Իրանը հայտարարել է, որ պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցություններ վարել Ռուսաստանին զինելու մասին պնդումների վերաբերյալ
Իրանի կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է խոսել ուկրաինացի պաշտոնյաների հետ՝ անդրադառնալու Ռուսաստանին զինելու մեղադրանքներին և ծրագրում է ուժեղացնել ռազմական համագործակցությունը վերջինիս հետ։ Գրում է AL JAZEERA-ն։
Երեքշաբթի ուշ երեկոյան տարածված հայտարարության մեջ Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին կրկնել է Թեհրանի հերքումը Ռուսաստան անօդաչու թռչող սարքեր ուղարկելու մասին՝ հակամարտությունում օգտագործելու համար և առաջին անգամ պատրաստակամություն է հայտնել «երկխոսության և բանակցությունների Ուկրաինայի հետ՝ այդ մեղադրանքները մաքրելու համար»։
Դա տեղի է ունեցել այն իրադարձությունից հետո, երբ երկուշաբթի օրը Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ նախագահ Վոլոիմիր Զելիսկիին առաջարկել է խզել պաշտոնական դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ Ռուսաստանի վերջին հարձակումներից հետո։
Երեքշաբթի օրը The New York Times-ը մեջբերեց ԱՄՆ անանուն պաշտոնյաներին, որոնք ասում էին, որ Իրանը, Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր վաճառելուց հետո, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից մասնագետներ է ուղարկել Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմ թերակղզի՝ օգնելու ռուսական ուժերին դրանք շահագործել: Այն հաջորդեց արևմտյան այլ լրատվամիջոցների հաղորդագրություններին, որ Թեհրանը պատրաստվում է ուղարկել ավելի շատ անօդաչու սարքեր։
Չորեքշաբթի օրը ունեցած ելույթում Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին անդրադարձել է Ռուսաստանին անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ վաճառքին:
«Երբ մի քանի տարի առաջ հրապարակվեցին մեր առաջադեմ հրթիռների և անօդաչու սարքերի լուսանկարները, [մեր թշնամիները] ասացին, որ դրանք ֆոտոշոփ են: Հիմա ասում են, որ իրանական անօդաչու թռչող սարքերը շատ վտանգավոր են ու հարցնում են, թե ինչու եք դրանք վաճառում»,- ասաց նա՝ ուղղակիորեն չնշելով Ուկրաինայի պատերազմի մասին։
Թեև բազմիցս հերքել են Մոսկվային զենքի վաճառքը` Ուկրաինայում օգտագործելու նպատակով, իրանցի պաշտոնյաներն ասում են, որ երկիրը ակտիվ «պաշտպանական համագործակցություն» ունի Ռուսաստանի հետ՝ առանց մանրամասներ հայտնելու: