Մահացել է նախկին առաջին տիկին Ռոզալին Քարթերը
Նախկին առաջին տիկին Ռոզալին Քարթերը մահացել է կիրակի Ջորջիա նահանգի Պլեյնս քաղաքում, ասվում է The Carter Center-ի հայտարարության մեջ: Նա 96 տարեկան էր։ Այս մասին գրում է FOX NEWS-ը:
ԱՄՆ 39-րդ նախագահի կինը մահացել է այն բանից հետո, երբ ուրբաթ օրը նրան վերցրել էին հոսպիսային խնամքի տակ։
«Ռոզալինն իմ հավասար գործընկերն էր այն ամենում, ինչին ես երբևէ հասել եմ», — ասել է նախագահ Ջիմի Քարթերը: «Նա ինձ իմաստուն առաջնորդություն տվեց և քաջալերեց, երբ դրա կարիքն ունեի: Քանի դեռ Ռոզալինն աշխարհում էր, ես միշտ գիտեի, որ ինչ-որ մեկը սիրում և աջակցում է ինձ»:
Էլեոնորա Ռոզալին Սմիթը ծնվել է 1927 թվականի օգոստոսի 18-ին Ջորջիա նահանգի Պլեյնս քաղաքում: Նա չորս երեխաներից ամենամեծն էր:
Երբ նա 13 տարեկան էր, հայրը մահացավ, իսկ մայրը դարձավ հագուստագործ, որպեսզի օգներ ընտանիքին: Քարթերն աշխատում էր մոր կողքին և օգնում էր խնամել իր փոքր եղբայրներին ու քույրերին:
Ավարտելով դպրոցը, նա ընդունվեց Ջորջիայի Հարավ-արևմտյան քոլեջ Ամերիկոսում: 1945 թվականին՝ առաջին կուրսից հետո, նա առաջին անգամ հանդիպեց Ջիմի Քարթերի հետ:
«Նա այն աղջիկն է, ում հետ ես ուզում եմ ամուսնանալ», — հաղորդվում է, որ Քարթերն ասել է իր մայրիկին առաջին հանդիպումից հետո Ռոզալին Սմիթի հետ, ով մեծացել էր որպես Փլեյնսի Քարթերի ընտանիքի ընկեր և հարևան:
Զույգն ամուսնացել է 1946 թվականի հուլիսին։
Քարթերի կենսագրությունը, որը վերագրվում է Սպիտակ տան պատմական ասոցիացիային, նկարագրում է նրա «հանգիստ, ընկերական պահվածքը», որը նրան դարձրեց «արդյունավետ քարոզիչ» իր ամուսնու համար:
Որպես Ջորջիայի, իսկ ավելի ուշ՝ Միացյալ Նահանգների առաջին տիկին, Քարթերն անխոնջ աշխատեց ստեղծելու այն, ինչ նա անվանեց «ավելի հոգատար հասարակություն», — նշվում է կենսագրության մեջ The Carter Center-ի կողմից (ոչ առևտրային կազմակերպություն), որը նա և Ջիմի Քարթերը հիմնել են 1982 թվականին:
Ակտիվիստ առաջին տիկինն իր համարձակ օրակարգով ստեղծեց առանձին Արևելյան թևի գրասենյակ(East Wing office), որի միջոցով նա ձեռնամուխ եղավ անապահով մարդկանց օգնությանը: Նրա ջանքերը մարտահրավեր էին նետում տարեցների տարիքային խտրականությանը, խրախուսում էին հաշմանդամություն ունեցող մարդկանց զարգացման հնարավորությունները և նպաստում կանանց հավասարությանը», — հայտնում են կենտրոնից։
«Առավելապես նա իրեն նվիրել է հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցողների բուժման և ծառայությունների բարելավմանը, մի գործ, որը նա որդեգրեց, երբ ամուսինը նահանգապետ էր, և դա մնաց նրա առաջնահերթությունը իր ողջ կյանքի ընթացքում», — ասում են կենտրոնում:
Նրա ընտանիքը հայտարարեց, որ Քարթերի մոտ 2023 թվականի մայիսին ախտորոշվել է դեմենցիա: Նա իր վերջին օրերն անցկացրել է ամուսնու և ընտանիքի հետ: