Աղդամը Լաչինի միջանցքի այլընտրանքը չէ. Բորել
ԵՄ-ն խորապես մտահոգված է ԼՂ բնակչության վրա ազդող հումանիտար լուրջ իրավիճակով: Այս մասին ասված է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ:
«Լաչինի միջանցքով երթևեկությունը ավելի քան յոթ ամիս է` դժվարացել է` չնայած Միջազգային դատարանի` այն կրկին բացելու վճռին:
«Բժշկական պարագաներն ու առաջին անհրաժեշտության ապրանքները բավարար չեն կամ արդեն սպառվել են, ինչը սարսափելի հետևանքներ կունենա տեղի բնակչության համար: Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են անհապաղ երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով և թույլ չտալ ճգնաժամի հետագա սրացում», — ընդգծում է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն՝ շարունակելով.
«Մենք ի գիտություն ենք ընդունել Ադրբեջանի իշխանությունների հայտնած պատրաստակամությունը՝ ապրանքներ մատակարարել նաև Աղդամ քաղաքով։ Սա չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի վերաբացման այլընտրանք»։
ԵՄ-ն նաև նշում է, որ տարածաշրջանում ԿԽՄԿ գործունեությունը լրջորեն տուժել է, և կոչ է անում ամբողջապես վերականգնել այն` ներառյալ բժշկական տարհանումն ու հումանիտար օգնության մատակարարումը: ԵՄ-ն ընդգծում է, որ հումանիտար հասանելիությունը որևէ սուբյեկտի կողմից չպետք է քաղաքականացվի»,- ասված է հայտարարության մեջ: