Ավելի վատ հնարավոր չէ
ԱՄՀ-ի տնտեսական կանխատեսման համաձայն՝ Գերմանիային սարսափելի ճգնաժամի է սպասում։ Սրա պատճառները շատ են, իրավիճակը փոխելը բավականին դժվար է։ Այն, ինչ նախկինում ԳԴՀ-ի համար մեծ առավելություն էր, այժմ ի վնաս իրեն է: Այս մասին գրում է հոդվածի հեղինակ Ֆրանկ Ստոկերը(Frank Stocker) գերմանական Welt-ում:
Հարվածները հաջորդել են մի քանի ժամ ընդմիջումով։ Երկուշաբթի հարցում է անցկացվել գերմանացի մենեջերների շրջանում, իսկ երեքշաբթի առավոտյան՝ ընկերությունների ղեկավարների շրջանում։ Նույն օրը հրապարակվել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսումը։ Նրանք բոլորը եկել են նույն եզրակացության՝ Գերմանիան տնտեսական ճգնաժամի մեջ է։
Գերմանիայի տնտեսությունում, հատկապես արդյունաբերության մեջ իրերը շարունակում են անկում ապրել, այդ թվում՝ այլ երկրների համեմատությամբ։ Դրա համար շատ պատճառներ կան, որոնցից մի քանիսը բուն Գերմանիայում են, մյուսները` դրսում: Բայց գլխավորն այն է, որ դիրքի արագ փոփոխության համար պարզ հրաշք բաղադրատոմսեր չկան։ Ուստի Գերմանիայում տնտեսական լճացումը դեռ որոշ ժամանակ կշարունակվի։
Հատկապես տպավորիչ են ԱՄՀ-ի վերջին տվյալները։ Տնտեսագետները մի փոքր ավելացրել են թվերը համաշխարհային աճի վերաբերյալ. այս տարի նրանք այժմ հաշվում են 3,0 %։ Երբ կանխատեսումը վերջին անգամ թարմացվեց ապրիլին, դեռ 2,8% էր:
Իսկ որոշ երկրներում ԱՄՀ-ն նույնիսկ ավելի էական բարելավում է ակնկալում։ Իսպանիան, օրինակ, կարող է հույս դնել 2,5% տնտեսական աճի վրա, թեև նախկինում կանխատեսվում էր 1,5%: Մեծ Բրիտանիայում ռեցեսիան ամբողջությամբ «չեղարկված է»՝ մինուս 0,3%-ի փոխարեն ԱՄՀ-ի աղյուսակն այժմ ունի գումարած 0,4%: Բոլորովին այլ պատկեր Գերմանիայում. Սաուդյան Արաբիայից բացի, սա միակ խոշոր երկիրն է, որի համար ԱՄՀ փորձագետները իջեցրել են կանխատեսումները։ Ըստ նրանց՝ այս տարի Գերմանիայի տնտեսությունը կկրճատվի 0,3%-ով։ Դեռ ապրիլին անկումը կանխատեսվում էր 0,1% մակարդակում։ Վերջին շրջանում բավական տվյալներ ու պատճառներ կան՝ իջեցնելու կանխատեսումը։ Վերցնենք, օրինակ, երկուշաբթի հրապարակված գնումների մենեջերների ինդեքսը, որը կազմվել է Համբուրգի առևտրային բանկի կողմից: Գնումների մենեջերներն ընկերությունների այն աշխատակիցներն են, ովքեր, որպես կանոն, առաջինն են արձագանքում ֆինանսական իրավիճակի փոփոխությանը։ Ուստի փորձագետները պատրաստակամորեն ներգրավում են նրանց իրենց հետազոտություններում, երբ խոսքը տնտեսության ապագա զարգացման մասին է:
«Գերմանիայի տնտեսությունն անկում է ապրում», — ասում է DZ Bank-ի շուկայի վերլուծաբան Քրիստոֆ Սվոնկեն(Christoph Swonke): Նա նշում է հետևյալ պատճառները. «ԱՄՆ-ում կոնյունկտուրան թուլանում է, Չինաստանում պահանջարկի աճը հակաքովիդյան քաղաքականության ավարտից հետո, որի վրա մեծ հույսեր էին կապում, դեռ տեղի չի ունեցել։ Ե՛վ հիմնական տոկոսադրույքի աճը, և՛ դեռևս բարձր գնաճը բացասաբար են անդրադառնում ամերիկյան տնտեսության վրա»։
Սակայն այս բոլոր գործոններն ազդում են ոչ միայն Գերմանիայի տնտեսության վրա։ Դրանք բացասաբար են անդրադառնում նաև այլ երկրների վրա։ Եվ նրանք ավելի լավ են հաղթահարում այդ դժվարությունները։ «Այս պահին ոչ մի երկրում կոնյուկտուրան այնքան ճնշման տակ չէ, որքան Գերմանիայում», — ասում է Deka-Bank-ի տնտեսագետ Անդրեաս Շյուրլեն(Andreas Scheuerle):
Նրա կարծիքով, հիմնական պատճառը գերմանական տնտեսության կառուցվածքում է, որը շատ ավելի մեծ չափով, քան այլ երկրների տնտեսությունները, հիմնված է արդյունաբերության վրա։ Երկար տարիներ սա առավելություն էր, հատկապես այն ժամանակ, երբ գերմանական արտադրության ապրանքները մեծ պահանջարկ ունեին (առաջին հերթին Չինաստանում):
Բայց հիմա արդյունաբերության գերակայությունը վերածվել է մինուսի։ «Ուկրաինայում ռազմական հակամարտությունը, էներգիայի բարձր գները և Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) սահմանափակող ֆինանսական քաղաքականությունը ճնշում են գործադրում գերմանական վերամշակող արդյունաբերության վրա», — ասում է Swissquote Bank-ի գլխավոր վերլուծաբան Իպեկ Օզկարդեսկայան((Ipek Ozkardeskaya): Միաժամանակ տուժում է նաև մասնավոր սպառումը։
Հարկերի կրճատումն ու էլեկտրաէներգիայի հատուկ սակագինը դժվար թե օգնեն
Բայց մյուս խնդիրներին դժվար թե արագ լուծվեն: Էլեկտրաէներգիայի գները կմնան բարձր, քանի դեռ դաշնային կառավարությունը չի պայմանավորվել հատուկ սակագնի շուրջ արդյունաբերության համար (պետության կողմից սուբսիդավորվող):
Եվրոպական կենտրոնական բանկը, ամենայն հավանականությամբ, կշարունակի կենտրոնանալ գնաճի դեմ պայքարի վրա: Արդեն հինգշաբթի այն պատրաստվում է կրկին բարձրացնել հիմնական տոկոսադրույքը։
Ի վերջո, արտահանումը նույնպես հազիվ թե աճի խթան հանդիսանա: Թույլ տնտեսական իրավիճակը Չինաստանում, հավանաբար, դեռ որոշ ժամանակ կշարունակվի, մինչդեռ ԱՄՆ-ում կառավարությունն այժմ կրկին արդյունաբերականացնում է երկիրը հսկայական սուբսիդիաների օգնությամբ։
Հետևաբար, գերմանական ընկերությունները արտադրությունը կտեղափոխեն ԱՄՆ, այլ ոչ թե կընդլայնեն Գերմանիայում: Ո՛չ կարճաժամկետ հարկային արտոնությունները, ո՛չ էլեկտրաէներգիայի հատուկ գինը արդյունաբերության համար, ո՛չ տնտեսական և քաղաքական հավակնոտ բարեփոխումները Գերմանիայում ոչինչ չեն կարող անել դրա դեմ, քանի որ այս ամենը ոչինչ է ԱՄՆ-ի պետական սուբսիդիաների համեմատ։