«Ավտոմոբիլային ահաբեկչության» անլուծելի դիլեման, հակաահաբեկչության սպառնալիքներն ու հայության դիրքորոշման խնդիրը
ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԳՈՐԾԻՔԸ.
21-րդ դարում, երբ պետական ու վերպետական վերահսկողությունը համատարած բնույթ է ստանում, ահաբեկչական գործողությունների իրականացումն ավելի ու ավելի խրթին է դառնում: Արդյունքում պոտենցյալ տեռորիստները նոր մարտավարություն են որդեգրում:
Եթե նախկինում ահաբեկիչներն ավտոմեքենաներն օգտագործում էին պայթուցիկ նյութերը թիրախային տեղանք հասցնելու համար, ապա այժմ հենց մեքենան է դարձել ահաբեկչության գործիք: Այսինքն աշխարհի ավելին քան մեկ մլրդ մեքենաներից յուրաքանչյուրը կարող է «գաղափարախոսության հետևորդ կամ ուղեղը լվացված ֆանատիկների» համար այլոց կյանքը խլելու միջոց դառնալ:
Ներկայացնում ենք վերջին մեկ տարվա ընթացքում ավոտմեքենայի կիրառությամբ առավել լայնամասշտաբ ահաբեկչական դեպքերը.
Ամսաթիվը | Ահաբեկչության վայրը | Ահաբեկչության միջոցը | Զոհերի թիվը | Վիրավորների թիվը |
2016 թ. հուլիսի 14 | Նիցցա (Ֆրանսիա) |
բեռնատար | 86 | 308 |
2016 թ. դեկտ. 19 | Բեռլին (Գերմանիա) |
բեռնատար | 11 | 56 |
2017 թ. հունվարի 8 | Երուսաղեմ (Իսրայել) |
բեռնատար | 4 | 17 |
2017 թ. մարտի 22 | Լոնդոն (Մեծ Բրիտանիա) |
մարդատար մեքենա | 5 | 50 |
2017 թ. ապրիլի 7 | Ստոկհոլմ (Շվեդիա) |
բեռնատար | 5 | 14 |
2017 թ. հունիսի 3 | Լոնդոն (Մեծ Բրիտանիա) |
միկրոավտոբուս | 8 | 48 |
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՆԼՈՒԾԵԼԻ ԽՆԴԻՐԸ.
Ավտոմոբիլային ահաբեկչությունների այս ոչ ամբողջական ցանկը հստակ ենթադրության տեղիք է տալիս, որ աշխարհի ցանկացած երկրում որևէ մեկը ապահովագրված չէ նմանատիպ ահաբեկչական գործողություններից:
Իսկ ինչպե՞ս կարգավորել անվտանգության խնդիրը: Հասկանալի է, որ պետական իշխանություններին անհրաժեշտ է վերահսկողության ավելի գործուն մեխանիզմներ, սակայն դա արդեն քաղաքացիների անձնական ազատությունը սահմանափակելու միջոց է դառնում:
ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՏԱՆԳԸ.
Նման անլուծելի երկընտրանքի պայմաններում սովորական քաղաքացիներն իրենց տարբերակն են առաջարկում՝ «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքով: Քանի որ նշված ահաբեկչական գործողությունները ասոցացվում են ամբողջությամբ արմատական իսլամի հետ, ուրեմն մահմեդական հավատացյալներն էլ դառնում են «հակաահաբեկիչների վրեժի» զոհը:
Այսպես՝ հունիսի 19-ին հյուսիսային Լոնդոնի կենտրոնական մզկիթի հարևանությամբ ավտոմեքենայով վրաերթ ձեռնարկվեց մահմեդականների դեմ, արդյունքում մեկ մարդ մահացավ և մոտ տասը վնասվածքներ ստացան: Սկզբունքորն սա ահաբեկչությունն էր, որի նպատակն էր կանխարգելել ահաբեկչությունները, ինչն «մեղսավորության փակ շրջան» է ենթադրում, որի արդյունքները կասկածելի են:
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՈՖԱՇԻԶՄԻ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ.
Մեկնաբանելով այս ահաբեկչությունը՝ «Իսլամական համագործակցության կազմակերպությունը» հայտարարեց, որ դա Եվրոպայում իսլամաֆոբիայի աճի արտացոլանքն է: Այս հայտարարությունն իր մեջ լուրջ հիմքեր ունի. իսլամիստ-արմատականների կողմից ձեռնարկվող ահաբեկչական գործողությունները մահմեդականների հանդեպ ատելության նախադրյալներ են, որոնք կարող են վերածվել նեոֆաշիստական—հակաիսլամական շարժումների, ինչը Եվրոպայում լուրջ ցնցումների առիթ կհանդիսանա:
Այժմ Եվրոպայի բնակչության 6 տոկոսը կազմում են մահմեդականները (այդ թվում Ֆրանսիայում՝ 7,5 տոկոս, Գերմանիայում՝ 5,8 տոկոս, Մեծ Բրիտանիայում՝ 4,8 տոկոս, Իտալիայում՝ 3,7 տոկոս, Արևելյան Եվրոպայի երկրներում շատ ավելի աննշան թիվ են կազմում), կանխատեսումներով արդեն 2030 թվականին մահմեդականների թիվը եվրոպական երկրներում կհասնի 8 տոկոսը:
Ինչի՞ կարող է հանգեցնել մահմեդականների թվի աճը: Թվում է, թե հանդուրժողականության և էթնոմշակութային բազմազանության գաղափարներով առաջնորդվող Եվրոպայում մահմեդականության տարածման համար պետք է, որ խոչընդոտներ չլինեին, սակայն «Եվրաբիայի» (Եվրոպա — Արաբիա) ահագնացող վտանգը ծայրահեղ աջ էքստրիմիզմի աճ է կանխատեսում, որը կարող է հանգեցնել կրոնական նույնականության հիմքով քաղաքակրթական լատենտ բախման:
ՀԱՅՈՒԹՅԱՆ ԴԻՐՔԱՎՈՐՈՒՄԸ.
Նման պայմաններում Հայաստանի ու հայության շահերից է բխում պահպանել չեզոք դիրքորոշումը ու հանդես գալ միայն խաղաղարար դիրքերից:
Մինչդեռ 2017 թվականի հունիսի 17-ին Փարիզում արձանագրված դեպքը, երբ հայազգի տղամարդը փորձել էր վրաերթի ենթարկել մզկիթի դիմաց հավաքված անձանց, դատապարտելի է ու միայն վնաս է հասցնում մեր ժողովրդի ազգային շահերին:
Հայկական սփյուռքը զգալի թիվ է կազմում և՛ մահմեդական, և՛ եվրոպական երկրներում ու մեզ համար այդ կենտրոնների առճակատման դեպքում որևէ կողմի հետ ասոցացվելը բացարձակապես ցանկալի չէ:
Մյուս կողմից «մահմեդական մահիկի» աքցանում գտնվող Հայաստանի ու Արցախի համար հակաիսլամիստական անհանդուրժողականության ցանկացած դրսևորում վտանագավոր ենթատեքստ է պարունակում: Բնավ բացառված չէ, որ նման դեպքերը կփորձի օգտագործել Ադրբեջանը մեր երկիրը իսլամիստական պետությունների ու դրանց հովանավորյալների թիրախ դարձնելու համար, սա վտանգ է, որի հետ պետք է հաշվի նստել: