայի արագ աճող պահանջմունքը հիմնականում փակվում էր ռուսական գազի հաշվին: Դրանով հանդերձ այդ նույն ժամանակահատվածում, ըստ բրիտանական «British Petroleum» ընկերության զեկույցի, Եվրոպայում գազի նկատմամբ պահանջարկը ընկել է տարեկան 0,4 տոկոսով:
Այնուհանդերձ Էրդողանը համարում է, որ Թուրքիա գազի ներմուծումների կեսը Ռուսաստանին բաժին հասնելու իրողությունը երկարատև հեռանկարում ռազմավարական ռիսկ է: Էներգառեսուրսների ներմուծման դիվերսիֆիկացման խնդրով պատասխանատու է Թուրքիայի էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքը, ով Էրդողանի փեսան է: Այժմ նա աստիճանաբար դառնում է երկրի ամենից ազդեցիկ քաղաքական գործիչը:
Ալբայրաքն ու Էրդողանը ակտիվորեն աջակցություն են հայտնում նոր Վերանատոլական գազամուղի կառուցմանը, որը արդեն 2018 թվականին շահագործման կհանձնվի և Թուրքիան կկապի ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրի հետ: Այս նախագիծը Եվրամիության առավել լայնամասշտաբ նախաձեռնության մի մասն է, որը նախատեսում է Կասպից ծովի ավազանից «Հարավային գազային միջանցք» խողովակաշարով գազը մակատարարելու ճանապարհով կրճատել Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից (կարդացե՛ք. «Հարավային գազային միջանցք»):
Այն փաստը, որ թուրքական իշխանությունները միաժամանակ աջակցություն են հայտնում և՛ «Թուրքական հոսքին», և՛ «Հարավային գազային միջանցքին», հանդիսանում է Թուրքիայի արտաքին քաղաքականության արտացոլանքը, որը ՆԱՏՕ-ի միջոցով իր Արևմուտքի կապերի և հարավում ու արևելքում իր տարածաշրջանային շահերի միջև երկու մաս է լինում:
Անկարան հույս ունի, որ գազ ներմուծողների ցանկի ընդլայնումն իրեն հնարավորություն կտա ավելի էժան գնով այն ձեռք բերել: Դրանից բացի Թուրքիան վաղուց ցանկանում է ձեռք բերել էներգառեսուրսների առևտրի կենտրոնի կարգավիճակ, ուր Ռուսաստանից, Միջին Ասիայի և Մերձավոր Արևելքից կհոսի գազը, որն այնուհետև կգնա եվրոպական սպառողին:
Ավելին՝ այժմ դիտարկվում է Հյուսիսային Իրաքն ու Իսրայելը Թուրքիային կապող խողովակաշարերի կառուցման հնարավորությունը, իսկ Թուրքիայի ղեկավարությունը արդեն իսկ հիմք է դրել աշխարհի այլ անկյուններից գազի ներմուծման աշխատանքներին, անցյալ տարի բացվեց հեղուկ բնական գազի առաջին լողացող տերմինալը Էգեյան ծովի Ալիագա նավահանգստում: Այդ տերմինալում օգտագործվում են հարաբերականորեն ոչ այնքան թանկ ենթակառույցներ, իսկ Թուրքիան նախատեսում է առնվազն ևս երկու նման տերմինալ կառուցել:
Վերլուծաբանները գտնում են, որ Թուրքիայի ներքին սպառումն այնքան մեծ չէ, որ հիմնավորված լինի գազի ներմուծման աղբյուրների ակտիվ ընդլայնման վարվող քաղաքականությունը (Թուրքիան տարեկան սպառում է մոտ 48 մլրդ խմ գազ – խմբ.): Վերլուծաբանները նաև կասկած են հայտնում, թե արդյոք թուրքական իշխանությունները կկարողանա՞ իրականացնել այն շուկայական բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են տարածաշրջանային կենտրոն դառնալու համար:
Անցյալ տարի Թուրքիայում տնտեսական աճի տեմպի անկման պայմաններում գազի սպառումը 3,7 տոկոսով կրճատվեց, իսկ երկարատև ժամանակահատվածում աճին խոչընդոտում է ատոմային և վերականգնվող էներգիայի ոլորտի զարգացումն ապահովելու իշխանությունների քաղաքականությունը, ինչպես նաև Թուրքիայում արդյունահանվող ածուխը՝ որպես այլընտրանք ներմուծվող գազին:
Որոշ վերլուծաբաններ «Թուրքական հոսքը» դիտարկում են որպես Ռուսաստանի կողմից այլընտրանքային մատակարարումները խեղդելու փորձ: «Նպատակներից մեկն այն է, որ Ադրբեջանում արվող ներդրումները կասեցվեն, արդյունքում «Գազպրոմը» կունենա ավելի մեծ չափաբաժին»,-նշել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան (2010-2011 թթ. –խմբ.)՝ ավելացնելով, որ Ռուսաստանը փորձում է թուլացնել «Հարավային գազային միջանցքը»:
Դրանով հանդերձ Ռուսաստանը որոշել է իրեն ապահովագրել Թուրքիայում գազի պահանջարկի կրճատման հնարավորությունից՝ շեշտը դնելով նաև ատոմային էներգետիկայի ոլորտում ներդրումների իրականացման ուղղությամբ: Ռուսական պետական «Ռոսատոմ» ընկերությունը ղեկավարում է Թուրքիայի հարավում «Ակկույու» ատոմակայանի նախագծման գործընթացը: Թուրքիայի առաջին ատոմակայանի կառուցման աշխատանքները պետք է մեկնարկեն հաջորդ տարի:
Էներգետիկայի ոլորտում աշխատող «Enerji IQ» հետազոտական կազմակերպության ղեկավար Էմրե Էրթյուրքը գտնում է, որ էներգետիկ դիվանագիտության մեջ Մոսկվայի ակնառու ունակությունները հնարավորություն են տալիս գտնել ազդեցության պահպանման միջոցներ, որքան էլ փոխվի թուրքական էներգետիկ լանդշաֆտը:
«Ամեն անգամ, երբ դուք նոր դուռ են բացում, տեսնում են Ռուսաստանին նոր կերպարով», – նշել է նա: