Ո՞ր երկրներն են առաջատար զենքի արտահանման ցուցանիշով
Համաշխարհային սպառազինությունների մրցավազքի խոշոր հաղթողներն են ԱՄՆ-ը և Ֆրանսիան, մինչդեռ Ռուսաստանը կտրուկ անկում է գրանցել՝ համաձայն Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտական ինստիտուտի (SIPRI)՝ սպառազինությունների փոխանցման վերջին վերլուծության: Այս մասին հայտնում է POLITICO-ն:
Եվրամիության սպառազինության ծանր քաշային Ֆրանսիան զգալիորեն ավելացրել է արտահանման շուկայի իր մասնաբաժինը մինչև 11 տոկոս (նախորդ հնգամյա ժամանակահատվածի 7,2 տոկոսից)՝ շնորհիվ այն տարածաշրջանների, որտեղ սովորաբար գերակշռում է Ռուսաստանը, ինչպիսին Հնդկաստանն է: Մոսկվայի արտահանման մասնաբաժինը համաշխարհային սպառազինության շրջանակաւոմ 21 տոկոսից իջել է մինչև 11 տոկոս:
Հետազոտությունը համեմատել է 2019-ից 2023 թվականներին ընկած ժամանակահատվածը 2014-ից 2018 թվականների հետ: Այն պարզել է, որ միջազգային զենքի փոխանցումների համաշխարհային ծավալը նվազել է 3,3 տոկոսով, թեև Եվրոպայում վաճառքը կտրուկ աճել է:
Ֆրանսիան այժմ երկրորդ տեղում է ԱՄՆ-ից հետո, որի մասնաբաժինը սպառազինության համաշխարհային արտահանման մեջ աճել է 34 տոկոսից մինչև 42 տոկոս:
Վարկանիշային աղյուսակում Ֆրանսիայի վերելքը պայմանավորված է Dassault Aviation-ի Rafale կործանիչի խոշոր գործարքների շնորհիվ: Դրանք արտահանվում են այնպիսի երկրեր, ինչպիսիք են Կատարը, Եգիպտոսը և Հնդկաստանը:
Հնդկաստանը զենքի ամենամեծ ներկրողն է աշխարհում: Նրա ներմուծման 33 տոկոսը գալիս է Ֆրանսիայից, մինչդեռ 36 տոկոսը՝ Ռուսաստանից: Սա 1960-ականներից ի վեր առաջին հնգամյա ժամանակահատվածն է, երբ Ռուսաստանին կամ Խորհրդային Միությանը բաժին չի ընկնում երկրի գնումների կեսից ավելին:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին նախորդ տարի Բաստիլի օրվա տոնակատարության ժամանակ պատվավոր հյուր էր։ Երկու երկրները հունվարին խոստացան հաստատել կապեր պաշտպանական արդյունաբերության ոլորտում այն բանից հետո, երբ նախորդ ամառ Ֆրանսիան Նյու Դելիին վաճառեց 26 Rafale Marine կործանիչ և 3 Scorpène դասի ռազմական սուզանավ:
Եվրոպական երկրների մեծ մասը մեծացնում է պաշտպանական ծախսերը: Զենքի ներմուծումը 2019-2023 թվականներին 94 տոկոսով ավելի է եղել, քան 2014-2018 թվականներին:
SIPRI-ի թվերը նաև ընդգծում են Եվրոպայի աճող կախվածությունը ԱՄՆ-ից:
Քանի որ ՆԱՏՕ-ի ավելի շատ երկրներ են բավարարում դաշինքի նվազագույն թիրախը՝ ծախսեկու ՀՆԱ-ի 2 տոկոսը պաշտպանության վրա, զենքի համար ավելի շատ գումար կա, բայց Ֆրանսիան լավ վիճակում չէ դրանից օգտվելու համար:
Չնայած այն շատ լավ է գործում ոչ եվրոպական շուկաներում, նրա արտահանման 10-րդից պակասը բաժին է ընկել գնորդներին Եվրոպայում, և դրա կեսից ավելին ստացվել է 17 Rafale ինքնաթիռների վաճառքից Հունաստանին: