Ուկրաինայում հավաքվում են «կայսրությունների շահերը», և «ոչ միայն Ռուսաստանի». Հռոմի պապ Ֆրանցիսկոս
Հռոմի պապի խոսքով՝ Ուկրաինայում հակամարտության պատճառը բազմաթիվ տերությունների շահերի բախումն է եղել, գրում է Le Figaro-ն։
Կասկածից վեր է, որ աշխարհը կարձագանքի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի հայտարարությանը։ «Ուկրաինայում կայսերական շահեր կան, և ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև այլ կայսրությունների: Սովորական է, երբ կայսրությունները հետին պլան են մղում ազգերին»,- ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը RSI հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
« Մի փոքր ավելի 100 տարուց երեք համաշխարհային պատերազմ է տեղի ունեցել՝ 1914-1918, 1939-1945 և այս մեկը: Այն սկսվեց «կտորներով», և այսօր ոչ ոք չի կարող ասել, որ սա համաշխարհային պատերազմ չէ»,- հավելեց Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը, ըստ RSI կայքում առկա հարցազրույցի ձայնագրության: Ըստ 86-ամյա պապի, ով նշել է իր հովվապետության տասնամյակը, «բոլոր մեծ ուժերը ներգրավված են հակամարտության մեջ, իսկ Ուկրաինան վերածվել է մարտի դաշտի, այնտեղ կռվում է ամբողջ աշխարհը»։
2022 թվականի փետրվարին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Հռոմի Պապը բազմիցս կոչ է արել խաղաղություն հաստատել Ուկրաինայում՝ դատապարտելով հակամարտության «անհեթեթությունն ու դաժանությունը»։ Չնայած միջնորդական առաջարկներին, Սուրբ Աթոռի դիվանագետները չկարողացան ազդել ռազմական գործողությունների վրա: Հռոմի պապը դիտարկել է Մոսկվա և Կիև մեկնելու հնարավորությունը, սակայն այդ գաղափարն այդպես էլ չիրականացավ։