Եվրամիության առևտրային քաղաքականությունը
Եվրոպական Միությունը համաշխարհային ամենամեծ առևտուր իրականացնողներից է, արտահանման ծավալներով այն զիջում է միայն Չինաստանին[1], իսկ ներմուծմամբ՝ միայն ԱՄՆ-ին[2]: Իր անդամների միջև ազատ առևտուրը հաջող սկսվել է 50 տարի առաջ, մինչև ԵՄ ստեղծումը: Այդ իմաստով Միությունը առաջնային դեր է խաղում հարուստ և աղքատ երկրների փոխշահավետ համաշխարհային առևտրի լիբերալացման գործում:
ԵՄ հիմնական փիլիսոփայությունն այն է, որ նա ներմուծումների համար կբացի իր շուկան, եթե իր առևտրային գործընկերները պահպանեն կանոնները: Միությունը հակված է նաև ազատականացնել ծառայությունների առևտուրը: Սակայն Միությունը հնարավորություն է տալիս զարգացող երկրներին բացել իրենց շուկաները ավելի դանդաղ, քան ինդուստրիալ երկրները և օգնում է նրանց ինտեգրվել համաշխարհային առևտրի համակարգում, սա շատ կարևոր է նաև Հայաստանի համար:
Հայաստանի համագործակցությունը Եվրոպական Միության հետ մշտապես եղել է ՀՀ արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից: Այդ համագործակցությունը հիմնականում ծառայում է ԵՄ հետ քաղաքական հարաբերությունների և առևտրատնտեսական կապերի խորացմանը, ինչպես նաև Հայաստանում ժողովրդավարական և իրավական պետության հաստատությունների բարեփոխման և կատարելագործման նպատակին:
ԵՄ-ն Հայաստանի առևտրային գլխավոր գործընկերն է, որին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առևտրի ընդհանուր ծավալի 30 տոկոսը[3]: Երկկողմ առևտրի ծավալները դեռևս շատ փոքր են և ոչ բավարար չափով դիվերսիֆիկացված, հատկապես Հայաստանի արտահանումների պարագայում:
ԵՄ-ի մեջ ազատ առևտրի համար սահմանների վերացումը նպաստեց էական ծաղկմանը և սա իր հերթին խթանեց գլոբալ ազատականացման պարտավորությունների կատարմանը: Քանի որ ԵՄ անդամ երկրները վերացրին իրար հետ առևտրի մաքսատուրքերը, նրանք նաև նույնականացրին արտերկրից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը: Սա նշանակում էր, որ ապրանքի մաքսավճարը նույնն է, անկախ Աթենքի թե Համբուրգի նավահանգստից է վերջինս ներմուծվում: Այս ամենի արդյունքում Ճապոնիայից Գերմանիա ներմուծվող ավտոմեքենայի համար վճարվում է մաքսատուրք Գերմանիայում, և այն կարող է տեղափոխվել Բելգիա կամ Լեհաստան և վաճառվել նույն եղանակով, ինչպես կվաճառվի գերմանական մեքենան: Ոչ մի այլ վճար չի գանձվում:
Արտաքին ընդհանուր տարիֆի հարմոնիզացիան նշանակում էր, որ ԵՄ երկրները միջազգային առևտրային բանակցություններում պետք է ներկայանային որպես մեկ խումբ: Արտաքին առևտուրը դարձավ եվրոպական ինտեգրման առաջին գործիքներից մեկը, որը պահանջում էր անդամ երկրներից հրաժարվել իրենց անկախությունից[4]:
Առևտրի ազատականացման միջազգային բանակցությունների փուլերի ընթացքում ԵՄ-ն իր առևտրային գործընկերների հետ միասին հիմնական դերակատարն էր: Սրանք էին՝ 1960-ականների Քենեդիի փուլը, 1980-ականների Տոկիոյի փուլը, 1994թ. ավարտված Ուրուգվայի փուլը և 2001թ. Դոհայի զարգացման փուլը: Այս փուլերի (այժմ Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում[5]) նպատակն է նվազեցնել մաքսային վճարները և վերացնել համաշխարհային առևտրի այլ խոչընդոտները:
Ավելի վաղ փուլերից հետո ինդուստրիալ ներմուծումներից գանձվող ԵՄ մաքսատուրքը նվազեցվեց մինչև 4%, որը այսօր աշխարհում ամենացածրերից մեկն է: 2003թ. Կանկունի կոնֆերանսի ձախողումը, որը դիտվում էր որպես Դոհայի փուլի միջանկյալ կետ, զարմացրեց ԵՄ-ին և այլ մասնակիցներին: Առաջացան հարուստ և աղքատ երկրների միմյանց շուկաների մատչելիության և գյուղատնտեսության սուբսիդավորման հետ կապված մի շարք խնդիրների վերաբերյալ չնախատեսված տարաձայնություններ: Միությունը ակտիվ մասնակցություն է ապահովում բանակցությունների շտկման միջազգային գործընթացում:
Եվրոպական Միությունը մեծ ներդրումներ է կատարել` փորձելով հաջողությամբ ավարտել Դոհայի փուլը: Գոյություն ունի նաև վստահություն ԱՀԿ կանոնների վրա հիմնված համակարգի հանդեպ, որը նախատեսում է միջազգային առևտրի իրավական որոշակիության և թափանցիկության մակարդակ: ԱՀԿ-ն իր անդամների համար սահմանում է պայմաններ, որոնց դեպքում վերջիններս կարող են պաշտպանել իրենց անարդար գործողություններից, ինչպիսին է դեմպինգը` վաճառք ավելի ցածր գնով, որի միջոցով արտահանողները մրցակցում են տեղական մրցակիցների հետ: Սահմանվում է վեճերի կարգավորման ընթացակարգ, երբ ուղղակի վեճեր են ծագում երկու կամ ավելի առևտրային գործընկերների միջև:
Առևտրի կանոնները բազմակողմանի են, բայց վաճառողների և գնորդների, արտահանողների և ներմուծողների միջև առևտուրը երկկողմանի է: Այդ պատճառով ԵՄ-ն, ի հավելումն իր մասնակցությանը Դոհայի և ԱՀԿ-ի նախորդ փուլերին, զարգացրեց երկրների և տարածաշրջանների միջև առևտրային երկկողմանի պայմանագրերի ցանցը ամբողջ աշխարհով մեկ:
ԵՄ-ն գործում է բազմակողմանիորեն սահմանված առևտրային կանոնների համաձայն. ապրանքների և ծառայությունների իրական փոխանակումը իրականացվում է երկկողմանի` ԵՄ և առանձին առևտրային գործընկերների միջև: Սակայն երկկողմանի կատարվող և բազմակողմանի մակարդակի վրա իրականացվող երևույթները խթանում են իրար: ԵՄ երկկողմանի համաձայնագրերը անհատ առևտրային գործընկերների կամ երկրների տարածաշրջանային խմբերի հետ հաճախ կոչված են ծառայել բազմակողմանի բանակցությունների ընթացքում սահմանված նպատակների ձեռքբերմանը:
Արդյունաբերական ապրանքների ԵՄ մաքսատուրքերի մեծամասնությունը, որոնք ամենացածրն են աշխարհում, վերացան 2004թ.` միջազգային առևտրի 1994թ. Ուրուգվայի փուլի ընթացքում ստանձնած պարտավորությունների համաձայն:
ԵՄ ներմուծումների մեծ մասն արդեն ազատված է մաքսատուրքերից կամ ներմուծվում է երկկողմանի համաձայնագրերով սահմանված արտոնյալ պայմաններով կամ ԵՄ արտոնությունների գլխավոր համակարգի ռեժիմի ներքո: Օրինակ, Կենտրոնական կամ Արևելյան Եվրոպայի երկրներից, որոնց հետ ԵՄ-ն ունի երկկողմանի համաձայնագրեր,ներմուծվող պողպատե արտադրանքի 50%-ը ներմուծվում է ԵՄ առանց մաքսատուրքերի վճարման[6]:
ԱՀԿ նախարարական կոնֆերանսի վեցերորդ նիստը կայացավ 2005թ. դեկտեUբերի 13–18-ը Հոնգ Կոնգում: Կոնֆերանսի փակմանը հրապարակվեց Նախարարական դեկլարացիան, որը սկսվում էր հետևյալ չորս հայտարարություններով` «Մենք վերահաստատում ենք Դոհայում ընդունված դեկլարացիաները և որոշումները, ինչպես նաև 2004թ. օգոստոսի 1-ին Գլխավոր խորհրդի կողմից ընդունված որոշումը, և մեր պատրաստակամությունը վերջիններիս իրականացման համար: Մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը լիովին ավարտել Դոհայի աշխատանքային ծրագրի շրջանակներում գործողությունները և 2006թ. հաջող ավարտել Դոհայում սկսված բանակցությունները»:
Դեկլարացիան միտված էր բևեռել ԱՀԿ անդամների ուշադրությունը «Դոհայի աշխատանքային ծրագրի բոլոր կողմերի զարգացման կտրվածքին», ներառյալ շուկաների մատչելիության և առևտրի կանոնների և զարգացմանը առնչվող այլ միջոցառումների շուրջ բանակցությունները:
Դեկլարացիան պարունակում էր հատուկ խնդիրների վերաբերյալ մի շարք համաձայնություններ, որոնց պարտադիր բնույթը ակնհայտ չէր: Ամենակարևորը վերաբերում էր արտահանումների սուբսիդավորմանը և հարակից միջոցառումներին:
Դեկլարացիայի վեցերորդ պարբերությունը փաստում է. «Մենք համաձայնում ենք զուգահեռաբար ապահովել բոլոր ներմուծումների համար բոլոր տեսակի ներմուծման սուբսիդիաները և դիսցիպլինները, ինչը պետք է ավարտվի 2013թ. վերջին: Սա կիրականացվի պրոգրեսիվ և զուգահեռ կերպով, ինչը կճշտվի պայմանները հաշվի առնելով, այնպես որ միջոցառումների մեծ մասը պետք է իրականացվի մինչև իրականացման ժամանակաշրջանի առաջին կեսի վերջը»:
Առևտուրը օգնեց ԵՄ-ին սերտ կապեր հաստատել իր անմիջական հարևանների հետ: Առաջին հերթին Միությունը ինտենսիվացրեց առևտուրը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի թեկնածու երկրների հետ, որոնք պետք է միանային Միությանը: Այս երկրների հետ համաձայնագրերը, որոնք հայտնի են որպես «Եվրոպայի համաձայնագրեր», միտված էին ստեղծել դրանց և ԵՄ-ի միջև ազատ առևտրի տարածք մինչև դրանց անդամակցությունը:
Այս համաձայնագրերի շնորհիվ այս երկրներից արտահանումների մասնաբաժինը դեպի ԵՄ ավելացավ: Համաձայնագրերը վերաբերում են նաև առևտրի և ներդրումների համար ծառայությունների, վճարումների և կապիտալի ազատ տեղաշարժին: Ի հավելումն, այս երկրները պետք է համապատասխանեցնեին իրենց ազգային առևտրային օրենսդրությունը ԵՄ օրենքին[7]:
Բալկանյան երկրների համար, որոնք կարող են անդամակցել ԵՄ-ին, առևտուրը վերականգնման միջոց է: ԵՄ-ն հանեց այս երկրներից ներմուծվող ապրանքների 95%-ի մաքսավճարները` նպատակ ունենալով խթանել վերջիններիս տնտեսական վերականգնումը և նպաստել Արևմտյան Եվրոպայի հետ առևտրական կապերի ամրապնդմանը:
Միաժամանակ, ԵՄ-ն մտադիր է թեկնածու երկրների հետ ստորագրված համաձայնագրերի նմանակով այս երկրների հետ կնքել «Կայունացման և միացման պայմանագրեր»: Համաձայնագրեր են ստորագրվել Խորվաթիայի և Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիայի Հանրապետություն հետ:
ԵՄ-ն վարում է նաև Միջերկրական տարածաշրջանի իր հարևանների հետ հարաբերությունների կառուցման տարածաշրջանային ռազմավարություն: 1995թ. սկսվեց այսպես կոչված «Բարսելոնի գործընթացը»: Սա նպատակ ունի մինչև 2010թ. երկկողմանի և տարածաշրջանային համաձայնագրերի միջոցով ստեղծել Եվրո-Միջերկրածովյան ազատ առևտրի տարածք:
ԵՄ առևտրային քաղաքականությունը սերտորեն փոխկապակցված է իր զարգացման քաղաքականության հետ: Արտոնությունների ընդհանրացված համակարգի շրջանակներում զարգացող երկրների և անցում ային տնտեսություններից ներմուծումների մեծամասնության համար Միությունը սահմանեց վճարներից ազատ կամ նվազեցված վճարների ռեժիմ: Ավելին, 49 ամենաաղքատ երկրների բոլոր ներմուծումների համար, բացա ռությամբ զենքի, 2001թ. սկսված ծրագրի շրջանակներում սահմանվեց վճարներից ազատված մուտք ԵՄ շուկա:
Եվրամիությունը ինքին զուտ տնտեսական առաձնային հիմքով գործող կառույց է, որը սերտ առևտրայի կապեր ունի այլ երկրների հետ, ինչն էլ մարմնավորվում է իր առևտրային քաղաքականության մեջ: Համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրելու նպատակով` Աֆրիկա-Կարիբյան-Խաղաղօվկիանոսյան իր 78 գործընկեր երկրների խմբի համար ԵՄ-ն մշակեց առևտրի և զարգացման նոր ռազմավարություն: Միությունը ունի առևտրային համաձայնագիր Հարավային Աֆրիկայի հետ, որը կհանգեցնի երկու կողմերի միջև ազատ առևտրի իրականացման, և բանակցություններ են ընթանում ազատ առևտրի ռեժիմի վերաբերյալ Գոլֆի համագործակցության խորհրդի վեց անդամների հետ. Բահրեյն, Քուվեյթ, Քաթար, Սաուդյան Արաբիա և Արաբական Միացյալ Էմիրություններ:
ԵՄ-ն առևտրային և ասոցիացիոն համաձայնագրեր ունի Լատինական Ամերիկայի երկրներից Մեքսիկայի և Չիլիի հետ և բանակցություններ է վարում առևտրի ազատականացման վերաբերյալ Արգենտինայի, Բրազիլիայի, Պարագվայի և Ուրուգվայի հետ: Սակայն Միությունը չունի հատուկ առևտրային համաձայնագրեր զարգացած երկրների շրջանակից իր հիմնական առևտրային գործընկերների հետ, ինչպիսիք են Միացյալ Նահանգները և Ճապոնիան: Առևտուրը կարգավորվում է ԱՀԿ մեխանիզմներով, սակայն առանձին ոլորտներում ԵՄ-ն ունի μազմաթիվ համաձայնագրեր այս երկու երկրների հետ: Հաշվի առնելով երկկողմանի առևտրի ծավալները (ԱՄՆ-ը սպառում է ԵՄ արտահանումների 24%-ը, և ԵՄ-ն սպառում է ԱՄՆ արտահանումների 18%-ը), բնական է, որ ժամանակ առ ժամանակ երկուսի միջև վեճեր են ծագում: Դրանցից մի քանիսը լուծվում են երկկողմանի, մյուսները՝ ԱՀԿ վեճերի կարգավորման մարմնի միջոցով: Չնայած որ այս վեճերը լայն արձագանք են ստանում, նրանք կազմում են տրանսատլանտյան առևտրի 2%-ից պակաս ցուցանիշը:
[1] Արտահանումների մասին տե՛ս https://www.cia.gov/library/publications/the-world-factbook/fields/2078.html#ee
[2] Ներմուծումների մասին տե՛ս
[3] http://mfa.am/hy/country-by-country/eu/
[4] Եվրոպական Միության համապարփակ նկարագիր, Երևան, 2006, էջ 174:
[5] ԱՀԿ-իկ մասին տե՛ս http://www.wto.org/
[6] Եվրոպական Միության համապարփակ նկարագիր, Երևան, 2006, էջ 175-176:
[7] Նույն տեղում էջ 177-179: