ԵՄ-ն կգնա՞ ընդլայնման ճանապարհով
Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը 2024 թվականի հունիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններից առաջ ԵՄ վիճակի մասին իր ելույթում կոչ է արել ընդլայնել Եվրոպական միությունը մինչև 30 կամ ավելի երկրներ։ Այս մասին գրում է հոդվածի հեղինակ Անն Ռովանը(Anne Rovan) Le Figaro լրատվականում։
«Մի աշխարհում, որտեղ կարևոր են չափն ու կշիռը, մեր Միության ընդլայնումը ակնհայտորեն բխում է Եվրոպայի ռազմավարական և անվտանգային շահերից»,- ասաց նա՝ իր ելույթում մի քանի անգամ կրկնելով ուղերձը։
Ընդլայնումը կենսական նշանակություն ունի ԵՄ ապագայի համար։ Եվ այս առումով շատ բան տեղի կունենա (կամ կձախողվի) առաջիկա ամիսներին: Հոկտեմբերի վերջին Հանձնաժողովը պետք է իր կարծիքը հայտնի Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի և Արևմտյան Բալկանների երկրների՝ ԵՄ-ին միանալու շուրջ բանակցություններ սկսելու նպատակահարմարության վերաբերյալ։ ԵՄ բոլոր երկրները նոյեմբերի սկզբին Գրանադայում կանցկացնեն կարծիքների առաջին փոխանակումը այս հարցի շուրջ, իսկ հաջորդ քայլերը կորոշեն դեկտեմբերի վերջին։
Ֆոն դեր Լեյենը նաև ցանկանում է, որ անդամ երկրները և Եվրախորհրդարանը օգտվի 300 օրվա հնարավորությունից, որոնք մնացել են մինչև ընտրություններ, վերջնական տեսքի բերելու բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Քանի որ ԵՄ տնտեսությունը թուլանում է, Եվրահանձնաժողովի ղեկավարը խելամտորեն իրեն հռչակել է ոչ միայն շրջակա միջավայրի, այլև բիզնեսի ջատագով՝ ընդգծված նշելով, որ «կանաչ գործարքը» չպետք է խոչընդոտի ԵՄ մրցունակությանը:
Ավստրալիայի, Մեքսիկայի և Mercosur-ի հետ առևտրային համաձայնագրերը, ինչպես նաև միգրացիայի և ապաստանի վերաբերյալ անավարտ պայմանագիրը պետք է ավելացվեն Եվրոպական հանձնաժողովի աշխատանքային գրաֆիկում։ Այնուհետև Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պետք է հաստատի բյուջեի միջնաժամկետ վերանայումը, որից չորս տարվա ընթացքում 50 միլիարդ եվրոյի չափով օգնություն է տրամադրվում Ուկրաինայի վերակառուցման համար։ Հաշվի առնելով հանրային մտահոգությունները՝ սա, անկասկած, առանցքային թեման կլինի ԵՄ ընտրություններում, որոնք նախատեսված են 2024 թվականի կեսերին: «Եկեք ցույց տանք, որ Եվրոպան կարող է արդյունավետ և սրտացավորեն կառավարել միգրացիան: Եկե՛ք գործը ավարտին հասցնենք», — հորդորեց Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։