ԱՄՆ-ը և Չինաստանը ձգտում են կառավարել երկկողմ հարաբերությունները
Միացյալ Նահանգները պաշտոնապես Վաշինգտոն է հրավիրել Չինաստանի նոր արտգործնախարար Վան Իին, քանի որ երկու երկրների պաշտոնյաները շարունակում են կանոնավոր հանդիպումները ուժեղացող մրցակցության պայմաններում: Այս մասին գրում է AL JAZEERA-ն (US formally invites China’s Foreign Minister Wang Yi to Washington):
ԱՄՆ Պետդեպարտամենտը երեքշաբթի հաստատել է հրավերը՝ ասելով, որ Վաշինգտոնն ակնկալում է, որ Վանը կընդունի այն, սակայն այցի ամսաթիվը չի նշել: Առաջարկը նախկինում տարածվել էր Վանի նախորդի՝ Ցին Գանգի վրա, որը հեռացվեց պաշտոնին նշանակվելուց ընդամենը յոթ ամիս հետո:
ԱՄՆ պաշտոնյաները մեկ օր առաջ Պետդեպում հյուրընկալել էին չինացի բարձրաստիճան դիվանագետ Յան Տաոյին։
Հուլիսի 25-ին Ցինը՝ ԱՄՆ-ում նախկին դեսպանը, հանկարծակի հեռացվեց իր պաշտոնից և այնուհետև փոխարինվեց Վանով: Կադրային փոփոխության պատճառ չի նշվում։ 57-ամյա Ցինը հանրությանը չէր երևացել հունիսի վերջից:
Վանը զբաղեցրել է արտգործնախարարի պաշտոնը մինչև Ցինը, իսկ մինչ իր վերանշանակումը եղել է Չինաստանի կոմունիստական կուսակցության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի տնօրենը: Նա շարունակում է ծառայել այդ պաշտոնում։
Նախորդ շաբաթ AL JAZEERA-ին վերլուծաբաններն ասացին, որ արտաքին գործերի նախարարների անսպասելի փոփոխությունը դժվար թե էական ազդեցություն ունենա Չինաստանի քաղաքականության կամ Վաշինգտոնի և Պեկինի միջև կապերի վրա:
Վաշինգտոնում գտնվող Stimson Center-ի Չինաստանի ծրագրի տնօրեն Յան Սանն ասում է, որ Վանին որպես Ցինի փոխարինող անվանելը ընդգծում է շարունակականության Պեկինի ցանկությունը:
«Նա ապահով ընտրություն է», — ասաց Յանը Al Jazeera-ին:
Բլինկենը հրավեր էր ուղարկել Ցինին հունիսին Պեկին այցելելության ժամանակ, որի ընթացքում նա հանդիպեց Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ:
ԱՄՆ-ի և Չինաստանի պաշտոնյաները վերջին ամիսներին մի քանի այլ բարձրատիճան հանդիպումներ են անցկացրել: ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը և կլիմայի հարցերով բանագնաց Ջոն Քերին հուլիսին այցելել են Չինաստան:
Երկու երկրների միջև հարաբերությունները վատթարացան այս տարվա սկզբին այն իրադարձությունից հետո, երբ ԱՄՆ-ը մեղադրեց Չինաստանին իր տարածքի վրայով լրտեսական օդապարիկով թռչելու մեջ: Պեկինը պնդել է, որ օդանավը եղանակային օդապարիկ է, որը շեղվել է ընթացքից, և լարվածությունն ավելի է սրվել, երբ ամերիկյան ուժերը խոցել են այն:
Նախորդ ամիս լարվածությունը կրկին բարձրացավ այն իրադարձությունից հետո, երբ Microsoft տեխնոլոգիական ընկերությունը մեղադրեց Չինաստանի հետ կապ ունեցող հաքերներին ԱՄՆ-ի և արևմտյան այլ պաշտոնյաների էլեկտրոնային փոստեր մուտք գործելու մեջ:
Պեկինը պատասխանեց՝ կտրականապես հերքելով իր մասնակցությունը հաքերային գործողությանը և անվանելով ԱՄՆ-ին «աշխարհի ամենամեծ հաքերային կայսրությունը և համաշխարհային կիբերգողը»:
ԱՄՆ-ը և Չինաստանը, որոնք աշխարհի երկու խոշորագույն տնտեսություններն են, վերջին տարիներին տարաձայնություններ են ունեցել բազմաթիվ հարցերի շուրջ, ներառյալ առևտուրը, Թայվանի կարգավիճակը, Չինաստանի հավակնությունները Հարավչինական ծովում և ԱՄՆ-ի շարունակական ճնշումը Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում չինական ազդեցության աճի դեմ:
Սակայն ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարներն ասում են, որ չեն ձգտում առճակատման կամ նոր սառը պատերազմի: