«Սպառնալիք ժողովրդավարությանը»
Անետ Շարֆենբերգը(Annette Scharfenberg) հազարավոր ընտրողներից մեկն է, ով քվեարկել է ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) օգտին երկրի արևելքում գտնվող իր ընտրատարածքում: Նա զայրացած է։ Եվ ցանկանում է, որ Բեռլինում իմանան այդ մասին: Այս մասին գրում է FINANCIAL TIMES-ը:
«Ուզում էի իշխանություններին դաս տալ, որ նրանք չեն մոռանա»,- ասաց 60-ամյա վաճառողուհին։
Իշխանությունները վախենում են, որ ընտրողները, բախվելով գնաճի, ռեցեսիայի և փախստականների թվի աճին, գնալով ավելի կհրաժարվեն հիմնական կուսակցությունների աջակցությունից կամ նույնիսկ կհեռանան գերմանական ժողովրդավարական համակարգից:
Տեղացի իրավաբան Ռոբերտ Սեսսելմանը(Robert Sesselmann) դարձավ AfD-ի առաջին քաղաքական գործիչը, ով ընտրվեց որպես լանդրատ կամ շրջանային վարչակազմի ղեկավար: Նա ստացել է ձայների 53%-ը։
Մյուսների համար, սակայն, ընտրությունների արդյունքն իսկական աղետ էր։ «Սա նախազգուշական ազդանշան է»,- ասել է Կանաչների առաջնորդը: Նա AfD-ն անվանել է «սպառնալիք ժողովրդավարության համար»:
AfD-ն ստեղծվել է 2013 թվականին եվրոսկեպտիկ տնտեսագետների մի փոքր խմբի կողմից, ովքեր դեմ էին օգնության տրամադրմանը եվրոգոտու հարավային երկրներին:
AfD-ի աճող արմատականացումը զայրացրել է կենտրոնամետ ընտրողներին, և նրա դիրքերը 2021 թվականի վերջին թուլացել են համապետական ընտրություններում: Այնուամենայնիվ, վերջին շաբաթների ընթացքում կուսակցությանն աջակցությունը կտրուկ աճել է կանցլեր Օլաֆ Շոլցի կառավարության նկատմամբ հանրային դժգոհության աճի պատճառով:
Որոշ հարցումների համաձայն՝ AfD-ին աջակցում է ընտրողների 20%-ը։ Այսպիսով, այս կուսակցությունն առաջ է Շոլցի սոցիալ-դեմոկրատներից և ընդամենը մի քանի կետով է զիջում ամենամեծ ընդդիմադիր ուժին, որն է Քրիստոնեա-դեմոկրատական միությունը։
Այլ հարցումները ցույց են տալիս, որ AfD-ն հաջորդ տարի կարող է հաղթել արևելյան Գերմանիայի երեք կարևոր նահանգների՝ Թյուրինգիայի, Սաքսոնիայի և Բրանդենբուրգի ընտրություններում: Բայց քանի որ ոչ մի կուսակցություն չի ցանկանում համագործակցել նրա հետ, ապա շրջաններում իշխանության ղեկը ստանձնելու AfD-ի շանսերը մոտ են զրոյի:
Զոննեբերգի շատ բնակիչներ վախենում են 1990-ականների կրկնությունից, երբ շուկայի ուժերը եկան երկրի արևելք: Այնուհետև փակվեցին բազմաթիվ ձեռնարկություններ, ինչը մեծամասշտաբ գործազրկության պատճառ դարձավ։ «Շատերի համար սա դեժավյու կլինի,- ասում է Freies Wort-ի տարածաշրջանային թերթի խմբագիրը:- Եվ դրանք վերացական վախեր չեն, դրանք շատ իրական են»:
Այնուամենայնիվ, այս տարի Զոննեբուրգում և գերմանական շատ այլ քաղաքներում և բնակավայրերում դժգոհությունը նոր բարձունքների է հասել, քանի որ կառավարությունը հայտարարել է գազով և նավթով ջեռուցումն աստիճանաբար դադարեցնելու և վերականգնվող էներգիայով աշխատող ջերմային պոմպերի տեղադրման ծրագրերի մասին:
Նման նախաձեռնությունը հակասություններ առաջացրեց Շոլցի կոալիցիոն գործընկերների՝ կանաչների և լիբերալների շրջանում: Սա ամրապնդեց այն ընկալումը, որ կառավարությունում անհույս պառակտում է տիրում ամեն ինչում՝ սկսած հաջորդ տարվա բյուջեից մինչև կլիմայական ճգնաժամի դեմ պայքարի միջոցառումները:
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լարս Կլինգբեյլը (Lars Klingbeil) խոստովանել է, որ այս բախումները AfD-ի ուժեղացման պատճառներից մեկն են։ «Իհարկե, կոալիցիայի ներսում օրերի վեճը կապ ունի դրա հետ,- ասաց նա,- մենք մարդկանց ավելի անապահով ենք դարձրել: