Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցը
Այսօր Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցն է։ Նախորդ դարասկիզբը աշխարհակարգի փոփոխությունների շրջափուլ էր, որի ընթացքում տեղի էր ունենում Առաջին Համաշխարհային պատերազմը։ Այս իրողությունների պայմաններում, երբ միազգային լուրջ դերակատարների ուշադրությունը սևեռված էր սեփական խնդիրների լուծմանը, Օսմանյան Կայսրության երիտթուրքական կառավարությունը իրականացրեց հայերի ցեղասպանություն, որին զոհ գնաց 1․5 միլիոն մարդ։ Սա առաջին ցեղասպանությունն է մարդկության ողջ պատմության ընթացքում։ Հայերը նաև ենթարկվեցին բռնի տեղահանության իրենց իսկ հայրենիքից։
Մեկ դարից ավելի է անցել այս ահասարսուռ դեպքերից, և բազմաթիվ երկրներ իշխանության տարբեր օղակների մակարդակով ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։ Այստեղ կարևոր հարց է առաջանում․ արդյո՞ք սա բավական է, որպեսզի ներկայումս բացառվի նման դեպքերի կրկնությունը։ Այսօր, երբ ներկայիս աշխարհակարգը փոխակերպվում է և ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գտնվում է լիակատար շրջափակման մեջ և մեծ վտանգ կա, որ կենթարկվի էթնիկ զտման կամ բռնի տեղահանության իր իսկ հայրենիքից։ ՀՀ-ի սահմանին էլ տարբեր մասշտաբների ագրեսիա և օկուպացիա է տեղի ունենում։ Այս ամենի պատճառով զոհվում են և՛ զինվորական, և՛ քաղաքացիական անձինք։ Հետևաբար, անհրաժեշտ է միջազգայնորեն ճանաչում, դատապարտում և պատասխանատվության կանչում, որպեսզի բացառվի նման գործողությունների կրկնությունը։ Միջազգային կարևոր դերակատարները չպետք է կրկնեն նախորդ դարասկզբի սխալները, երբ նրանց ոչ բավարար գործողությունների և արձագանքի պայմաններում նման ոճրագործություն տեղի ունեցավ
Վերջում մեկ կարևոր բան․ ցեղասպանության տարիներին մենք չունեինք պետականություն, սակայն այսօր ունենք։ Հզոր և ինքնիշխան Հայաստանն է առաջնահերթ գրավականը, որ հայ ժողովուրդը այլևս երբեք իր հայրենիքում նման կտտանքների չի ենթարկվի։
Հեղինակ՝ Արամ Մելքոնյան