Carthago delenda est. աշխարհաքաղաքականությունը վեր է նախագահից. Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացվում են
Հունիսի 14-ին ԱՄՆ Սենատը երկու որոշում ընդունեց.
- Հնարավորութուն տալ Կոնգրեսի արգելափակելու նախագահի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեղմացնելու փորձերը,
- Խստացնել Մոսկվայի դեմ պատժամիջոցները՝ ի պատասխան 2016 թ. ամերիկյան ընտրություններին միջամտելու համար:
Այս օրինագծին կողմ են արտահայտվել 96 սենատոր, միայն 2-ն են դեմ եղել (Հանրապետականներ կուսակցությունից), հիշեցնենք, որ այժմ Սենատի 100 տեղերից 52-ը Հանրապետական են, 46-ը՝ Դեմոկրատ, 2-ը՝ անկախ:
Ստացվում է, որ ամերիկյան Կոնգրեսի վերին պալատը ոչ միայն քննադատում է նախագահ Դոնալդ Թրամփի ռուսամետ քաղաքականությունը, այլև նրա լեգիտիմության հարցն է կասկածի դնում, ինչին համամիտ են նաև նախագահի կուսակցության ներկայացուցիչները:
Չորեքշաբթի օրը պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կոչ էր արել օրենսդիրներին չընդունել նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ՝ համարելով, որ դա կխոչընդոտի ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավման փորձերին: Ըստ երևույթին Թիլերսոնն ազդակ էր տալիս այն մասին, որ նախագահի վարչակազմը դեմ է արտահայտվելու պատժամիջոցների նոր փաթեթին, որոնք կարող են ընդունվել Սենատում այս շաբաթվա ընթացքում:
Կոնգրեսի կողմից օրինագծի ընդունման դեպքում ԱՄՆ խորհրդարանը հնարավորություն կունենա ոչ միայն արգելափակել նախագահի կողմից պատժամիջոցների չեղարկման բոլոր փորձերը, եթե չկա օրենսդիրի համաձայնությունը, ավելին՝ Կրեմլի հանդեպ նոր պատժամիջոցներ կգործադրվեն, որի համար հիմք է հանդիսանում Սիրիայում նախագահ Բաշար Ասադի ռեժիմին ռուսական աջակցությունը և ԱՄՆ նախագահական ընտրություններում միջամտությունները:
Նոր պատժամիջոցները առնչվում են տարբեր ոլորտների (հետախուզություն, պաշտպանություն, էներգետիկա, մետալուրգիա, լեռնահանքային արդյունաբերություն և երկաթուղային ոլորտ): Արդեն իսկ գործող պատժամիջոցները Ռուսաստանին տնտեսության ծանր հարված են հասցրել, իսկ նոր սահմանափակումները կարող են քաղաքական վերափոխումների ազդակ դառնալ:
Ստացվում է, որ Թրամփի ընտրության ռուսական խանդավառությունն իր հիմքում արդյունավետություն չունի, իսկ ԱՄՆ նախագահը չի կարող միանձնյա որոշել երկրի արտաքին քաղաքականության առանցքային հարցերը: Եթե Թրամփը այնուամենայնիվ Կրեմլի հետ մերձեցման քայլեր ձեռնարկի, դա արդեն նրա իմպիչմենտի հարցը կմտի օրակարգ, նման պայմաններում Սպիտակ տան ղեկավարի ձեռքերը կապված են:
Այս զարգացումները հիմնավորում են այն ենթադրությունը, որ ամերիկյան վարչակազմը չի կարող վեր լինել աշխարհաքաղաքական շահերից: Դասական աշխարհաքաղաքականության դուալիզմը՝ ցամաքի – ծով (այն է, թե Ռուսաստան – ԱՄՆ) հակամարտությունը չի լուծվում կոմպրոմիսային տարբերակով: Որքան էլ թուլացած լինի հակառակորդը (ԽՍՀՄ փլուզման արդյունքում), միևնույն է Սենատում միշտ էլ կհնչեն գործողությունների դիմելու «Carthago delenda est» («Կարթագենը պետք է կործանվի») կոչերը: