«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական ծրագիրը (ԱԺ 2018)
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը երկար տարիների քաղաքական և քաղաքացիական պայքարի ու գործունեության (Սարդարապատ շարժում, Նախախորհրդարան, Հիմնադիր խորհրդարան, Սասնա Ծռերի ապստամբություն) ժառանգորդն է։
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններով ձևավորվող Ազգային ժողովը պատկերացնում է որպես Անցումային խորհրդարան, որը, գործելով մոտ երկու տարի, կարող է պայմաններ ու նախադրյալներ ապահովել ազգային պետության ստեղծման և նրա թռիչքային զարգացման համար։
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը որպես նախընտրական ծրագիր ներկայացնում է իր ծրագրի այն մասը, որը, որպես Անցումային ծրագիր, ներկայումս ընտրվող Ազգային ժողովն ի վիճակի է կատարելու։
Իրավունք և արդարություն
Ժամանակն է
- Ի դեմս նորընտիր Ազգային ժողովի՝ պետության անունից իրավաքաղաքական գնահատական տալու նախկին ազգադավ և հանցավոր ռեժիմի գործունեությանը, արձանագրելու դրա ծանր հետևանքները և ապահովելու Անցումային արդարադատության իրականացումը:
- Հրապարակավ ճանաչելու ապստամբության բնական իրավունքը, իսկ ապստամբներին անպարտ ճանաչելու օրենքի առաջ։
- Կատարելու գործակալական, տնտեսական և քաղաքական լյուստրացիա (գաղտնազերծում) և ըստ դրա արդյունքների համապատասխան անձանց զրկելու պետական ու տեղական ինքնակառավարման պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, պատասխանատվության ենթարկելու երկիրը կեղեքած և թալանած անձանց, ինչպես նաև ժողովրդին և պետությանը վերադարձնելու թալանված հարստությունը:
- Վերանայելու կամ չեղյալ համարելու անիրավ կամ մասնավոր շահերից բխող օրենքները, որոնք նաև վերածվել են ժողովրդի կեղեքման գործիքի (պարտադիր կենսաթոշակային, կարմիր գծեր, ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բարձր տուգանքներ և տույժեր և այլն):
- Իրականացնելու լայն համաներում:
- Վերանայելու բոլոր քրեական գործերը, որոնք վերաբերվում են ազգային շահերի և մարդու դեմ ուղղված ծանր և առանձնապես ծանր հանցագործություններին, այդ թվում՝ ցմահ ազատազրկման դատապարտվածների, ինչպես նաև քաղբանտարկյալների գործերը:
- Ստուգելու 2016 ապրիլի 2-5-ի ժամանակահատվածում տեղի ունեցած հակառակորդի հարձակմանը նպաստած հանգամանքները և դրա մեջ նախկին ռեժիմի ներկայացուցիչների հնարավոր մեղավորությունը:
- Մշակելու և ընդունելու նոր Սահմանադրություն, դրա հիման վրա՝ նոր Ընտրական օրենսգիրք և Կուսակցությունների մասին նոր օրենք:
Պետական կառավարում և կադրային քաղաքականություն
Ժամանակն է
- Ձևավորելու օպտիմալ և արդյունավետ պետական կառավարման համակարգ, մասնավորապես՝ կրճատելու ոստիկանությունը և դրա հաշվին մեծացնելու Զինված ուժերն ու Սահմանապահ զորքերը:
- Հրաժարվելու միայն յուրային կուսակցության կադրերին և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին պատասխանատու պաշտոնների նշանակելու գործելակերպից և դրա փոխարեն լավագույն կադրերին ամբողջ ազգի ներկայացուցիչներից ընտրելու նպատակով ձևավորելու Կադրերի ազգային շտեմարան, առաջին հերթին՝ պետական կառավարման միջին օղակից, հասարակական-քաղաքական կազմակերպություններից, փորձագիտական հանրության շրջանակներից և Սփյուռքի բարձրակարգ մասնագետներից, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում օգտվելու արտերկրյա բարձրակարգ մասնագետների ծառայություններից:
Սոցիալ-տնտեսական զարգացում
Գերակայություններ
Ժամանակն է
- Մեկնարկելու գիտահենք արդյունաբերությամբ, պաշտպանական արդյունաբերությամբ և հանքարդյունաբերությամբ պայմանավորված տնտեսական արժեքային շղթաների ամբողջականացման ռազմավարական ծրագրեր և գործնական միջոցներ ձեռնարկելու այդ համատեքստում համաշխարհային զարգացումներին մասնակից դառնալու համար:
- Քայլեր ձեռնարկելու համաշխարհային 4-րդ արդյունաբերական հեղափոխությամբ պայմանավորված զարգացումներին մասնակից դառնալու համար, այդ թվում.
- պետության աջակցությամբ և արտերկրահայության ներգրավմամբ ստեղծելու էլեկտրոնային առևտրի (e-commerce) հարթակներ,
- պետության աջակցությամբ ստեղծելու կրիպտոտնտեսության (բլոքչեյն տնտեսության) հարթակներ,
- հիմնելու բիոտեխնոլոգիաների, մեդիատեխնոլոգիաների, ռոբոտային և արհեստական բանականության տեխնոլոգիաների լաբորատոր հարթակներ,
- առկա կարողությունների ընդլայնմամբ և զարգացմամբ մեկնարկելու Հայաստանը տեխնոլոգիական տրանսֆերի տարածաշրջանային կենտրոնի վերածելու ծրագիր,
- քայլեր ձեռնարկելու կրթության համակարգը 4-րդ արդյունաբերական հեղափոխության չափանիշներին համապատասխանեցնելու համար,
- օրենսդրությունը համապատասխանեցնելու 4-րդ արդյունաբերական հեղափոխության պահանջներին:
Ռեսուրսային ապահովում
Ժամանակն է
- Ստեղծելու ազգային ներդրումային հիմնադրամ (ԱՆՀ), որի միջոցները սկզբնական շրջանում կգոյանան տնտեսական լյուստրացիայի շնորհիվ՝ նախկին հանցավոր ռեժիմի ներկայացուցիչների կողմից ՀՀ-ից գողացված կապիտալը վերադարձնելու ճանապարհով:
- Հայաստանի Հանրապետություն հրավիրելու հայազգի հանրաճանաչ ապրանքային նշաններ ունեցող կազմակերպությունների սեփականատերերին, ՀՀ-ում նրանց ապրանքային նշաններով (բրենդ) արտոնյալ հարկային պայմաններով բիզնես կազմակերպելու համար:
- Ընդլայնելու պետական աջակցությամբ նորարարության զարգացման դրամաշնորհային ծրագրերը:
- Հիմնելու «Համահայկական ներդրումային զարգացման բանկ» (ՀՆԶԲ), դրա կանոնադրական կապիտալում ներգրավելով Հայաստանի զարգացմամբ շահագրգիռ ֆիզիկական ու իրավաբանական անձանց և ՀՆԶԲ-ի գործունեությամբ մրցակցային նոր իրավիճակ ձևավորելու միջոցով նպաստել վարկերի տոկոսադրույքների նվազեցմանը:
- Ընդունելու ՀՀ գնումների մասին նոր օրենք՝ ամբողջությամբ փոխելով պետական գնումներին մասնակցող կազմակերպություններին հաղթող ճանաչելու սկզբունքները:
Ենթակառուցվածքային և տարածքային զարգացում
Ժամանակն է
- Մեկնարկելու ռազմավարական ենթակառուցվածքների և օբյեկտների նկատմամբ ազգային վերահսկողություն հաստատելու գործընթաց:
- Կառուցելու Իրան-Հայաստան մեծ տարողունակությամբ գազատար:
- Լայնածավալ մասշտաբներով ձեռնամուխ լինելու հողմային և արևային էլեկտրակայանների ստեղծմանը:
- Պետական մասնակցությամբ ստեղծելու բյուջետային ազգային ավիափոխադրող:
- Իրականացնելու հանքավայրերի ստուգաչափական իրական մշտադիտարկում և քարտեզագրում:
- Ուսումնասիրելու ՀՀ-ում գործող հանքավայրերը շահագործելու նպատակով տրամադրված արտոնագրերի օրինականությունը:
- Պետության մասնակցությամբ ստեղծելու գյուղմթերքի մթերումը և վերամշակումը երաշխավորող մեխանիզմներ:
- Ներդնելու գյուղատնտեսական նշանակության հողերի հակակարկտային լիարժեք պաշտպանության էլեկտրոնային կառավարման միասնական համակարգ:
- Ներդնելու ջրօգտագործման համակարգերի օպտիմալացված (ծրագրավորված) կիրառման ծրագիր, իսկ մինչ այդ համաներելու ջրօգտագործման վճարների պարտքերի գումարները և նվազեցնելու դրանց սակագները:
- Հնարավոր բոլոր միջոցներով աջակցելու և սուբսիդավորելու գյուղացիական տնտեսություններին, այդ թվում՝ ստեղծելով գյուղտեխնիկայի միջհամայնքնային պարկեր:
- Ներդրումային նպատակային ծրագրերի միջոցով ՀՀ տարածքում՝ այդ թվում Արցախում, հիմնելու էքստրեմալ, արշավային (hiking) և մշակութային խոշոր տուրիստական կենտրոններ:
- Իրականացնելու տարածքների համաչափ զարգացման ազգային արդյունավետ ծրագիր:
- Մեկնարկելու ազատագրված և սահմանամերձ տարածքների վերաբնակեցման, տնտեսության ու կրթամշակութային կառույցների զարգացման խթանման, կյանքի կազմակերպման նոր ձևերի (կանաչ տնտեսություն, վերականգնվող էներգետիկա և այլն) սաղմերի (մոդելների) փորձարկման ու ներդրման և այլ անհրաժեշտ ուղղությունները ներառող ծրագիր:
Հարկային քաղաքականություն
Ժամանակն է
- Վարելու ներդրումները և ռազմավարական ծրագրերը խթանող հարկային քաղաքականություն:
- ՏՏ ոլորտում կիրառելու արտոնյալ հարկային քաղաքականություն, հնարավոր համարելով նաև ոլորտը հարկերից ամբողջությամբ ազատելու տարբերակը:
- Դիտարկելու փոքր և միջին բիզնեսի համար երկամյա հարկային արձակուրդ սահմանելու հարցը:
Սոցիալական քաղաքականություն
Ժամանակն է
- Վերացնելու առողջապահության պետպատվերային և սոցիալական օգնությունների ու նպաստների վճարման համակարգերը և դրանց փոխարեն ներդնելու էլեկտրոնային վճարման միասնական համակարգ:
- Մասնագիտական սկզբունքով վերակենդանացնելու արհմիությունները:
- Ըստ իրական պահանջների վերահաշվարկելու նվազագույն սպառողական զամբյուղը:
- Մշակելու և իրականացնելու ծայրահեղ աղքատության հաղթահարման, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց և ընտանիքների աջակցության արդյունավետ պետական ծրագրեր:
- Նվազագույն աշխատավարձը և կենսաթոշակը փուլ առ փուլ հասցնելու սպառողական նվազագույն զամբյուղի մակարդակին:
- Ապահովելու սոցիալապես անապահով անձանց անվճար մասնագիտական կրթությունը:
- Վերանայելու պետական կառավարման համակարգի աշխատողների աշխատավարձերը՝ փուլ առ փուլ դրանք հասցնելով արժանապատիվ կյանք ապահովելու մակարդակի:
- Մշակելու ոչ պետական հատվածում աշխատողների արժանապատիվ կյանք ապահովող աշխատավարձի ձևավորման պետական միջոցառումների ծրագիր և մեկնարկելու դրա իրագործումը:
- Սահմանելու արժանավայել սոցիալական ապահովություն Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված անձանց ընտանիքների անդամների և հաշմանդամություն ստացած անձանց ու նրանց ընտանիքների անդամների համար:
- Մշակելու և իրագործելու ծնելիության խրախուսման և մայրության ու մանկության խնամքի ծրագիր, այդ թվում՝ բազմապատիկ մեծացնելու ոլորտում առկա ֆինանսական աջակցությունը:
- Իրագործելու սոցիալական բնակարանաշինության ծրագիր՝ բնակարանների անհատույց օգտագործման իրավունքով:
- Բանակցություններ սկսելու առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հետ՝ չմարված վարկերի տույժերի և տուգանքների համաներման նպատակով:
- Նվազեցման նպատակով վերանայելու գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման սակագները:
Անվտանգություն և պաշտպանություն
Ժամանակն է
- Մեկնարկելու ազգի և պետության ամբողջ անվտանգային-պաշտպանական ներուժի առավելագույն կարողություններ համախմբելու, զարգացնելու, ինքնակատարելագործելու և արդյունավետ կերպով կիրառելու ունակ «Ազգ-բանակ» կազմակերպվածքի ստեղծման ծրագիր և դրա ձևավորման տրամաբանությամբ առաջին շրջանում անհապաղ կերպով իրականացնելու պաշտպանության ամրապնդման կազմակերպական, տնտեսական, իրավական, սոցիալական և այլ միջոցառումներ, այդ թվում.
- բարձրագույն և միջին հրամանատարական կազմի կադրային փոփոխությունների միջոցով ապահովել Զինված Ուժերի կառավարման արդյունավետ մակարդակ,
- պետության ձեռքում կենտրոնացնել բավարար նյութական միջոցներ՝ սպառազինություն ու ռազմական տեխնիկա ձեռք բերելու և պաշտպանական արդյունաբերության անհրաժեշտ ծրագրեր իրականացնելու համար,
- միջոցներ ձեռնարկել քաղաքացիական պաշտպանության ենթակառուցվածքներ ստեղծելու համար,
- արմատապես վերանայել հակառակորդի հետ շփման գծի պաշտպանության ներկայիս համակարգը (մասնավորապես՝ զորակոչիկների փոխարեն ներգրավելով արհեստավարժ անձնակազմ, ինչպես նաև կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ և տեխնիկա):
- Մեկնարկելու Սահմանապահ զորքերը պաշտպանական համակարգում ինտեգրելու և սահմանապահ գործառույթը պաշտպանական համակարգի ուժերով ու միջոցներով իրականացնելու ծրագիր, քանի որ Հայաստանը չունի ռազմավարական խորություն:
- Ըստ պաշտպանության համար անհրաժեշտ չափանիշների որոշելու սահմանային պաշտպանական գոտին և դրանում ձևավորելու ԶՈՒ համապատասխան զորամիավորումների հրամանատարության ներքո գործող տարածքային պաշտպանության ուժեր՝ ներգրավելով այդ գոտու բնակիչներին և նրանց հատկացնելով զենք ու զինամթերք:
- Արմատապես վերանայելու անվտանգության մարմինների համակարգը՝ ստեղծելով միմյանց հավասարակշռող և անվտանգության ապահովման ամբողջ ծավալն ապահովող ու համադրող կառույցների համակարգ՝ քաղաքական-վերլուծական հետախուզություն, արտաքին հետախուզություն, պաշտպանական հետախուզություն, ներքին անվտանգություն և հակահետախուզություն, օպերատիվ-քրեական հետախուզություն։
Արցախի միացում, արտաքին հարաբերություններ, Հայրենիք-Սփյուռք
Ժամանակն է
- Որդեգրելու Փարիզի 1920 թ. Վեհաժողովի որոշումների և Վիլսոնյան իրավարար վճռի դրույթների ոգուն համապատասխան Արցախը ՀՀ կազմի մեջ ներառելու ձևով ՀՀ-ին դե յուրե միացնելու և այդպիսով Նոր Հանրապետություն հիմնադրելու ռազմավարություն՝ զուգահեռաբար անվավեր և չեղյալ ճանաչելով Մոսկվայի և Կարսի պայմանագրերը:
- Ռազմավարական գործընկերության հարաբերություններ հաստատելու ԱՄՆ-ի և Իրանի հետ, որակապես նոր մակարդակի հասցնելու հարաբերությունները Եվրոպական Միության, Վրաստանի, Չինաստանի և Հնդկաստանի հետ, ինչպես նաև այս ամենի համատեքստում վերանայելու Ռուսաստանի հետ հարաբերությունների ձևաչափը՝ դրանք կառուցելով իրավահավասարության և փոխադարձ հարգանքի վրա:
- Հնարավորություն տալու արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին ընտրելու և ընտրվելու իրավունքով մասնակցելու ՀՀ ընտրություններին:
- Օրենսդրական, սոցիալ-տնտեսական և սոցիալ-մշակութային բարենպաստ պայմաններ ստեղծելու հայրենադարձների համար: